Կայսերական վարքագիծ 100 տարի առաջ և այսօր

0
136

Ժամանակները փոխվում են, մարդկությունն առաջ է գնում տեխնոլոգիական զարգացման և գիտության բնագավառում, սակայն բացարձակ իշխանություն, ազդեցություն ունենալու մոլուցքը չի նվազում: Պետությունների ստեղծումից մինչ մեր օրերը կայսրությունները փորձում են իրենց ազդեցությունը տարածել ու կայանալ այլ ժողովուրդների միջև թշնամանքի հրահրման միջոցով, ապա հայտնվում են որպես դատավոր՝ լուծելու հարցերը և հաշտեցնելու ժողովուրդներին… կայսրության սահմանների ներքո: Մեզ «հարազատ» կայսրության՝ Ռուսական իմպերիայի վարքն ամբողջովին համընկնում է վերը նշված նկարագրին: Այսօրվա Ռուսաստանը նույնպես նման վարքագիծ է դրսևորում կայսրության նախկին սահմաններում հայտնված պետությունների և ժողովուրդների նկատմամբ:

Ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինության անզուսպ վաճառքը հիշեցնում է 20-րդ դարի սկիզբը, երբ ռուսական իշխանությունները զինում էին թե՛ կովկասյան թաթարներին, թե՛ հայերին՝ հայ-թաթարական բախումներից առաջ: Կայսրության շիկացած մթնոլորտը հարկավոր էր պարպել բախումներով, առաջացնել խոր թշնամանք, ապա հայտնվել որպես փրկիչ՝ մեկ ամուր ձեռքի տակ խաղաղություն ապահովողի կերպարով: Խորհրդային տարիներին Նախիջևանի ու Արցախի նվիրումն Ադրբեջանին պետք է հայության սերունդներին ստիպեր բյուրավոր նամակներ հղել կայսրության կենտրոն՝ պատմական արդարության վերականգնման համար:

Միայն մենք  չէ, որ նման բախտի ենք արժանացել Մոսկվայի կողմից: Նման քաղաքականությունը տարածվել է Ռուսական կայսրության բոլոր վայրերի վրա: Այսօրվա Հյուսիսային Կովկասը, այնտեղ առաջացած պետական սահմանները (ՌԴ սուբյեկտների կարգավիճակում), ժողովուրդների փոխհարաբերություններն այս ամենի վկայությունն են: Ընդ որում, կան ժողովուրդներ, որոնց բաժանել են երեք սուբյեկտի միջև՝ տալով երեք տարբեր անուններ: Այսպես, չերքեզներին (հայտնի են նաև որպես ադըղեներ և կաբարդիններ) բաժանել են Ադիգեյայի, Կարաչաևո-Չերկեսիայի և Կաբարդինո-Բալկարիայի միջև, բալկարներին (որոնք հայտնի են նաև որպես կարաչայներ) «տեղավորել» են երկու տարբեր սուբյեկտներում, սեփական գործողություններով թշնամանք հարուցել ինգուշների և օսերի միջև: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Միայն հպանցիկ նայելով Հյուսիսային Կովկասին՝ հասկանում ես, որ անվերջ արյունահեղություններից խուսափելու միակ տարբերակը դրա՝ Ռուսական Դաշնության կազմում մնալն է։ Այն, ինչ չհաջողվեց ԽՍՀՄ պարագայում:

Կայսրության սուբյեկտների միջև մշտական առկա թշնամանքն ու անտագոնիզմը կայսրությունների երկարակեցության երաշխիքն են: Սակայն լինում են նաև ֆորս-մաժորներ, երբ թուլացած կենտրոնը չի վերահսկում ծայրամասերում տեղի ունեցող գործընթացները, ազգայնականության վերադարձն ու պատմական արդարության վերականգնման մշտական ձգտումը: Արդյունքում, բազմահազար զոհերի կյանքի գնով փոխվում են սահմաններ, առաջանում ազգային պետություններ, փլուզվում կայսրություններ: Ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ 1990-ականների սկզբին ԽՍՀՄ տարածքի ժողովուրդների հետ:

Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց ձեռնամուխ է եղել կայսրության վերականգնմանը: Կրկին ժամանակն է խոր թշնամանք սերմանել կայսրության նախկին ժողովուրդների միջև: Իսկ եթե թշնամանքն առկա է, ապա հարկավոր է անզուսպ զինել հակամարտող կողմերին: Ինչպես ղարաբաղյան հակամարտության դեպքում: Սա, ինչ խոսք, հակամարտության լուծմանն աջակցելուն միտված միջնորդ պետության կողմից բարոյական վարքագիծ չէ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here