Լիբանանը՝ նոր խարիզմատիկ նախագահի որոնումներում. Վարդան Օսկանյան

0
167

«Ալ Ջազիրան» հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հերթական հոդվածը, որը վերնագրված է  «Լիբանանը՝ նոր խարիզմատիկ նախագահի որոնումներում»: Օսկանյանը Լիբանանից նոր է վերադարձել և գրում է այդ երկրում առկա լարվածության մասին:

2004թ. ապրիլին Լիբանանի՝ արդեն հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրին այցելել էր Հայաստան։ Այդ ժամանակ ևս Լիբանանը նախագահական ընտրությունների բոհում էր։ Սիրիան ցանկանում էր երկարացնել նախագահ Էմիլ Լահուդի նախագահական ժամկետը, որը սահմանադրական մանդատը չէր նախատեսում, և Հարիրին՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ միասին, խիստ դեմ էր դրան։ ՄԱԿ-ը անգամ բանաձև ընդունեց՝ ընդդեմ նախագահական ժամկետի երկարացման։ Մասնավոր նախաճաշի ընթացքում ես նրան հարցրի, թե որքանով է դա հավանական։ Նրա պատասխանը դժվար է մոռանալ. «Միայն իմ դիակի վրայով»։ Լահուդի նախագահական ժամկետը երկարացվեց, վեց ամիս անց Հարիրին հրաժարական տվեց և մեկ տարի անց՝ ապրիլին, սպանվեց։

Ես մեկ շաբաթ Լիբանանում էի և նոր եմ վերադարձել։ Ընթանալով Լիբանանի լեռների միջով կամ քայլելով Բեյրութի փողոցներում՝ անխուսափելիորեն երկու կարծես թե հակասական հարց է ծագում։ Առաջին՝ ինչո՞ւ այս վայրը դեռ չի բռնկվել կրակով։ Երկրորդ՝ այս խոշոր ներդրողներն ինչի՞ վրա են հույսը դնում, և ինչի՞ վրա է հիմնված նրանց վստահությունը։

Այդուհանդերձ, հենց այս հակասությունն է Լիբանանի փխրուն կայունության աղբյուրը։ Ներկայիս քաղաքական և տնեսական ստատուս քվոյի պահապանը կարծես այն տեսակետն է, որ քաղաքականապես սա «չափազանց խճճված է գլուխ հանելու համար» և տնտեսապես՝ «չափազանց շատ է ներդրվել, որ ոչնչացվի»:

Լիբանանն այսօր նախագահական ընտրությունների բոհում է։ Նախագահ Միշել Սուլեյմանի վեցամյա միակ ժամկետն ավարտվում է մայիսի 25-ին։ Մինչ այդ խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահ, եթե լիբանանցիները ցանկանում են խուսափել իրենց քաջածանոթ քաղաքական վակուումից, որից սարսափում են։ Փոխզիջումային թեկնածու դեռևս չկա։

Լիբանանյան քաղաքականությունում նախագահ ընտրելն ամենահեշտ գործը չէ։ Պահանջվող խորհրդարանական երկու երրորդը պարտադրում է, որ հիմնական քաղաքական մրցակիցները համաձայնության գան թեկնածուի շուրջ։

Ուստի Մարտի 14-ի դաշինքը, որում գերիշխող է Սաադ Հարիրիի Ապագայի շարժումը, և Մարտի 8-ի դաշինքը, որը ներառում է «Հեզբոլլահի» Հասան Նասրալահին ու Միշել Աունի Ազատ հայրենասիրական շարժումը, վիճում են՝ միաժամանակ ձգտելով իրենց դաշնակիցների համաձայնությանը։ Առաջինների համար այդ դաշնակիցներն են Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, հնարավոր է՝ նաև Թուրքիան: Երկրորդների համար դաշնակից են Իրանը, Սիրիան, հնարավոր է՝ նաև Ռուսաստանը։

Նախագահի աթոռը

Հաշվի առնելով հարաբերությունների այս նուրբ ամբողջությունը՝ կարևոր է այն, թե ով է նախագահի աթոռի հավակնորդը: Լիբանանյան քաղաքականությունում ամեն ինչ կոպիտ է, դաժան, անողոք և անսանձ: Հաճախ վեճերը, տարաձայնություններն ու մրցակցությունը լուծում են ստանում պայթյունների և նպատակային սպանությունների միջոցով: Բացի այդ՝ լիբանանյան քաղաքականությունը կուսակցությունների քաղաքականություն չէ: Այն գաղափարների և տեսլականների պայքար էլ չէ: Այն միջդավանական և հարամվանական է: Վերջիվերջո, մերձավորարևելյան որևէ այլ երկիր այնքան շատ կրոնական խմբեր չունի, որքան Լիբանանը. իսլամի և քրիստոնեության մոտ երկու տասնյակ ուղղությունների ներկայացուցիչներ բնակվում են այս երկրում և ձևավորում նրա կառավարությունը:

Սոցիալական, տնտեսական և կրոնական տարբերություններն ակնառու են՝ հարավային և հյուսիսարևելյան շրջաններում գերակայում են շիաներն ու «Հեզբոլլահը», Տրիպոլիում շիաներն (ալաուի) և սուննիներն են, իսկ Բեյրութն առավելապես բնակեցված է սուննիներով և քրիստոնյաներով: 4,5 մլն բնակչություն ունեցող երկիրը հավելյալ ընդունել է մեկ միլիոն սիրիացի փախստական: Քաղաքական լարվածությունը զգացվում է օդում: Այնուամենայնիվ, դժվար թե գտնվի որևէ տարածք, որտեղ կառուցապատում չի իրականացվում կամ վերջերս չի իրականացվել: Տնտեսական աշխուժությունն ակնառու է, ինչպես որ Բեյրութի եռուզեռը:

