Շուշին երկնային պարգև էր

0
133

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Պարոն Մելքոնյան, մայիսը հաղթանակների ամիս է, սակայն այսօր շատերն են ասում՝ արժե՞ր հաղթել ամեն օր պարտվելու համար:

-Վազգեն Սարգսյանը ժամանակին այսպիսի միտք է հայտնել՝ զարմանալիորեն մեզանում կան մարդիկ, ովքեր չեն սիրում մեր հաղթանակները: Իհարկե, սա պահի ազդեցության տակ ասված ձևակերպում է, և բացարձակապես չեմ կիսում այն մոտեցումը, որ մենք իզուր ենք կռվել և հաղթանակի պտուղներից չենք օգտվել:

Առաջինը՝ էթնոժողովրդագրական առումով ՀՀ տարածքը մաքրվեց, և այսօր մենք այս դժվարին, անկլավային վիճակում շարունակում ենք գոյատևել և մնալ հաղթանակած դիրքերում, իմ խորին համոզմամբ, նաև այդ էթնիկական մաքրազարդման շնորհիվ, որովհետև յուրաքանչյուր պետություն ամուր է ինչպես տնտեսությամբ, այնպես էլ մոնոլիտ, էթնիկ կազմով, իսկ հատկապես հարավային Հայաստանը էթնիկապես դիմախեղվել էր մինչև արցախյան շարժումը և մաքրվեց: Ամենակարևորը՝ Արցախն ինքը ներքին առումով մաքրվեց, և նրա շրջապատը ազատագրվեց, և մենք այսօր ունենք երկու հանրապետություն: Ես հասկանում եմ, որ այսօրվա արտագաղթի, սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների պայմաններում մարդկանց մոտ անկումային տրամադրությունները գնալով աճում են, բայց հավատացնում եմ, դարձյալ պատմաբանի փորձն է ինձ հուշում՝ յուրաքանչյուր վայրկյան այս բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է արմատապես փոխվել:Կարևորը՝ մարդիկ ապրեն այս հողի վրա, հասկանան, որ մենք հեռանկար չունենք ո՛չ Լոս Անջելեսում, ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ՌԴ-ում: Եվ ընդհանրապես մեր հարաբերությունները մեր դաշնակից  երկրների հետ պետք է կառուցել միայն արժանապատվության հիմքի վրա, հավասարը հավասարի և երբեք չառաջնորդվենք կրտսեր ու ավագ եղբոր այս սխալ դիվանագիտությամբ:

Կոմանդոսն ասում է, որ Շուշիի ազատագրումը  մեր լինել-չլինելու հարցն էր: Արդյոք այդպե՞ս է:

-Միանշանակ այդպես է, որովհետև Ստեփանակերտը գտնվում էր ավելի ցածրադիր հատվածում, մշտապես բարձունքներից գնդակոծվում էր և գտնվում էր դեպի ՀՀ տանող ճանապարհի վրա: Այսինքն՝ ռազմավարական նշանակություն ուներ, և նման պայմաններում մենք երկար չէինք կարող դիմակայել: Շուշին իսկապես երկնային պարգև էր, այն հուր հավիտյան պետք է մնա մեր ազատամարտի պատմության մատյանում:

Արդյոք Առաջին նախագահը դե՞մ է եղել Շուշիի ազատագրմանը:

-Կա նման կարծիք, որ ՀՀ առաջին նախագահը դեմ է եղել, ես կրկնում եմ Գուրգեն Դալիբալթայանի խոսքերը՝ բարձրագույն ղեկավարության մոտեցումն այս հարցում կարող էր պաշտոնապես լինել շատ զգուշավոր, բայց իրականում առանց նրա իմացության բացառվում էր: Անկախություն ձեռքբերելու և արցախյան պատերազմում հաղթանակ տանելու իմաստով և՛ այն ժամանակվա ղեկավարությունը, և՛ այսօրվա ղեկավար պաշտոնում գտնվող հանրապետության ղեկավարությունն իրենց ծանրակշիռ դերն ենխաղացել: Պետք է պատմությունը գնահատել ամբողջության մեջ, ոչ թե կոնտեքստից կտրված և այս կամ այն դրվագով մարդուն բնութագրել:

Պարոն Մելքոնյան, իսկ ի՞նչ անել այն անկախության հետ, որ ամեն օր ենք կորցնում:ՄՄ անդամակցության դեպքում շատերն են այս հարցը բարձրացնում: Ինչո՞ւ է անկախության գաղափարը մեզանում արժեզրկվել:

-Այս հարցը սերտորեն կապված է Հայ դատի ու պահանջատիրության հետ: Բազմիցս ասել եմ, որ այս անկլավային վիճակը մշտապես կարող է շարունակվել այնքան, քանի դեռ մեր ելքը դեպի արտաքին աշխարհ և Արևմտյան Հայաստան ապահովվածչէ: Կարող  է լինել մաֆիա, ընդգծված բացասական երևույթներ, բայց այդ ամենը պայմանավորել միայն ներքին խնդիրներով՝ հնարավոր չէ:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here