Ալվինա, սիրուն աղջիկ

0
163

Սիրուշ Միրզոյանը խաղաղություն է ուզում:

Եթե խաղաղություն լիներ, նա կորցրած չէր լինի 21-ամյա ամուսնուն` Լևոն Պետրոսյանին:

Եթե խաղաղություն լիներ, նրա եղբայրները չէին հեռանա Ռուսաստան՝ աշխատանք գտնելու հույսով:

Եթե խաղաղություն լիներ, նա իր հնգամյա դստերը` Ալվինային, սրտի դողով չէր տանի մանկապարտեզ:

Եթե խաղաղություն լիներ, Ալվինան հայր կունենար:

Եթե խաղաղություն լիներ, գուցե Լևոնը դստերը՝ Ալվինային, տաներ մանկապարտեզ, մանկապարտեզից տուն բերեր:

Մայիսի 5-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում եմ: Չինարին ոչ թե հենց սահմանի վրա է, այլ ադրբեջանցի դիպուկահարների ափի մեջ [տեսանյութն այստեղ]:

Սիրուշ Միրզոյանին հանդիպեցի մանկապարտեզում: Եկել էր Ալվինային տուն տանելու:

Ալվինան ծնվել է հոր սպանությունից հինգ ամիս անց: Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից նրա հայրը սպանվել է 2008-ի ամռանը: Ամուսնուն հողին հանձնելուց շաբաթներ հետո Սիրուշ Միրզոյանը վերադարձել է հայրական տուն, իսկ ամիսներ անց՝ լույս աշխարհ բերել Ալվինային:

«Ալվինան ինչ գիտի հոր մասին»,- հարցնում եմ Սիրուշին:

«Գաղափար անգամ չունի, որովհետև միայն անունն է լսել, չի տեսել, որ պատկերացում կազմի, թե հայրն ինչ է: Ես էլ որ մեկ-մեկ հայրիկիս պապա եմ կանչում, ասում է՝ «պապիկ ասա, պապա մի ասա»: Չգիտի, թե ինչ է հայրը»,- դեմքի ափսոսախառն հայացքով պատմում է երիտասարդ այրին:

Ապա մեզ մոտեցավ Ալվինան: Նա կանգնեց մոր կողքին, ձեռքի թաթիկներով հետ տարավ երկար-երկար մազերը և արտասանեց: Նա արտասանում էր աշխարհի խաղաղության մասին: Ինձ թվում էր, թե աշխարհը շուռ է գալիս իմ գլխին: Ես սարսափելի գլխապտույտ ունեցա: Ես կորցրել էի տարածության ու հավասարակշռության զգացումը:

«Երկու քույր ենք, երեք եղբայր: Եղբայրներիցս մեկն ամուսնացած է, ապրում է Վանաձորում: Մյուս երկուսը նոր են մեկնել Ռուսաստան: Քույրս ամուսնացած է: Ապրում եմ հայրական տանը՝ ես, Ալվինաս, հայրս և մայրս: Մեր ապրուստի միակ միջոցը հողագործությունն է, բայց թշնամին չի թողնում, որ գործ անենք: Այստեղ ապրուստի միջոց չկա, որ կարողանաս աշխատել, քո երեխային պահել: Այդ պատճառով՝ եղբայրներս մեկնեցին, որպեսզի կարողանան մի քիչ օգնել մեզ, բայց այնտեղ էլ աշխատանք չկա: Հայրս էլ վերջերս առողջական խնդիրներ ունեցավ, հիվանդացավ: Անասուն էինք պահում, ծախեցինք, որովհետև չէինք կարողանում պահել, անընդհատ կրակոցներ են»- պատմում է Սիրուշը:

Անվիճելիորեն, Չինարին հայ-ադրբեջանական սահմանի ամենավտանգավոր գյուղն է: Հակառակորդի տեսադաշտում են Չինարիի գրեթե բոլոր տները, ճանապարհները, դպրոցը, մանկապարտեզը: Վերջերս Չինարիում` դեպի դպրոց, մանկապարտեզ և գերեզմանատուն տանող ճանապարհին Focus on Children կազմակերպության նախաձեռնությամբ կանադական 300 բարդի տնկվեց: Այդ բարդիները տարիներ անց պետք է մեծանան ու փակեն դիպուկահարի տեսադաշտը: Փառանձեմ Աղասյանը այս մանկապարտեզի տնօրենն է արդեն 14 տարի:

