Արևմուտքի կործանումը կանխատեսողներին

0
141

Հայաստանում հաճախ տարբեր իրադարձությունների հետ կապված քննարկվում է «Արևմուտքի վախճանի» հարցը: Ընդհանրապես, Արևմուտքի վախճանը կանխատեսելու համար անհրաժեշտ է հասկանալ վերջինիս վերելքի պատճառները:

Արևմուտքի վերելքը պայմանականորեն սկսում է 16-րդ դարից, երբ Եվրոպան առաջ անցավ իր պետականաշինության գործում աշխարհի մնացած պետություններից և սկսեց ընդլայնվել: Դեռ 13-րդ դարում Անգլիայում սկսեցին ձևավորվել ժողովրդավարական ինստիտուտներ: 1215 թ. Անգլիայի թագավորը ստորագրեց Ազատությունների մեծ խարտիան, որով սահմանափակվում էր նրա լիազորությունները և դրվում էին Անգլիայում սահմանադրական իրավունքի հաստատման առաջին հիմնաքարերը։

17-18-րդ դարերում Անգլիայում և Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխություններն ամրապնդեցին ժողովրդավարական ինստիտուտները և հիմք դրեցին շուկայական տնտեսության զարգացման համար: Նույն ճանապարհով գնաց ԱՄՆ-ը: 18-րդ դարի վերջում տեղի ունեցած անկախության համար պատերազմից հետո՝ 1787թ. ԱՄՆ-ն ընդունեց սահմանադրություն, որը դարձավ նրա՝ գերտերություն դառնալու հիմքը: Նույն թվականին Ադամ Սմիթը հրապարակեց «Ազգերի հարստությունը» գիրքը՝  փաստարկելով, որ ազգերի հարստությունը բխում է ազատ շուկայական տնտեսությունից և դրա ինստիտուտներից։

Հետագայում պատմական փորձը ցույց տվեց, որ այդ ինստիտուտներն են կարողանում ապահովել պետության կայուն զարգացումն ու հարատևությունը։  Ճիշտ է՝ տնտեսական զարգացման այլ մոդելներ ևս կան, սակայն դրանք երկարաժամկետ հատվածում հիմնականում ձախողել են: Օրինակ՝ Խորհրդային Միությունը նույնպես ունեցել է տնտեսական զարգացում, սակայն պատմությունը ցույց տվեց, որ այդ երկրի տնտեսության կառավարման մոդելը չկարողացավ ապահովել երկարաժամկետ զարգացում և փլուզվեց: Խորհրդային Միությունը փլուզվել է ոչ թե արժեքային ճգնաժամի պատճառով, այլ տնտեսական և պետական կառավարման մարմինների ձախողման։

Այսօր ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով առաջատար տասը պետություններից ութը ժողովրդավար և ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրներ են: Նրանցից յոթը ներկայացնում են Արևմտյան աշխարհը, իսկ ութերորդը Ավստրալիան է, որը քաղաքակրթական և մշակութային առումով նույնպես ժողովրդավար Արևմուտքի մասն է։

Արևմուտքի վերելքի համար կարևոր գործոն են հանդիսացել պետական ինստիտուտները, որոնք մրցակցային դաշտ են ապահովել հանրության հնարավորինս լայն շերտերի համար: Հենց դա է ապահովել այդ պետությունների վերելքը։

Համեմատության համար նշենք, որ այդ ութ երկրներում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 50 000 դոլարից մինչև 100 000 դոլար է, իսկ Հայաստանում այդ նույն ցուցանիշը կազմում է 3 000 դոլար:

Արևմուտքում կառավարման համակարգի պատճառով հանրության պայքարի հիմնական թիրախ են կոռուպցիան, կաշառակերությունը և հանրային միջոցների վատնումը։ Դրա համար էլ կաշառակերները դատվում են, մի շարք մայրաքաղաքներում պաշտոնյանները հանրային տրանսպորտով կամ հեծանիվով են աշխատանքի գնում, իսկ հանրության լայն զանգվածները օգտվում են երկրի բարիքներից:

Ճիշտ է՝ այսօր Արևմուտքն այլևս բացարձակ առաջատար չէ աշխարհում․ այլ երկրներ ևս զարգացել ու տնտեսական հզորություն են ձեռք բերել, սակայն Արևմուտքը դեռ երկար կմնա առաջատարների ցուցակում, քանի որ Արևմուտքի վերելքի պատճառը եղել և մնում են ժողովրդավարական և շուկայական ինստիտուտները։

Արևմուտքի վախճանի պատճառ կարող է դառնալ այդ ինստիտուտների ոչնչացումը: Այս պահին ժողովրդավարական և շուկայական ինստիտուտները գրանցում են առաջընթաց և կործանման որևէ նշույլ չկա։

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here