Տոհմիկ մտավորականության խնդիրը

0
157

Արտաշես Մամիկոնիչի ռուսահաճո նոր գրքի հրատարակումը և դրա բարձրաստիճան շնորհանդեսն ամբողջ գրոտեսկայնությամբ հանդերձ հավելորդս երևան հանեց հայ մտավորականության մեծ ողբերգությունը։ Ողբերգություն, որ գալիս է դարերի խորքից։

Մեր երկրի ու պետության համար ամենապատասխանատու ժամանակներում մարդիկ կամա թե ակամա սպասում են մեր մտավորականության սկզբունքային ու անկաշառ խոսքին։ Փառք Աստծո՝ նման խոսք հնչում է, ճիշտ է՝ հատուկենտ։ Այդ խոսքը խլացվում է դրանց հեղինակներից տասնապատիկ-հարյուրապատիկ շատ ու բազմաքանակ պաշտոնական մտավորականության ներկայացուցիչների կողմից։ Բազմաձայն այս ժխորը ծառայամիտ ու ստրկահաճ երգացանկ ունի՝ հովանավորված ամենաբարձր մակարդակով։ Բայց ինչո՞ւ, որտեղի՞ց նրանք հայտնվեցին, ինչպե՞ս այդպիսին դարձան, բա ո՞ւր են մեր զտարյուն մտավորականները։

Բոլորս էլ քանիցս խորհրդածել ենք այս հարցերի շուրջ և միանշանակ եզրակացության չենք եկել, քանի որ երևույթի արմատները խորն են, շատ խորը, դրանք թաղված են մեր պատմության խորխորատներում։ Քանիցս կտրվել է հայ ազգի գլուխը՝ անխնա ոչնչացվել է մեր մտավորականությունը, մեր քաղաքական, հոգևոր-մշակութային էլիտան։ Իսկ սա դժվար վերականգնվող որակ է։  Այսօրվա մեր մտավորականության գերիշխող որակն անցյալի դառը կորուստների ահավոր արձագանքն է, դհոլաձայն արձագանքը։

Իսկ կորուստներն իրո՛ք ահասարսուռ էին։

Մոտ 13 դար առաջ (ավելի ստույգ՝ 705 թ.) Նախիջևանում նստող արաբ զորավարն  իր մոտ է կանչում հայ նախարարներին։ Վերջիններս ներկայանում են իրենց մերձավորներով՝ ընդհանուր առմամբ շուրջ 2000 մարդ։ Հավաքի պատրվակը ոչինչ չէր գուժում՝ այրուձիի հաշվառում ու ռոճիկի վճարում։ Իրականում դա խաբեություն էր. մեր նախարարներին փակեցին Նախիջևանի և Խրամավանի եկեղեցիներում ու հրկիզեցին։ Ահա այսպիսի ահավոր հարված ստացավ հայ ազնվականությունը։

1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայ մտավորական։ Սակայն դրանով չավարտվեց հայ ազգի գլխատումը՝ ձերբակալված հայ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների թիվը ապրիլի 29-ին արդեն 800 էր։

Սրանք ընդամենը երկու օրինակ են՝ իրարից շատ հեռու։ Դրանցից առաջ և դրանցից հետո շատ անգամ է մեր ազգը գլխատվել։ Եթե վաղօրոք չեն էլ ոչնչացրել մեր մտավոր սերուցքը, ապա, միևնույն է, վտանգի պահին ու ճակատագրական ժամանակաշրջաններում այն առաջ է նետվել և կրծքով պաշտպանել հայրենիքը։ Այն չի խնայել իրեն, այն չի խուսափել փամփուշտից, այլ գնացել է փամփուշտին ընդառաջ։ Վերջին անգամ այդպես էր ղարաբաղյան պատերազմում։

Իսկ մնացել է այն, ինչ մնացել է։ Այդ մնացյալից վերստին հասարակական-քաղաքական էլիտա է ձևավորվել, բայց ամեն մի նոր էլիտա որակապես զիջել է նախորդին, որովհետև ամեն հաջորդ էլիտան ձևավորվել է «մնացյալից»։ Ահա այսպես անցել ենք դարերով և հասել մինչև Արտաշես Մամիկոնիչ։