«Մենք գտնվում ենք հենց թշնամու տեսադաշտում: Մեզանից մինչև հակառակորդի դիրքեր մի քանի հարյուր մետր է: Այսինքն, հիմա, երբ մենք զրուցում ենք, նրանք մեզ հեռադիտակով տեսնում են և ամեն վայրկյան կարող են կրակել: Կրակում են, երբ ուզում են: Ամեն անգամ կրակոցներին մենք ունենում ենք վնասներ՝ տանիքի վրա, պատերին: Մենք ներսում ունենք ապահով սենյակ, ուժեղ կրակոցներին երեխաներին ներս ենք տանում, բարձր երաժշտություն ենք միացնում, հեքիաթ կարդում, երգել ենք տալիս, որպեսզի չլսեն կրակոցները: Բայց երեխաները արդեն գիտեն, որ գնում ենք այդ սենյակ, ուրեմն, ընկեր Փառանձեմ, արդեն կրակում են: Չեն վախենում, արդեն մենք սովորել ենք այս կյանքին»,- ասում է մանկապարտեզի տնօրենը:

Դպրոցը նույնպես հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Այս դպրոցը կրում է Վահրամ Սաղոյանի անունը: Երբ Վահրամը սովորում էր այս դպրոցում, դեռ հայ-ադրբեջանական բարեկամությունն էր քարոզվում` պետականորեն: Վահրամը զոհվել է 1994-ին` ադրբեջանցիների կրակոցից: 21 տարեկան էր: Վահրամը թաղվել է գյուղի նորակառույց զբոսայգու տարածքում: Նրա տապանաքարի վրա գրված է. «Էհ, Վահո, Վահո»:

Գրետա Դալլաքյանը դպրոցի տնօրենն է: Երբ նա մի քանի տարի առաջ դարձավ տնօրեն, դպրոցում սովորում էր 130 աշակերտ, այսօր 117 է:

«Մեր գյուղի ամբողջ տարածքը թիրախի տակ է, քանի որ կարող են ինչպես մեծ, այնպես էլ փոքր տրամաչափի ցանկացած զենքով, նաև դիպուկահարների կողմից վտանգի ենթարկել յուրաքանչյուրիս կյանքը: Մեր դպրոցը թիրախի տակ է: Այ, այս նստարանին նստած երեխան ուղիղ նայում է նրանց դիտակետին: Եթե առաջին կրակոցը ոչ մեկիս չի վնասում, ապա երկրորդ կրակոցի դեպքում արդեն պաշտպանվում ենք: Մենք երեխաներին տանում ենք մյուս կողմը, կա՛մ երաժշտություն ենք միացնում, կա՛մ միջոցառում անցկացնում»,- պատմում է դպրոցի տնօրենը:

Գրետա Դալլաքյանը կարծում է, որ դպրոցի պատուհանները, որոնք նայում են դեպի հակառակորդի դիրքեր, պետք է փակվեն: Տնօրենը մտածում է դասեր անել միայն այն սենյակներում, որոնց պատուհանները չեն նայում հակառակորդի դիրքերին:

Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասում է, որ զինադադարից հետո խաղաղությունը դեռ չի եկել Չինարի: Պատերազմի տարիներին և զինադադարից հետո Չինարում սպանվել է 21 խաղաղ բնակիչ, 9 ազատամարտիկ, շուրջ չորս տասնյակը վիրավորվել է, վնասվել է 137 տուն:

«Առայսօր թշնամին այնպիսի դիրքերում է, որոնք անմիջապես հսկում եմ գյուղի և՛ շենքերի, և՛ վարելահողերի, և՛ ամբողջ տարածքի վրա: Ադրբեջանցիները նենգաբար միշտ էլ խախտում են հրադադարը: Ամեն տարի զոհեր ենք ունենում խաղաղ բնակիչներից, անասունների մասին էլ չեմ ասում: Մենք դեռ չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք պատերազմի մեջ ենք, ամեն վայրկյան սպասում ենք, որ կկրակեն: Շուրջ 700 հեկտար հող չի մշակվում, ադրբեջանցիները չեն թողնում, որ հողը մշակենք»,- ասում է գյուղապետը:

Չնայած կառավարությունը, անհատ բարերարներ ու կազմակերպություներ ուշադրության կենտրոնում են պահում Չինարին, օգնում են, սակայն կրակոցների վտանգը մարդկանց ստիպում է իրենց երեխաների ապագան փնտրել այլուր` Հայաստանի այլ քաղաքներում, Երևանում, Ռուսաստանում:

«Երիտասարդությունը հեռանում է: Բնականաբար, պետք է պակասի ծնվող երեխաների քանակը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավականին նվազել է բնակչության քանակը»,- ցավով պատմում է գյուղապետը:

«Բայց ես լավատես եմ: Չորս որդի ունեմ, չորսն էլ Չինարիում են: Երկուսին ամուսնացրել եմ: Թոռնիկ ունեմ: Ես լավատես եմ»,- ասում է գյուղապետը:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here