Իսկապես, թե՛ դրսից, թե՛ ներսից ներքին պայթյունի բոլոր նախադրյալներն առկա են:

Խոչընդոտներ՝ միասնականության ճանապարհին

Լարվածության մի այդպիսի աղբյուր է միջդավանական և հարամվանական հնացած հավասարակշռությունը, որն ակնհայտորեն փոխվել է: Թեև 1989թ. Թայիֆի համաձայնագիրը մասամբ արտահայտեց ժողովրդագրական փոփոխությունը՝ հօգուտ մուսուլմանական մեծամասնության, ներկայում բարձր պաշտոնների բաշխումը երկրում դեռևս հիմնվում է 1932թ. մարդահամարի վրա, երբ քրիստոնյաները կազմում էին բնակչության 54 տոկոսը:

Ելնելով սրանից` 1940-ականների ջենթլմենական համաձայնությունը, որը հայտնի է՝ որպես Ազգային պակտ, մարոնի քրիստոնյաներին տվեց Լիբանանի նախագահ լինելու մշտական իրավունք: Վարչապետի պաշտոնը հանձնվեց սուննիներին, իսկ խորհրդարանի խոսնակինը՝ շիաներին: Այսօր մուսուլմանները Լիբանանում մեծամասնություն են և կցանկանային տեսնել ավելի խոր փոփոխություններ Ազգային պակտում: Դա կարող է միայն առաջացնել լուրջ ցնցումներ: Սակայն Լիբանանն այսօր կարիք ունի հենց մարոնի նախագահի՝ նույնիսկ սահմանադրորեն հավասարակշռելու ավելի մեծ լիազորություններով, որպեսզի ի վիճակի լինի հաղթահարել շիա-սուննի խորացող տարաձայնությունները:

Լարվածության երկրորդ աղբյուրն այն է, որ Մարտի 14-ի դաշինքը վճռականորեն պնդում է, որ «Հեզբոլլահը» զինաթափվի կամ նրա ստորաբաժանումները մտցվեն ազգային բանակի հովանու կամ հրամանատարության ներքո: «Հեզբոլլահը» կարծում է, որ դա հավասարազոր է ինքնասպանության, և յուրաքանչյուր պարտադրված փոփոխություն երկիրն անկասկած կներքաշի արյունալի հակամարտության մեջ:

Երրորդը՝ Մարտի 14-ի դաշինքն աջակցում է Լիբանանի հարցերով Հարիրիի սպանությունից հետո ՄԱԿ-ի ստեղծած հատուկ տրիբունալի որոշումներին և կցանկանար տեսնել հանցագործության մեջ մեղադրվողների ձերբակալությունը: «Հեզբոլլահը» վճռականորեն դեմ է հանդես գալիս, հերքում է այն, ինչն անվանում է քաղաքական որոշում և հրաժարվում է համագործակցելուց:

Հակամարտության չորրորդ և ամենանոր աղբյուրը Մարտի 14-ի դաշինքի, Լիբանանի սուննիների ընդհանրապես և հակասիրիական մյուս բոլոր ուժերի զանգվածային վրդովմունքն է սիրիական հակամարտությանը «Հեզբոլլահի» ուղղակի ռազմական ներգրավվածության կապակցությամբ: «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող շրջաններում որոտացող պայթյունները երբեմն այս առարկության «արտահայտումն» են:

Այս բոլորը, ի թիվս այլնի, բաց վերքեր են ու լուրջ մարտահրավերներ, և սրանցից յուրաքանչյուրը կարող է շարժառիթ լինել երկրում խոշոր պայթյունի համար:

Բացի այդ` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ առաջադրում է իր թեկնածությունը հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում, որում անկասկած կհաղթի: Սա վերջին հաշվով կպահանջի, որ Լիբանանի խմբակցություններն ու պետությունը դիրքորոշում որդեգրեն՝ ելնելով արդյունքից, և հետևաբար՝ երկու երկրների միջև հետագա հարաբերությունների որակից:

Ինչ է պահանջվում

Իսկապես, Լիբանանն այնպիսի շրջադարձային փուլում է, որ ունի ուժեղ, խարիզմատիկ, վճռական և հեռատես նախագահի կարիք` բնորոշումներ, որոնցից ներկա նախագահը հիմնականում զուրկ է։ Այն փոխզիջում ապահովողի կարիք ունի: Նստելով սեղանի շուրջ Արաբական պետությունների լիգայի կամ միջազգային այլ կազմակերպության ապագա հանդիպումների ընթացքում՝ նոր նախագահն է, որ գլխավոր դեր կխաղա Լիբանանի դիրքորոշման ձևավորման և ձևակերպման հարցում:

Հանրապետության նախագահը պետության ղեկավարն է և ազգի միասնության խորհրդանիշը: Նա Սահմանադրության նկատմամբ հարգանք ապահավողն ու Լիբանանի անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորն է: Սրանք հիմնական համոզմունքներն են, որոնց յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է հավատարիմ լինի, եթե Լիբանանն ուզում է հաղթահարել ներկայիս դժվար ժամանակները: Սակայն նոր նախագահը կունենա համախմբելու պարտադիր առաջադրանք:

Հիմնական պատճառներից մեկը, թե Լիբանանում ինչու է պահպանվում թվացյալ հանգստությունը, այն է, որ երկիրը ոչ վաղ անցյալում 15 տարի ապրել է ցավագին և ավերիչ քաղաքացիական պատերազմի պայմաններում: Մարկ Տվենը մի անգամ ասել է. «Կատուն, մի անգամ նստելով տաք վառարանի վրա, այլևս երբեք չի նստի տաք վառարանի վրա: Սակայն նա սառը վառարանի վրա էլ չի նստի»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here