Ճէյմզ Ուորլիքի Ելոյթը. «Լեռնային Ղարաբաղ. Կարգաւորման Ուղիներ»

0
162

ԵԱՀԿի Մինսկի խումբի համանախագահ Ճէյմզ Ուորլիք Չորեքշաբթի 7 Մայիսի առաւօտուն, «Քարնըկի» Միջազգային խաղաղութեան հիմնադրամի կեդրոնին մէջ ելոյթ ունեցաւ «Լեռնային Ղարաբաղ. Կարգաւորման Ուղիներ» վերնագիրով: Ստորեւ սոյն ելոյթի հիմնական մասը՝ պաշտօնական արեւելահայերէն թարգմանութեամբ.

 

Թոյլ տուէք սկսեմ նրանից, որ չեմ ցանկանում վերստին անդրադարձ կատարել հակամարտութեան պատմութեանը: Մեր նպատակը պէտք է լինի առաջընթացի պրագմատիկ (գործնապաշտ-Խմբ.) ճանապարհ գտնելը, որը տեւական լուծում կ՛ապահովի:
Թէպէտ ես այսօր հանդէս եմ գալիս որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, սակայն ես չեմ խօսում համանախագահների անունից: Ձեզ ուղղուած իմ ուղերձը ներկայացնում է ԱՄՆ կառավարութեան պաշտօնական քաղաքականութիւնը, որով առաջ-նորդւում ենք խաղաղութեան հասնելու հարցում կողմերին օգնութիւն ցուցաբերելու մեր ներգրաւուածութեան շրջանակում:
Իսկ խաղաղութիւնը հասանելի է: Կողմերն հասել են մի այնպիսի կէտի, երբ յետագայ ընթացքի վերաբերեալ դիրքորոշումները շատ բեւեռացուած չեն: Մի շարք առիթներով նրանք գրեթէ եկել են համաձայնութեան, վերջին նման դրուագն արձանագրուել է 2011թ.: Եւ ամէն անգամ ձախողուած հերթական փուլից յետոյ, երբ անխուսափելիօրէն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, յաջորդ «մեծ գաղափար»ի կառուցուածքային տարրերը նման են եղել նախորդին:
Կայ սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջութիւն, որն արդէն շրջանառուել է եւ ուրուագծում է համաձայնութիւնը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրաւէրն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացեալ տարաձայնութիւնները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղութիւն ու կայունութիւն, որին նրանք արժանի են:
Երկու տասնամեակ սակայն խաղաղութիւնն անորսալի է եղել: Բոլոր կողմերի միջեւ անվստահութիւն կայ միմեանց նկատմամբ, եւ Հայաստանում ու Ադրբեջանում հասակ է առել երիտասարդների մի սերունդ, որոնք միմեանց հետ անմիջական շփման հնարաւորութիւնից զրկուած են եղել: Շատերն են նշում, որ աւագ սերնդի ներկայացուցիչները յիշում են, որ մի ժամական հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել են, ու տարաձայնութիւնները հարթելու համար զէնք վերցնելու կարիք չի զգացուել:
Մի առիթով Չերչիլն ասել է. «Խաղաղութիւնը բանակցում ես թշնամուդ հետ, ոչ թէ բարեկամիդ հետ»: Ցանկացած բանակցութեան յաջողութեան գրաւականն այն է, որ բոլոր կողմերը գան այն եզրայանգման, որ մի բան շահում են, իսկ հայերի ու ադրբեջանցիների պարագայում կասկածից վեր է, որ համաձայնութիւնը բարգաւաճման մի նոր դարաշրջան կը բացի ողջ տարածաշրջանում: Խաղաղութիւնից բխող օգուտները շատ աւելին են, քան այն ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնուելու դիմաց, եւ այն հնարաւորութիւն կ՛ընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղէտալի հետեւանքներից:
Հայաստանն անմիջապէս կը շահի բաց սահմաններից, աւելի մեծ անվտանգութիւնից, առեւտրի, ուղեւորութիւնների եւ իր բոլոր հարեւանների հետ կապերի նոր հնարաւորութիւններից:
Ադրբեջանը կը կարողանայ վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր՝ որպէս համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առեւտրային կենտրոն եւ անվտանգութեան ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին՝ միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարիւր հազարաւոր փախստականների ու ներքին տեղահանուած անձանց համար:
Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակուող հազարաւոր մարդիկ կը կարողանան ազատուել մեկուսացման ու կախուածութեան կապանքներից:
