Թուրքիայի արխիվներն իսկապե՞ս բաց են

0
148

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 23-ի «1915թ. իրադարձությունների» վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է, թե Թուրքիայի արխիվները բոլոր հետազոտողների համար բաց են: Ուղերձի հրապարակումից հետո Թուրքիայում լույս տեսնող Radikal օրաթերթում հրապարակվել է պատմաբան Օքթայ Օզելի՝ «Կառավարության 1915թ. հայտարարության առթիվ. մեր արխիվներն իսկապե՞ս բաց են» վերնագրով հոդվածը, որում հեղինակն ուշադրություն է հրավիրում արխիվների հասանելիության հարցին: Հոդվածը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև: 

«Ապրիլի 24»-ի կապակցությամբ Էրդողանի կառավարության հայտարարությունը և ամբողջ աշխարհում ապրող հայերին ցավակցական ուղերձը պատմական տեսանկյունից պետք է կարևոր զարգացում համարել: Հայտարարության թե՛ բովանդակությունը և թե՛ ոճը վկայում է, որ 1915-ի հարցում պետական քաղաքական մոտեցումները բեկումնային փոփոխությունների միջով են անցնում: 

Ամենայն հավանականությամբ, պետական համապատասխան մարմինների, հատկապես արտաքին գործերի նախարարության գլխավորությամբ  գործող մի խմբի կողմից պատրաստված հայտարարության մեջ ուշադրութուն է գրավում այն փաստը, որ դրանում ընդգծվում է խնդիրը հանգիստ քննարկելու, տարբեր կարծիքներ ազատորեն արտահայտելու, ատելության լեզվից կարեկցանքի և ըմբռնման լեզվի անցնելու կարևորությունը: 

Վարչապետի անունից արված հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար: Սա մասամբ կարելի է ճիշտ համարել: Կառավարությանը կից Պետական արխիվների գլխավոր վարչության բոլոր միավորումները վերջին տարիներին ամբողջովին բաց են թե՛ տեղացի և թե՛ օտարերկրացի հետազոտողների համար և գործում են միջազգային չափորոշիչների համապատասխան: Սակայն այլ կառույցների արխիվների վիճակը շատ տարբեր է: Այս այսպես կոչված «արխիվների» մի մասը ամբողջովին փակ է, մի մասը՝ չդասակարգված, մի մասը՝ բաց անվան տակ իրականում փակ, մի մասն էլ՝ կիսաբաց: 

Էրդողանի հայտարարության մեջ կարդում ենք հետևյալ նախադասությունը. «Այսօր մեր արխիվներում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթերը հասանելի են բոլոր պատմաբաններին»: Սակայն հատկապես 1915թ. տեղահանության և Ցեղասպանության  ուսումնասիրության տեսանկյունից ամենակարևորներից մեկը՝  Գլխավոր շտաբի ռազմական պատմության և ռազմավարական ուսումնասիրությունների վարչության նախագահության՝ ATASE հայտնի արխիվը թեև փորձում են ներկայացնել որպես բաց, սակայն, ըստ էության, այս արխիվները փակ են:   

«Արխիվներում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթերը հասանելի են բոլոր պատմաբաններին»: Ո՛չ, ճիշտ չէ՛: Դա հստակ պետք է իմանան ինչպես կառավարությունը և հատկապես վարչապետը, այնպես էլ հանրությունը: 

Վերոնշյալ արխիվը տեսականորեն ներառում է փաստաթղթեր, որոնց թվում  և Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կառավարության ռազմական նախարարության (=Էնվեր փաշա) ռազմական ու հասարակական բոլոր միավորներին, գերազանցապես ներքին գործերի (=Թալեաթ փաշա) և բոլոր մյուս նախարարություններին «արտակարգ դրություն» անվան տակ ուղղված ողջ գրագրությունը՝ տեղահանության իրականացման վերաբերյալ: 

Առանց այս փաստաթղթերի յուրաքանչյուր ուսումնասիրություն կլինի թերի, խեղաթյուրված և միակողմանի: Այդպես էլ լինում է: Կառավարության հայտարարության մեջ մատնանշված առանցքային նշանակություն ունեցող այս արխիվները իսկապես «բաց» համարել հնարավոր չէ, որովհետև այնտեղ առկա նյութերը ազատորեն ուսումնասիրելու համար ամբողջությամբ բաց չեն ուսումնասիրողների համար: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի վերահսկողության տակ գործող ATASE-ի արխիվում գտնվող բազմաթիվ փաստաթղթերին պատմաբանները ուղիղ և ազատ մատչում չունեն: 

Մեր՝ պատմաբաններիս ուսումնասիրության առարկա նյութին առնչվող փաստաթղթերի ընտրությունը  կատարում են  այնտեղ աշխատող համապատասխան պաշտոնյաները: Այո՛, դուք սխալ չեք լսել: Պատմաբանները չեն կարող որոշել, թե որ արխիվային փաստաթղթերն են առնչվում իրենց ուսումնասիրությանը, քանի որ այդ փաստաթղթերին մատչման հնարավորություն իրենց չի տրվում: 

