Ֆրանսիայի նախագահը կմասնակցի «Կարֆուր»-ի հիմնարկեքին

0
125

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 13-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկեքի հիմնարկեքին. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթիզը (Paul Jean-Ortiz)՝ Փարիզի Ելիսեյան պալատից տեսակամրջի միջոցով:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-13-ին կլինի Երևանում, մայիսի 13-ին՝ Թբիլիսիում:

Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի արձանի բացմանը, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր:

«Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, և նա խնդիր է դրել ավելի խթանել երկու երկրների տնտեսական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց Փոլ Ժան-Օրթիզը՝ հավելելով, որ նախագահն աջակցելու է Հայաստանի արդիականացմանն ու արտաքին աշխարհին բացվելուն՝ մեծացնելով առևտրային հարաբերություններն ու նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի հնարավոր լինի խթանել ներդրողների մուտքը երկիր:

Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (Ռուսաստանից հետո), և նախագահ Օլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի:

Մայիսի 12-ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կբացեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, նախագահ Օլանդը կայցելի «Կարֆուր» հիպերմարկետի տեղակայման տարածք: Պարոն Ժան-Օրթիզն ասաց, որ «Կարֆուրը» Հայաստանում նախատեսում է 11 խանութ բացել:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի քաղաքական օրակարգում են Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները: «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Ֆրանսիայի նախագահը ցանկանում է դրական ազդանշաններ տեսնել Հայաստանի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ այցի օրակարգում է նաև Ղարաբաղի հարցը:

Պարոն Ժան-Օրթիզը նշեց, որ Ֆրանսիան աջակիցն է ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքների և չի անի որևէ քայլ, որը կարող է որևէ կերպ նպաստել տարածաշրջանի ապակայունացմանը:

Ֆրանսիայի նախագահը Ղարաբաղի հարցը կքննարկի նաև Բաքվում: Նրա ադրբեջանական այցի օրակարգում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու խնդիրը, Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների բարելավումը, ադրբեջանական ածխաջրածինների մատակարարումը Եվրոպային, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը և ադրբեջանցի ավելի շատ ուսանողների ուսման կազմակերպումը Ֆրանսիայում:

Վրաստանում Ֆրանսիայի նախագահի օրակարգում բարեփոխումների իրականացմանն ու Վրաստանի եվրոպամետ քաղաքականությանն աջակցելն է, ինչպես նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանումը:

ԳիոմդեՇազուրնե, ՍիվիլՆեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here