Խաղաղութեան համաձայնագիրը՝ պատշաճ կերպով մշակուած ու իրականացուած, վերջ կը դնի նաեւ սահմանի ու շփման գծի երկայնքով մարդկային կորուստների ողբերգական ու կայուն շարքին թէ՛ զինուորական, թէ՛ քաղաքացիական անձանց շրջանում: Թուերը դժուար է յստակ նշել, սակայն արդէն իսկ այս տարուայ ընթացքում կրակագծում մէկ տասնեակից աւել մարդիկ զոհուել են, իսկ վիրաւորուածների թիւը նոյնիսկ աւելին է: Սա անընդունելի է:
Ոչ պակաս կարեւոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականութեան ու սպառազինութիւնների մրցավազքի արդիւնքում կրում են պետական բիւջէները. դա խաղաղութեան շահաբաժինն է, որը առաւել արդիւնաւէտ օգտագործման դէպքում ինքնին ի զօրու է փոխել իրավիճակը թէ՛ Հայաստանի, թէ՛ Ադրբեջանի համար:
Յաջորդ շաբաթ նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին: Թէպէտ կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բացայայտ պատերազմի վերսկսումից, սակայն պէտք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ու երերուն:
Անվերջ բանակցութիւններ, բռնութեան պարբերական պոռ-թկումներ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակուողների մեկուսացում, յուսահատութիւն Ադրբեջանում եւ վրդովմունք վերջինիս ներքին տեղահանուածների շրջանում. սա խաղաղութեան ու կայունութեան բաղադրատոմսը չէ, սա նաեւ բարգաւաճման ուղին չէ:
Տարածաշրջանի մարդիկ արժանի են աւելի լաւին:
Այս աշխատանքը ես սկսեցի անցեալ տարուայ Սեպտեմբերին՝ այցելելով տարածաշրջան եւ հանդիպում ունենալով երկու նախագահների ու նրանց արտգործնախարարների հետ՝ Բաքւում եւ Երեւանում: Ես նաեւ եղայ Լեռնային Ղարաբաղում՝ միանալով դեսպան Անջէյ Կասպրչիկի թիմին, որն իրականացնում էր ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը շփման գծի երկայնքով՝ Աղդամի ու Գինդարխի ճանապարհների միջեւ ընկած հատուածում:
Ես թիմին միացայ շփման գծի արեւմտեան կողմում եւ առաջին անգամ ռազմաճակատի գիծը տեսայ: Ես տեսայ այն դժգոյն իրականութիւնը, որ ծառացած է այս գծի երկու կողմերում գտնուող զինուորների առաջ, ովքեր ապրում եւ աշխատում են խրամատների ու դիրքերի ետեւում եւ միմեանցից բաժանուած են միայն փշալարերով ու ականապատ տարածքներով:
Կողմերն ապրում են դիպուկահարների կրակոցների ու ականների պայթելու վախն իրենց սրտերում: Նրանք մտահոգուած են շփման գծին կամ հայ-ադրբեջանական միջազգային սահմանին «շատ մօտ» գտնուող քաղաքացիական բնակչութեան կեանքով, արօտավայրերի ու դաշտերի, գերեզմանների ու շէնքերի հասանելիութեան հարցերով:
ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են երկու տասնամեակ՝ աչքերը պահելով այս փխրուն խաղաղութեան վրայ, սակայն չունենք իրաւասութիւն կամ ռեսուրսներ վերջ դնելու յաճախակի արձանագրուող դժբախտ դէպքերին, կամ էլ բացայայտելու պատասխանատուներին:
Կողմերն ամէն տարի հրադադարի խախտման մասին հազարաւոր հաղորդումներ են ներկայացնում, սակայն մենք անկարող ենք գտնուել համաձայնութեան գալ որեւէ միջոցի շուրջ, որը կը նուազեցնէր այդ դրսեւորումները:
Ես նաեւ Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դէ-ֆակտօ իշխանութիւնների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ միւս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տեւական խաղաղութեան ցանկացած համաձայնութիւն յաջողուած համարուելու համար պէտք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները:
Մայրաքաղաքներում ես առաւել յուսադրող ուղերձներ եմ լսել: Երկու նախագահներն էլ ցանկանում են առաջընթաց ունենալ: Երկուսն էլ համաձայն են, որ վերջին տարիների ընթացքում բանակցուած փաստաթղթերը պարունակում են համաձայնութեան ընդհանուր գծերը:
