Չկա մի Հավիկ, որ չմարսվի

0
149

«Արմենիա» հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է «Հավիկ Աբրահամյանի» հեղինակ լրագրողին և մոնտաժողին: Այդ վրիպակի հանդեպ հեռուստաընկերության հակազդեցությունը հասկանալի է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի մականուն արդեն ունի, երկրորդն ակնհայտ դիտավորություն է, որը կարող է այլ կերպ մեկնաբանել շարքային հեռուստադիտողը: Վարչապետն արդեն հաջողացրել է ասել, որ լրագրողներին աշխատանքից ազատելն իր համար ցանկալի չէ: Լրագրողների համքարությունն իր հերթին կոչ է անում վարչապետին նպաստել, որ նրանք պահպանեն իրենց աշխատանքը:

Ըստ իս, դա Հովիկ Աբրահամյանի գործը չէ: Հեռուստաընկերությունը հաճոյացել է վարչապետին՝ ցույց տալով, որ առանձնապես «քաղաքական» նպատակ չի ունեցել «Հովիկ» փաղաքշական անունը «Հավիկ» քնքուշ անունով փոխարինելով: Հեռուստաընկերությունը չի կարողացել այդ վրիպակը զերծ պահել «զոհի», այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի զայրույթից: Եվ հեռացնելով՝ խոստովանել է, որ կա՛մ զայրույթը ճանապարհին էր, կա՛մ տեղ է հասել: Եթե Հովիկ Աբրահամյանի համար հեռացնելը ցանկալի չէր, կարող էր կանխել դա: Ո՞վ է կասկածում, որ «Արմենիա»-ից վարչապետին հավաստիացրել են՝ մեղավորները կպատժվեն ամբողջ խստությամբ:

Եվ աշխատակիցներին հեռացնելով՝ մատնել է, որ զոհը բորբոքվել է: Հիմա տեսեք, թե իրականում ինչ զոռբայության հետ գործ ունենք: Ժամանակ առ ժամանակ հեռուստաընկերությունները և կայքերը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ներկայացնում են որպես Լյովիկ Զուրաբյան: Եվ սրա համար դեռևս ոչ մեկը պատասխան չի տվել: Ընդդիմադիր կայքերն էլ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին ներկայացնում են որպես Միշիկ: Եվ դարձյալ պատասխանատվություն չեն կրում: Այսինքն, աղավաղված անունների այս փոխհրաձգությունը ընդհանուր կանոնների մեջ է, ինչպես ընդդիմությունն է որակում փեսային, այնպես էլ փեսայի կողմից վերասկվող TV-ներն ու կայքերն են պատասխանում ընդդիմադիր գործիչներին: Ինչպես և հակառակը:

Այսինքն, պարզ է, չէ՞՝ եթե իշխանության ձեռքին ճար լիներ, կպոկեր բոլոր այդ ընդդիմադիրների գլուխը, ինչպես հավիկների գլուխն են պոկում: Իսկ այստեղ փաստորեն թռել է «Հավիկ» որակողի գլուխը, որովհետև սա արդեն ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն չէ, իրենք իրենց մեջ են հարցեր լուծում: «Արմենիա»-ն, որ «Լյովիկ» որակողներից մեկն է, փաստորեն «Հավիկ»-ի համար մոնտաժողին և լրագրողին հեռացնելով ցույց է տվել, որ շարունակելու է ՀԱԿ պատգամավորին ըստ նպատակահարմարության որակել ինչպես քեֆն է տալիս: Իսկ, այ, Հավիկը, մարսելու բան չէ: Վստահեցնում եմ ձեզ, չկա այդպիսի Հավիկ, որ չմարսվի:

Հովիկ Աբրահամյանը վատ PR-շիկներ ունի: Նրանք կարող էին իրենց շեֆին հասկացնել, որ հեռուստաընկերության ցանկացած հակազդեցություն այդ վրիպակի հանդեպ դիպչելու է հենց իրեն՝ վարչապետին: Եթե վարչապետն ուզում է որևէ վերաբերմունք դրսևորել տեղի ունեցածի հանդեպ, կարող էր իր մոտ հրավիրել լրագրողին և հասկանալ տեղի ունեցածի դրդապատճառների մասին: Սակայն հիմա, երբ արդեն փաստ է, որ հեռուստաընկերությունը պատժել է լրագրողին և մոնտաժողին, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ աշխատանքից չի հեռացվել նույն Գագիկ Մկրտչյանը, որն աջ ու ձախ հայտարարում էր, թե լրագրողն ու մոնտաժողը հեռացվել են, ինչո՞ւ հեռուստաընկերության տնօրինության «գլուխը» չի թռել: Ո՞վ է ձեզ ասել, որ «Հավիկը» կարող է լինել լրագրողի և մոնտաժողի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, բայց չի կարող լինել հեռուստաընկերության տնօրինության և սեփականատերերի, նույն Միքայել Մինասյանի վերաբերմունքը Հովիկ Աբրահամյանի հանդեպ:

Ո՞վ է կասկածում, որ այս վրիպակը դեռ սպասվելիք խոշոր վրիպակների «հավիկներն» են: Եվ ինչպե՞ս են գտնելու այդքան լրագրողի, որոնք պատասխան են տալու բազում այդպիսի «հավիկների» համար:

Ցանկացած այդպիսի վրիպակ լրագրողի վերաբերմունքն է մինչև եթեր գնալը: Հենց եթեր գնաց, այն դադարում է լինել լրագրողի վերաբերմունքը: Ո՞վ է ստորագրում արդեն պատրաստի արտադրանքի տակ: Հաստատ ոչ այդ լրագրողը և մոնտաժողը: Եվ ինչու մի Հավիկ այդքան Աքլորների աշխուժացման պատճառ դարձավ իշխանության մեջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here