Նոր կառավարությունը՝ Մաքսային միությանն ընդառաջ

0
126

Հովհան Մանդակունի

Հովիկ Աբրահամյանը այսօր հայտարարել է, որ մինչև հուլիսի 1-ը խոշոր գործարարներին ժամանակ է տվել, որ ստվերից մտնեն հարկային դաշտ: Եթե չմտնեն, ապա Աբրահամյանը սպառնում է գործի դնել իրենց հնարավորությունները՝ հայտարարելով նաև, որ իհարկե վստահ է, որ բոլորը կմտնեն այդ դաշտ: Փաստորեն, մինչև հուլիսի 1-ը Հայաստանում խոշոր բիզնեսին կամ, այլ կերպ ասած, օլիգարխիային ժամանակ է տրված խախտելու Հայաստանի Հանրապետության օրենքները:

Սա Հայաստանում շատ հետաքրքիր ավանդույթ է դառնում: Սահմանադրական դատարանն էլ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի վերաբերյալ որոշում է կայացնում, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, սակայն հայտարարում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը գործում է, այսինքն՝ ժամանակ է տրվում իշխանություններին՝ մինչև սեպտեմբերի 30-ը շարունակել խախտել Սահմանադրությունը:

Օրինախախտման, հակասահմանադրական գործողությունների ժամկետային քարտ-բլանշները Հայաստանի իշխանությունների առանձնահատկությունն են երևի թե, չնայած գուցե նման առանձնահատկություն ունեն բոլոր «մաքսային» իշխանությունները: Ընդ որում՝ բառի բուն և պատկերավոր իմաստով, այսինքն՝ մաքսավոր իշխանությունները: Այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երևի թե դառնում է հենց մաքսավորության խորհրդանիշը Հայաստանում: Այսինքն՝ այս կառտավարության կազմում ամենաազդեցիկ նախարարն է դառնում մաքսավոր Գագիկ Խաչատրյանը, որը գերնախարարություն է գլխավորում՝ ֆինանսների նախարարությունը, ներառյալ ՊԵԿ-ը՝ հարկայինն ու մաքսայինը, և վրադիր՝ իրավապահ համակարգի գործառույթները, որ կառավարության որոշմամբ տրվում է նոր նախարարությանը տնտեսական հանցագործությունները քննելու մասով:

Այսօր էլ Հովիկ Աբրահամյանը Գուգարքի մաքսատան պետ Հովիկ Աբովյանին է նշանակել Տավուշի մարզպետ: Ինչպես երևում է, մաքսավորները Հայաստանի իշխանական համակարգում դառնում են չափազանց պահանջված կադրեր՝ Մաքսային միությանն ընդառաջ, նաև, այսպես ասած, ըստ հայաստանյան իշխանական համակարգի բնույթի: Այդ համակարգը իր մաքսավոր բնույթով ներկայումս ռևանշի է հասել նոր Հայաստանի, մոդեռնացված Հայաստանի ապագայի տեսլականի նկատմամբ, հետևաբար մաքսավորների պահանջարկը լիովին ներդաշնակ է նոր համակարգի բնույթին: Ըստ որում՝ մեկ այլ խորհրդանշականություն է և այն, որ խոսքը Տավուշի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ըստ էության բաստիոն մարզի մասին է, որը ամենաերկար սահմանն ունի հակառակորդ Ադրբեջանի հետ, ունի ամենավտանգավոր սահմանը, որտեղ ամենահաճախն են լինում ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության տարածքի և քաղաքացիների նկատմամբ, և, ըստ էության, Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի երևի թե ամենակարևոր մարզը: Այսինքն՝ հենց այս մարզում երևի թե առաջին հերթին պետք է դրսևորվի Հայաստանի իշխանական համակարգի ադեկվատությունն առկա մարտահրավերներին: Եվ հենց այս մարզում մաքսավոր կադրի նշանակումը մարզպետի պաշտոնին երևի թե դառնում է Հայաստանում վերադասավորված նոր իշխանական համակարգի «ադեկվատության. ցուցիչը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here