Համանախագահներն անցեալ տարուայ Նոյեմբերին Վիեննայում ընդունեցին նախագահներին: Դա 2012թ. Յունուարից յետոյ նախագահների առաջին հանդիպումն էր, եւ նրանց առաջին դէմառդէմ հանդիպումը 2009թ. ի վեր: Նրանց խօսակցութիւնը, առաջընթացի ուղի գտնելու յանձնառութեան մասին յայտարարելը յուսադրող էր մեզ համար: Դրանից յետոյ մենք տասը տարբեր առիթներով հանդիպել ենք արտգործնախարարների հետ՝ մէկի կամ երկուսի հետ միասին, որպէսզի քննարկումը շարունակուի:
Այնուհանդերձ, յստակ է, որ միայն նախագահներն են, որ ի զօրու են իրենց երկրների համար նման փոխակերպող հետեւանքներ ունեցող համաձայնութիւն կնքել: Միացեալ Նահանգները երկու ղեկավարներին յամառօրէն յորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում եւ օգտագործել այս հնարաւորութեան պատուհանը, երբ խաղաղութիւնը հնարաւոր է:
Երբ ես անցեալ տարի աշնանը առաջին անգամ ուղեւորուեցի Բաքու եւ Երեւան, ես փոխանցեցի Նախագահ Օբամայի գրաւոր հաւաստիքներն ու վերահաստումն առ այն, որ Միացեալ Նահանգները պատրաստ է շարունակել խաղաղութեան հաստատմանն ուղղուած ջանքերը՝ որպէս Մինսկի խմբի համանախագահ եւ որպէս երկու պետութիւնների սերտ գործընկեր: Փոխզիջումների շրջանակն այդ պահի դրութեամբ արդէն իսկ հաստատուած էր, եւ իմ ուղերձն այն էր, որ ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար:
Թոյլ տուէք ներկայացնել «հաստատուած» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացուել են նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի 2009թ. Լակիլայի եւ 2010թ. Մուսկոկայի համատեղ յայտարարութիւններում յիշատակուելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ ԱՄՆ քաղաքականութեան հիմքը:
Պայմանաւորուածութեան առանց-քը ՄԱԿի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնաւորապէս, մեր ուշադրութեան կենտրոնում են այն սկզբունքներն ու յանձնառութիւնները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականութեանը եւ ազգերի հաւասար իրաւունքներին ու ինքնորոշմանը:
Այդ հիմքի վրայ կառուցելով՝ կան վեց տարրեր, որոնք պէտք է խաղաղութեան համաձայնագրի մաս կազմեն, եթէ ուզում ենք, որ այն տեւական լինի: Այս տարրերի հերթականութիւնը եւ դրանց հետ կապուած մանրամասներն, անշուշտ, բանակցութիւնների միջոցով պէտք է որոշուեն, սակայն դրանք պէտք է դիտարկուեն որպէս անբաժանելի ամբողջականութիւն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կը դարձնի հաւասարակշռուած լուծման հասնելը:
Առանց որոշակի հերթականութեան ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշուի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմութիւնը՝ կողմերը պէտք է համաձայնութեան գան, որ վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը պէտք է իրականացուի փոխադարձաբար համաձայնեցուած եւ իրաւական ուժ ունեցող կամաարտայայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկեալ կարգավիճակը կը լինի ժամանակաւոր:
Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետութեան սահմաններում գտնուող տարածքը, որը չի վերահսկւում Բաքուի կողմից, պէտք է ստանայ միջանկեալ կարգավիճակ, որի համար առնուազն պէտք է ապահովուած լինեն անվտանգութեան երաշխիքներ եւ ինքնակառավարում:
Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրաւեալ տարածքները պէտք է վերադարձուեն Ադրբեջանի վերահսկողութեանը: Ադրբեջանի ինքնիշխանութեան նկատմամբ յարգանքի բացակայութեան պայմաններում կարգաւորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանութեան ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պէտք է վերականգնուի:
Չորրորդ, պէտք է լինի միջանցք, որը կը կապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պէտք է բաւարար լայնութիւն ունենայ, որպէսզի անվտանգ անցում ապահովուի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ, տեւական կարգաւորման ներքոյ պէտք է ճանաչուի ներքին տեղահանուածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրաւունքը:
