Կուտակայինի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

0
137

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը, մայիսի 15-ին Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ` ձայների 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մայիսի 13-ին: 

Օրինագծին դեմ են քվեարկել «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները, բացի Հրանտ Բագրատյանից, որը ձեռնպահ է քվեարկել: ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ քանի որ իրենց առաջարկը չի ընդունվել, իրենք դեմ են քվեարկել: ՕԵԿ-ն առաջարկում էր աշխատողներից կուտակային պահումներ չկատարել, եթե նա դիմում չի ներկայացրել պարտադիր կուտակային կենսաթոշակին մասնակցելու համար: 

Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ են քվեարկել, Հանրապետականը` կողմ: Ի դեպ` Ազգային ժողովում լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ քվեարկում իրենց բացակա գործընկերների փոխարեն:

Կառավարության այս նախագիծը ԱԺ-ում ապրիլի 29-ին ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ավարտվել էր կառավարության ներկայացրած նախագիծի քննարկումը: 

Ըստ պաշտոնական հիմնավորման` նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ստանալ հետևյալ արդյունքը` 

1) գործատուն ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտականությունից, եթե մասնակիցը գործատուին է ներկայացնում համապատասխան դիմում,

2) Վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների համար (անունից) կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը (գործատուն, հարկային գործակալը) ազատվում է օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից,

3) պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները Օրենքով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում անկախ մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու հանգամանքից, եթե գործատուն կատարում է եկամտային հարկի պարտավորությունը և ներկայացնում է համապատասխան անձնավորված հաշվարկը (պետությունը կատարում է իր պարտավորությունը` անկախ մասնակցի կողմից կուտակային վճար կատարելու հանգամանքից):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here