Ցեղասպանութիւն Եւ Տարհանում. Հայ Երեխաների Տարհանումն Օսմանեան Թուրքիայից 1914-1922թթ.

0
149

1914-1922թթ. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով շուրջ 500,000 հայ երեխաներ սպանուեցին (ողջակիզուեցին, թունաւորուեցին, խեղդամահ արուեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիւանդութիւններից: Ցեղասպանութիւնը վերապրած շատ երեխաներ՝ որբացան, բռնի իսլամացուեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու եւ կայսրութեան տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրին հայկական միութիւնները, եկեղեցական կառոյցները, օտարերկրեայ նպաստամատոյց կազմակերպութիւնները (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միութիւն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միութիւն եւ այլն), ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):
Մահուան վտանգի առջեւ յայտնուած որբերի տարհանումն ապահովելու էր երեխաների յետագայ ֆիզիքական անվտանգութեան, կեցութեան եւ ազգային դաստիարակութեան հարցը: Ըստ էութեան տարհանւում էին այն որբերը, որոնց Ցեղասպանութեան տարիներին հաւաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղւում էին մուրացկանութեամբ, մահմեդական ընտանիքներից եւ թուրքական պետական որբանոցներից: Տարհանուեցին նաեւ ռազմական գործողութիւնների գօտում յայտնուած հայ երեխաները, որոնց էվակուացիան իրականացուեց ռուս եւ անգլիացի զինուորականների կողմից:
Ցեղասպանութեան տարիներին հայ երեխաների առաջին լայնածաւալ տարհանումն իրականացուեց Մուսա Լերան հերոսամարտի ժամանակ: 1915թ.ի գարնանը երիտթուրքական կառավարութիւնը սկսում է Արեւմտեան Հայաստանի եւ կայսրութեան միւս շրջանների հայ բնակչութեան տեղահանութիւնն ու բնաջնջումը: Յուլիսի 30ին նաեւ Միջերկրականի առափնեայ շրջանի՝ Սուեդիայի (Հալէպի նահանգ, Անտիոքի գաւառ) վեց հայկական գիւղերի աւելի քան 6000 բնակչութեանը գաղթի հրաման է տրւում: Հրամանին է ենթարկւում բնակչութեան մի փոքր մասը, մնացածը՝ մօտ 5000 սուետիահայեր բարձրանալով Մուսա Լեռը՝ դիմում են ինքնապաշտպանութեան, որը տեւում է 53 օր: Ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ՛Արկ» նաւերը օգնութեան են հասնում եւ Սեպտեմբերի 13-15ը 4058 հոգու Մուսա Լեռից էվակուացնում Եգիպտոսի Պորտ-Սաիդ նաւահանգիստ: Մի քանի երեխաներ ծնուեցին ֆրանսիական նաւերի վրայ, որոնց անուանակոչեցին խորհրդանշական անուններով՝ Գիշեն, Ազատուհի եւ այլն:
Մուսա Լեռից Պորտ Սաիդ տարհանուածներից 1563ը երեխաներ էին:
Այս ընթացքում հայ երեխաների տարհանման գործողութիւններ իրականացուեցին Խնուսում, Վանում, Բաղէշում եւ այլ վայրերում:
Փոքր Ասիայում քեմալական (ազգայնական) շարժման ծաւալմանը զուգընթաց՝ 1921-22թթ. Օսմանեան կայսրութեան որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար վտանգաւոր իրավիճակ է ստեղծւում: Այն աւելի է սրւում Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործուած հայկական կոտորածներից յետոյ, որի հետեւանքով հազարաւոր կիլիկիահայեր Այնթապից, Մարաշից, Հաճընից, Մերսինից եւ այլ վայրերից ստիպուած են լինում լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգուածային գաղթի ընթացքում, շուրջ 7500 հայ որբ Կիլիկիայից տարհանւում է Հալէպ, Բէյրութ, Դամասկոս եւ Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը յայտնւում է Ազգային խնամատարութեան եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան խնամակալութեան տակ:
Հայ երեխաների տարհանման դրուագներից է նաեւ 1921թ. Դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման աւանի հայկական գաղթակայանից 816 հայ որբի նաւով փոխադրումը Երուսաղէմ, որտեղ նրանց դիմաւորում են Երուսաղէմի Հայոց պատրիարք Եղիշէ արքեպիսկոպոս Դուրեանը, ազգային գործիչներ եւ մեծ թուով տեղացի հայեր:
1915-23թթ. երիտթուրքերի եւ քեմալականների կողմից իրագործուած հայկական կոտորածների հետեւանքով որբացած հազարաւոր հայ երեխաներ յայտնուեցին ֆիզիքական ոչնչացման վտանգի տակ՝ Օսմանեան կայսրութեան ողջ տարածքով մէկ: Այս մտահոգութեամբ պայմանաւորուած՝ 1922թ. Փետրուարի 7ին Հալէպում կայանում է Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակիցների եւ Կիլիկիոյ Սահակ Բ. կաթողիկիոսի կողմից լիազօրուած հայկական պատուիրակութեան ժողովը՝ առաջնորդական փոխանորդ Յարութիւն քահանայ Եսայեանի նախագահութեամբ: Ժողովը որոշում է Թուրքիայի հարաւային եւ հարաւ-արեւելեան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա եւ Լիբանան, իսկ հիւսիսային եւ հիւսիս-արեւմտեան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Յունաստան եւ Կովկաս: Թուրքիայի ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպէս նաեւ հիւսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնեայ որբերը՝ հայ եւ յոյն ծնողազուրկ երեխաները, Ամերիկեան նպաստամատոյցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրւում են Կ. Պոլիս, իսկ այնտեղից՝ նաւով Յունաստան եւ տեղաբաշխւում 13 որբանոցներում: Քայքայուող Օսմանեան կայսրութեան միւս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխւում են Ռումինիա եւ Բուլղարիա, իսկ Իզմիրից եւ Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Յունաստան:

Թուրքիայի հարաւային եւ հարաւ-արեւելեան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից եւ Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանատուներ նշանակուեցին Եակոբ Կիւնցլերը եւ նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922թ.ից աշխատում էին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի Ուրֆայի մասնաճիւղում եւ զբաղւում այդ կազմակերպութեան կողմից հաւաքուած հայ որբերի խնամքով: Նրանց թեկնածութեան ընտրութիւնը պայմանաւորուած էր վերջիններիս՝ տարածքի եւ թուրքերէնի փայլուն իմացութեամբ: 1922թ. Ապրիլին Խարբերդից եւ յարակից շրջաններից Կիւնցլերը կազմակերպում է համաշխարհային պատմութեան մէջ որբերի ամենաստուար՝ շուրջ 5000 երեխաների աննախադէպ տարհանման գործողութիւնը: Ըստ Եա. Կիւնցլերի կազմած վիճակագրութեան՝ ընդհանուր առմամբ Թուրքիայի հարաւային եւ հարաւ-արեւելեան բնակավայրերից տարբեր խմբերով իր կողմից տարհանւում է շուրջ 8000 հայ երեխայ, որոնք տեղաբաշխւում են Սիրիայի եւ Լիբանանի որբանոցներում:

1922թ. Սեպտեմբերին՝ Զմիւռնիայի աղէտի ժամանակ, շուրջ 5000 յոյն եւ հայ որբեր տարհանւում են քեմալականների կողմից հրդեհի մատնուած քաղաքից՝ Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով, որոնց ամերիկեան ռազմանաւերով տեղափոխում են Յունաստան:
Տարհանման այս գործողութիւնների արդիւնքում երիտթուրքերի ու քեմալականների ցեղասպանական գործողութիւններից փրկուեցին հազարաւոր հայ որբեր:
Ըստ Ջ. Բարտոնի տուեալների՝ 1922-23թթ.՝ Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի գործուն աշխատանքների շնորհիւ, մօտաւոր հաշուարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան եւ Յունաստան էվակուացուեցին մօտ 30,000 հայ եւ յոյն որբ, որից 12,000 հայ երեխայ՝ կայսրութեան միայն հարաւային, հարաւ-արեւելեան շրջաններից:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here