Դերասանուհի, որ ոչ մեկին ծափերի բաժին չթողեց. Սվետլանա Գրիգորյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել դերասաններ ու մտավորականներ

0
159

Այսօր Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը: Հայտնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել դերասաններ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, նրա արվեստի երկրպագուներ, հասարակ քաղաքացիներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ղազարյանը նշեց, որ Սվետլանա Գրիգորյանի մահը մեծ ցավ է բոլորիս: «Հայ ազգի մարդ էր ինքը, հայ ազգի սեփականությունն էր, բոլորս էինք նրան սիրում: Շատ կարևոր արվեստագետ պակասեց: Շատ համով կին էր՝ թե´ լավ մարդ էր, թե´ լավ դերասան, բայց, դե, բնությանը դեմ չես կարող գնալ»,- ասաց դերասանը՝ ափսոսանք հայտնելով մեզնից հեռացող արվեստագետների համար:

«Հզոր դերասանուհի էր՝ իմ տեսած, ճանաչած ամենավառ, փոթորկուն դերասանուհին, մի դերասանուհի, որ ոչ մեկին ծափերի բաժին չթողեց, բոլոր ծափերը իրեն եղան արժանիորեն»,- խոսելով սիրված դերասանուհու մասին՝ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երբ հեռանում են մեծերը, աշխարհն այնուամենայնիվ կանգ չի առնում, պետք է շարունակվի: «Եթե ասում էին՝ Կարպի թատրոնը, հիմա պետք է ասեն նաև՝ Սվետիկի թատրոնը, արդարացիորեն պետք է ասեն: Փառք ու պատիվ այն ժողովրդին, որ ծնեց Սվետլանա Գրիգորյանին»,- ասաց Ե. Ղազանչյանը:

Սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Սվետլանա Գրիգորյանի մասին խոսելիս հազիվ էր զսպում արցունքները: Դերասանուհին արցունքն աչքերին նկատեց, որ հայ թատերական աշխարհը մեծ կորուստ ունեցավ՝ «մենք բոլորս կորցրինք ծիծաղի, հումորի վարպետի, տաղանդավոր դերասանուհու, ժողովրդի կողմից սիրված նվիրյալ մարդու»:

«Նրա տեղը երկար թափուր կմնա մեզ համար: Նա այն երջանիկ դերասանուհիներից էր, որ բոլորը սիրում էին նրան: Բեմ դուրս գալիս բեմը լցվում էր: Թատրոն էր ուղնուծուծով: Անընդհատ վատ էր զգում, որ չի խաղում: Նա հեռացավ՝ թողնելով մի բարի անուն»,- հուզված ասաց դերասանուհին:

«Դերասաններն անփոխարինելի չեն, դերասաններն անկրկնելի են: Նա պարզապես անկրկնելի է, ում սիրում էին բոլորը՝ առանց բացառության: Հայ բեմի թագուհի էր բառիս ամենաիսկական իմաստով: Ինքը մի ամբողջ թատրոն էր իր անցած կյանքով: Շատ ծանր կորուստ է հայ բեմի համար», -նման կարծիք հայտնեց սիրված դերասան Արթուր Կարապետյանը:

Դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը, խոսելով սիրված դերասանուհու մասին, նշեց, որ ինքը դեռ չի կարողանում ընկալել դերասանուհու մահը: «Մարդ, ով թատրոնից բացի այլ բան չուներ, անմնացորդ նվիրված էր հայ թատրոնին ու բեմին, շատ մեծ կորուստ է հայ բեմի ու թատրոնի համար»,- ցավով նշեց դերասանուհին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here