Ազգային խորամանկության կառավարություն

0
136

Օլանդյան կրքերով տարված Հայաստանում երեկ Ազգային ժողովում էլ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել՝ առաջին ընթերցմամբ ընդունվել է Հովիկ Աբրահամյանի կառավարության բերած, ըստ էության, առաջին օրինագիծը՝ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի չվճարումների համար տույժերի և տուգանքների կասեցման մասին օրինագիծը: Հովիկ Աբրահամյանի կառավարության այս օրինագիծը անցել է խորհրդարանում:

Ի դեպ, ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել, այսինքն` «Բարգավաճ Հայաստանի» ձեռքը չի գնացել Հովիկ Աբրահամյանի բերած օրինագծին դեմ քվեարկելու: Այսինքն` չնայած այս օրինագծի շուրջ քառյակային ֆորմատի հուժկու խորհրդակցություններին, քառյակն ըստ էության անկարող է գտնվել թեկուզ ձևական միասնական դիրքորոշում արտահայտել կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանը բացարձակապես ոչ պատահական էր հայտնվել ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած քառյակի հանդիպմանը, և երիցս հաստատվեց նրա արտահայտությունը, որ քառյակ էլ չկա՝ կա վեցյակ: Ինչ վերաբերում է ընդունված բուն օրինագծին, ապա դրանով, ըստ էության, Հովիկ Աբրահամյանը, այսպես ասած, լարվածություն է թուլացնում, ինչը շատ անհրաժեշտ էր նրան նոր կառավարության մեկնարկի համար: Սակայն ոչ մի խնդիր, ըստ էության, չի լուծվում, որովհետև կասեցնել տույժերն ու տուգանքները մի բան է, կասեցնել վճարումները` լրիվ այլ բան:

Խնդիրն այն է, որ կառավարության լուծումն, ըստ էության, լուծում է կամ բավարարում է միայն ակտիվ քաղաքացիների խնդիրը, իսկ այն քաղաքացիները, որոնք հեռու են ակտիվ գործընթացներից, ակտիվ բողոքից, իրականում շարունակելու են պարտադիր-կամավոր կամ կամավոր-պարտադիր մուծումները, և այս հարցն, ըստ էության, հստակ լուծված չէ, այսինքն` թողնված է մանիպուլյացիաների տեղը:

Այլ կերպ ասած` Հովիկ Աբրահամյանը իրականում խորամանկում է: Խորամանկությունը լինելու է նոր կառավարության զբաղմունքը ընդհանրապես: Որովհետև դատելով այն խնդիրներից ու մարտահրավերներից, որ կան այսօր Հայաստանի առաջ, և այն կազմից ու որակներից, որ ունի նոր կառավարությունը, այդ կառավարությանը մնալու է միայն խորամանկելու տարբերակը, քանի որ խորքային լուծումների տարբերակի գործադիր նոր մարմինը ի վիճակի չէ ապրիորի:

Ընդհանրապես, խորամանկությունը դառնում է Հայաստանի, այսպես ասած, նոր ներքաղաքական իրավիճակի «կրեդոն»: Խորամանկությամբ են զբաղված բոլորը, որոնք իրենց լուման ունեն այս իրավիճակի ձևավորման գործում: Այդ իմաստով, ազգային համաձայնության կառավարություն չձևավորվեց, սակայն ձևավորվել է ազգային խորամանկության կառավարություն, որն էլ լայն թափով սկսել է իր աշխատանքը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here