Այս խնդրի վերաբերյալ մի օրինակ բերեմ: Ենթադրենք՝ ուսումնասիրություն եք կատարում Առաջին աշխարհամարտի ժամանակ կազմավորված և պատերազմի ընթացքում պաշտոնական կամ կիսապաշտոնական ձևով գործունեությունը շարունակող չեթեական խմբավորումների վերաբերյալ [զինյալ խմբեր – ՍիվիլՆեթ]: Վերոնշյալ արխիվի կատալոգում այդ վերնագրի տակ դասակարգված 100 փաստաթուղթ ներառող տուփ կա: Եթե դուք ցանկանաք տեսնել այդ կատալոգում առկա բոլոր փաստաթղթերը, դուք կստանաք հետևյալ պատասխանը՝ ՈՉ: 

«Մենք կնայենք և կորոշենք, թե որ փաստաթղթերն են համապատասխանում ձեր թեմային»: Մի քանի օր անց այդ թեմայի վերաբերյալ ձեր առջև կդնեն 5-10 փաստաթուղթ: Իսկ ու՞ր մնացին կատալոգում առկա նույն թեմային վերաբերող մյուս  90 փաստաթղթերը: Դրանք ձեր թեմայի հետ կապ չունեն. ձեր անունից այդպես են որոշել համապատասխան պաշտոնյաները: 

Կարծում եմ, որ այս օրինակը բավական է վերոնշյալ արխիվի գործելաոճի, այնտեղ տիրող կամայականության և հակագիտական տրամաբանությունը ցույց տալու համար:  Այն ամբողջովին արխիվային գործի բեմականացում է և պատմաբանների նվաստացում: 

Ցավոք՝ Թուրքիայում պատմաբանները տարիներ շարունակ այդ արխիվում դատապարտված են աշխատել նման ոճով: Դրությունը դեռևս նույնն է: Ավելին՝  «արխիվը», որն ունի շատ կարևոր նյութեր, քաղաքակիրթ աշխարհի ոչ մի երկրում  ոչ լուրջ, ոչ էլ՝ որպես «բաց արխիվ» չի ընդունվում, ավելին՝ հեգնանք է առաջացնում: 

Երբ վարչապետն ասում է, որ «բոլոր արխիվները բաց են հետազոտողների առաջ», ցավոք, երևում է, որ, նա տեղյակ չէ իրականության մասին:

Էրդողանին, հետևաբար՝ կառավարությանը և այս հայտարարությունը գրի առած խմբին կոպտորեն մոլորեցրել են թեմայի վերաբերյալ տեղեկություն տրամադրող բյուրոկրատները:   

Ընդամենը մեկ քայլ է պետք ուսումնասիրողի, պատմաբանի համար այսպիսի կարևոր փաստաթղթեր պարունակող արխիվն ամբողջովին բացելու համար: Գլխավոր շտաբին կից գործող այս արխիվը պետք է կցվի Կառավարության պետական արխիվին, և այն պետք է անխտիր բաց լինի պատմաբանների ուսումնասիրության  համար: 

Ավելին՝ սա նոր առաջարկ չէ: Մեր՝ պատմաբաններիս ականջին լուրեր են հասնում, թե Պետական արխիվների գլխավոր վարչությունն էլ ժամանակ առ ժամանակ  բարձրացնում է այս հարցը, սակայն ապարդյուն: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ավելի անհույս դրության մեջ ենք, քանի որ սա նշանակում է՝ վարչապետը և կառավարությունն այս արխիվի խնդրահարույց վիճակին տեղյակ լինելով հանդերձ վճռականությամբ գործի անցնելու փոխարեն՝ հայտարարության մեջ ընդգծված հռետորաբանությամբ փորձում են մեկ անգամ ևս ձգձգել հարցը: 

Թուրքիայի քաղաքականությունն ու դիվանագիտությունը, դժվարանալով հաղթահարել այս հարցը, այն բարդում են պատմաբանների ուսերին: Այլ կերպ ասած՝ մի անգամ ևս փորձում են թաքնվել պատմաբանների հետևում: Եթե սա իրականություն է, ապա որևէ հույս չներշնչող այս բեմադրության տակից ո՛չ քաղաքական կառույցները և ո՛չ էլ խեղճ պատմաբանները չեն կարողանալու դուրս գալ: 

Այդ իսկ պատճառով այս հոդվածը կրկին լավ մտադրությամբ և անկեղծ ցանկությամբ ավարտեմ: Հուսով եմ, որ վարչապետը և արտգործնախարարությունն արխիվների մասին իրականությունը չգիտեն և այժմ առաջին անգամ են լսում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here