Հայաստանում անպտղության ցուցանիշը կազմում է 17%

0
158

Հայաստանում անպտղության ընդհանուր գործակիցը մոտ 17% է, որից առաջնային անպտղությունը՝ 5% է, իսկ երկրորդայինը՝ 12%։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ Նա նաեւ հավելեց, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, 15%-ից բարձր անպտղությունը արդեն ճգնաժամային ցուցանիշ է համարվում։

Հայաստանում անպտղության ցուցանիշներն ամենաբարձրը Երեւանում, Արմավիրում, Շիրակում եւ Գեղարքունիքում են։ Ինչու՞ է անպտղությունը տարածված հենց այս շրջաններում։ Այս հարցը դեռ չունի հստակ պատասխան, եւ այն պարզելու համար նոր հետազոտություններ են հարկավոր, համարում  է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը։

Համեմատության համար աշխարհում առաջնային անպտղությունը 1.9% է կազմում (Հայաստանի ցուցանիշից ավելի քան երկու անգամ ցածր), իսկ երկրորդայինը՝ 10.5% (կրկին Հայաստանի ցուցանիշից ցածր)։

Այս տվյալները, ինչպես նշեց Գարիկ Հայրապետյանը, ստացվել են Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից կատարված վերջին հետազոտության ժամանակ։ Նմանատիպ հետազոտությունները սովորաբար կատարվում են 20 տարին մեկ եւ կոչված են գնահատել անպտղության ցուցանիշները ողջ աշխարհում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 20 տարիների ընթացքում աբողջ աշխարհում անպտղության իրավիճակը գրեթե չի փոխվել, բացի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, որտեղ երկրորդային անպտղությամբ տառապող մարդկանց թիվը նկատելիորեն աճել է։

«Տարածաշրջանում 20 տարի առաջվա տվյալների հետ համեմատ մոտ 2.7% ավելացել է անպտղությունը։ Եթե 90-ական թվականներին անպտղությունը կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրներում կազմում էր 16.3%, ապա վերջին հետազոտության համաձայն այն 18% է կազմում», – ասաց Գարիկ Հայրապետյանը։

Իսկ ինչպիսի՞ն են անպտղության ցուցանիշները այլ երկրներում։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում, օրինակ, այդ ցուցանիշները բավական ցածր են. առաջնային անպտղությունը 1.9% է, իսկ երկրորդայինը՝ ընդամենը 3.2%։ Վրաստանի վերաբերյալ, ինչպես նշեց Գարիկ Հայրապետյանը, վստահելի տվյալներ չկան, որովհետեւ վերջին 20 տարիների ընթացքում այնտեղ նմանատիպ հետազոտություն չի կատարվել։ Իսկ ինչ վերաբերվում է հարեւան Ադրբեջանին, այնտեղ մոտ 400 000 մարդ տառապում է անպտղությամբ եւ չի կարող երեխա ունենալ։

NEWS.am Medicine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here