Սակայն սա ողբերգության մի երեսն է միայն։ Երկրորդ երեսն ավելի ահավոր է։ Գլխատված ազգը և լավագույն ուղեղներից զրկված «էլիտան» կրկնակի նախահարձակ և երիցս դաժան է եղել հայրենական «արտադրության» լավագույն ուղեղների ու լավագույն մտքերի հանդեպ։ Հաճախ օտարի կարիք չէր էլ լինում, քանի որ մեր գորշ ու միջակ մտավորականությունը (ավելի ճիշտ՝ մտավորականության սուրոգատը) ինքն էր հաջողությամբ պոկում լուսավոր գլխի, լուսավոր մտքի ու լուսավոր հեռանկարի ցանկացած ծիլ։ Կամ էլ այնպիսի թունավոր միջավայր էր ստեղծում, որ լավագույն գլուխները, լավագույն մտքերը և լավագույն հեռանկարները պարզապես արտագաղթում էին։ Օտարներից մեկը ճշմարիտ է նկատել՝ մենք պանդուխտների դասական ժողովուրդ ենք։ Թեև կա մի նրբերանգ՝ իրականում մենք պանդուխտ մտքի դասական ժողովուրդ ենք։

Պանդխտել է մեր լավագույն միտքը, իսկ մնացյալն էլ դեգերել է սեփական և օտար արքունիքների նախադռներին։ Հայ ներկայիս մտավորականության գերիշխող որակը նախադռնային-ետնաբակային սերում ունի։ Նրանք ձեռնասուն են և սովոր են սնվել տիրոջ ափից։

Հաց և կրկես՝ ահա իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների երկու օղակները։ Այլ օղակ չկա, չի մնացել, ոչնչացրել ենք։ Ու այդ երկու օղակներն իրար ամրակապող՝ հացկատակ մտավորականություն։

Կտրվել է ոչ միայն ազգի գլուխը։ Վերացվել է ոչ միայն զտարյուն մտավորականությունը, այլև նրա հարազատ ու բարենպաստ մթնոլորտը, մտավորականամերձ միջավայրը, այն շրջապատը, որն ունակ է գնահատելու միտքն ու մտավորականին։ Եթե կարելի է այսպես ասել՝ նախամտավորականությունը, նախաէլիտան, կամ էլ՝ մտավորականության միջին խավը։ Վերացել է միտքն ու գաղափարը գնահատող լսարանը։ Հազվագյուտ լավ գրողը մնացել է առանց լավ ընթերցողի, լավ երաժիշտն առանց լավ երաժշտասերի։ Կտրվել է մտավորական սերունդների ու մտավորական ավանդույթների կապը։ Մեր երկրում չկա տոհմիկ մտավորականություն, սա է ամենամեծ ողբերգությունը։ Իսկ այն դժվար, շատ դժվար, երկար, շատ երկար է ձևավորվում։

Սակայն, փառք Աստծո, քանիցս պոկոտված-արմատախեղված, քանիցս թունավորված, քանիցս ոտնակոխ ու պատվակոխ արված հայ նախաստեղծ մտավորականությունն ուղղակի հրաշքով շարունակել է ծլարձակել ու հասել է մինչև մեր օրերը՝ ի հեճուկս ամենայն միջակության ու ապաշնորհության, ծառայամտության ու ստրկահաճության։ Նրանց թիվը երբեմն հասնում է կրիտիկական մինիմումի, որից այն կողմ հավերժական անհուսությունն է։ Սակայն այդ կրիտիկական մինիմումը երբեմն վերաճում է կրիտիկական մաքսիմումի, որից ավելին ակնկալելն ուղղակի անիրական է և որը նոր հրաշք գործելու ռեսուրսն է։ Այսօր մենք հենց այդ փուլում ենք, հենց այդ ինքնագիտակցման նախաշեմին։

Հայտնի լրագրող Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում ցավագնորեն ճշմարիտ բան է ասել. «Ձեր արժեհամակարգը, միևնույն է, չենք ընդունելու։ Մնացել ենք այնքան, որքան պիտի մնայինք, ինչպես ռազմի դաշտում այն բարեբեր և երանելի տարիներին, գնում էին այնքան, որքան պիտի գնային։ Բնության օրենքով է այդպես։ Երկիրը դատարկելու ձեր բոլոր ջանքերն այլևս արդյունք չեն տալու։ Մնացել ենք այնքան, որքան պիտի մնայինք։ Իսկ սա մնացածներիս երկիրն է, մենք և դուք, դեմ-դիմաց, ու արդեն գիտեք, որ մենք երկիրը լքողներ չենք»։

Ինչպես ասում են՝ նահանջի ճանապարհ այլևս չկա, ու զսպանակն էլ առավելագույնս ձգվել է։ Մեր զսպանակը։

Այսօր չունենք տոհմիկ մտավորականություն։ Բայց այսօր նաև որոշվում է՝ այն ունենալո՞ւ ենք երբևէ։ Թե՞ վերջ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here