Մինսկի խմբի շատ հետաքրքիր այցը տարածաշրջան

0
167

Մուսա Միքայելյան

Երեկ հայտնի է դարձել, որ վաղը տարածաշրջան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Համանախագահների հերթական այցը հետաքրքրական է դառնում մի քանի օր առաջ նրանց արած հայտարարությունների ֆոնին:

Նախ` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց կարգավորման տարբերակների մասին, որոնք մեզ բոլորիս հայտնի տարբերակներն են Մադրիդյան սկզբունքներից, որ կողմերին ներկայացվել են 2007 թվականին, և հետո հրադադարի 20-ամյակի կապակցությամբ հայտարարության մեջ Ուորլիքի հայտարարությունները երկրորդեցին համանախագահները, այսինքն` արդեն երեքով միասին:

Եվ ահա այս հայտարարություններից հետո նրանք գալիս են տարածաշրջան, և այս դեպքում արդեն իսկապես հետաքրքրական է դառնում, թե ինչով են գալիս: Առավել ևս, եթե նկատի ունենանք նաև, որ նրանք գալիս են Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի տարածաշրջան, այդ թվում` Հայաստան և Ադրբեջան կատարած այցից հետո:

Օլանդը Հայաստանում և Ադրբեջանում խոսել էր ղարաբաղյան կարգավորման գործընթացում փոփոխությունների և հիմնական համաձայնությունների անհրաժեշտության մասին, իսկ Վրաստանում էլ հայտարարել էր, որ կցանկանար, որպեսզի Վրաստանը ևս ներգրավվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Հայտարարությունների մակարդակով այս ակտիվությունը նոր լույսի ներքո է ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցի սպասումը: Առավել ևս, որ համանախագահները այցելելու են նաև Քարվաճառ ու Բերձոր, որոնք հանրությանը հայտնի են նաև Քելբաջար ու Լաչին: Հենց այդ անուններով է, իհարկե, գրառում արել իր թվիթերյան էջում ամերիկացի համանախագահ Ուորլիքը` տեղեկացնելով համանախագահների այդ սպասվելիք այցերի մասին:

Ըստ էության, իհարկե, այստեղ էլ առանձնապես նոր բան չկա, և առաջին անգամ չէ, որ համանախագահները այցելելու են ազատագրված տարածքներ: Սակայն ներկայիս ակտիվությունն, իհարկե, դժվար է վերագրել զուտ իմիտացիոն գործընթացների, որովհետև իմիտացիայի լինել-չլինելը անկասկած չի որոշվում հենց այս պահին կամ վաղը կարգավորման որևէ բեկումնային որոշմամբ: Ավելին` ակտիվությունը կարող է նաև ընդհանրապես պայմանավորված չլինել միայն ղարաբաղյան խնդրով, որովհետև այս խնդիրը ըստ էության վաղուց դարձել է միջազգային ավելի լայն հարաբերությունների հարթակ:

Ի վերջո չի բացառվում, որ համանախագահներն այս փուլում ըստ էության շատ ավելի պարզ խնդիր են ուզում լուծել՝ կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպումը, իսկ հետո, ինչպես ասում են՝ կերևա:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here