Եւ վերջապէս վեցերորդ, կարգաւորմամբ պէտք է ապահովուեն անվտանգութեան միջազգային երաշխիքներ, ինչը կը ներառի խաղաղապահ գործողութիւն: Չկայ այնպիսի սցենար, որտեղ խաղաղութիւնն ապահովուի առանց լաւ մշակուած ու բոլոր կողմերի վստահութիւնը վայելող խաղաղապահ գործողութեան:
Ժամանակն է, որ կողմերը յանձնառութիւն ստանձնեն ձեռնամուխ լինելու խաղաղութեան բանակցութիւններին՝ հիմք ընդունելով մինչ օրս կատարած աշխատանքը: Անիրատեսական է կարծել, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումներն ինքնին բաւական են տեւական խաղաղութիւն հաստատելու համար:
Երբ այս բանակցութիւնները մեկնարկեն, կողմերը ոչ միայն պէտք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց յանձնառութիւնը, այլ նաեւ ձեռնարկեն երկար սպասուած եւ յոյժ անհրաժեշտ անվտանգութեան համար վստահութեան ձեւաւորման միջոցներ:
Երբ մենք լծուէնք խաղաղութեան բանակցութիւններին, գործնական հարցերի աւելի լայն շրջանակ կարող ենք ներկայացնել, որոնցից կշահեն բոլոր կողմերը: Կը ձեւաւորուեն տնտեսական եւ կոմերցիոն խթաններ. կը վերականգնուեն էներգետիկ, տրանսպորտային եւ հեռահաղորդակցութեան կապերը, կը լինեն ուղեւորութիւններ ու ժողովուրդների միջեւ շփումներ ապահովող ծրագրեր, որոնք կը սկսեն հակակշիռ ապահովել ներկայումս գերակայող վտանգաւորութեան աստիճանի հասնող միակողմանի պատմութիւններին:
Մինսկի խմբի համանախագահներին համախմբում է խնդրի խաղաղ կարգաւորման հասնելու հարցում կողմերին օգնելու ընդհանուր նպատակը: Մենք մտադիր ենք աշխատել Մինսկի խմբի շրջանակում՝ որպէս հակամարտութեան կարգաւորման հիմանական օղակ: Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր յանձնառութիւն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան ու անվտանգութեան մասով: Միացեալ Նահանգները պատրաստ է օգնել եւ անել այն ամէնը, ինչ կարող է: Մենք նաեւ կոչ ենք անելու Միացեալ Նահանգներում եւ աշխարհի այլ երկրներում գտնուող Սփիւռքի համայնքներին հանդէս գալ խաղաղութեան հաստատման դիրքերից եւ օգնել վերջակէտ դնելու այս հակամարտութեանը:
Ի հարկէ, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւնների խնդիրն է: Նրանք պէտք է դիտարկեն այն միջոցները, նոյնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցոյց կը դնեն առաջընթացի իրենց մղումը, լարուածութիւնը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելաւելու յանձնառութիւնները: Նրանք պէտք է կրճատեն թշնամական հռետորաբանութիւնը եւ բնակչութեանը նախապատրաստեն խաղաղութեան եւ ոչ պատերազմի:
Տեւական կարգաւորման հարցում անբաժանելի ու ոչ պակաս կարեւոր են ադրբեջանցիների ու հայերի միջեւ կապեր, շփումներ ապահովող ժողովրդական դիւանագիտութեան ջանքերը: Այս կարգի ծրագրերը կարող են օգնել երկու երկրների քաղաքացիներին պատրաստուել խաղաղութեանը եւ հաշտուել անցեալի ցաւերի հետ: Ակնկալում ենք, որ կողմերը կ՛օժանդակեն այն անձանց եւ կազմակերպութիւններին, որոնք պատրաստ են աշխատել ժողովրդական դիւանագիտութեան ու մարդկանց շփումներին ուղղուած ծրագրերում:
Յուսով եմ, որ դուք կ՛աշխատէք մեզ հետ տեւական խաղաղութեան հարցն առաջ տանելու ուղղութեամբ: Համանախագահների մանդատն է նպաստել բանակցութիւններին, սակայն մենք բոլորս պէտք է աջակցենք ակտիւ քաղաքացիներին, աշխարհիկ ու կրօնական առաջնորդներին, հասարակական կազմակերպութիւններին, ԶԼՄներին եւ բոլոր միւսներին, ովքեր հետամուտ են այս նպատակներին: Տեւական խաղաղութիւն կերտելիս հիմքում սոսկ թուղթը չէ, այլ վստահութիւնը, հաւատ ընծայելը եւ երկու երկրների ժողովուրդների մասնակցութիւնը:
Եկէք աշխատենք միասին, որպէսզի խաղաղութեան պահանջարկ ձեւաւորենք: Եկէք պահանջատէր լինենք այն օգուտներին, որ խաղաղ կարգաւորումը կը բերի տարածաշրջանի բոլոր մարդկանց համար:
Շնորհակալութիւն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here