Սպառողների վստահությունը հատել է

0
147

Կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի Սպառողների վստահության ցուցանիշը, որը կազմվել է 1817 տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։ Ընթացիկ հունվար-մարտին Սպառողների վստահության ինդեքսը կազմել է 40,8 կետ՝ գտնվելով անկման միջակայքում։ Ցուցանիշն ամենացածր է վերջին ինը տարիների ընթացքում՝ ինդեքսի հրապարակումից ի վեր։

Սպառողական վստահության ինդեքսն ամենացածրն է 2005թ. երրորդ եռամսյակից (ինդեքսի հրապարակման սկիզբ) ի վեր, ինչը նշանակում է, որ սպառողների գնահատմամբ այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական պայմաններն ամենավատն են եղել վերջին ինը տարիների ընթացքում։ Նույնիսկ ճգնաժամային 2009-ին սպառողներն ավելի լավատես էին՝ ինդեքսը գտնվել է 42,5-45,4 միջակայքում։

Ըստ ցուցանիշի հաշվարկի մեթոդաբանության՝ ինդեքսը տատանվում է 0-ից 100 միջակայքում։ Ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, արժեքների 45-ից 55 միջակայքը գնահատվում է որպես «կայունության միջակայք»:

Թեև այս տարվա առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում 3,3% տնտեսական ակտիվություն ու միջին անվանական աշխատավարձերի 6,6% աճ է արձանագրել, տնային տնտեսությունները ընթացիկ տնտեսական վիճակի ու սեփական եկամուտների փոփոխություն չեն նկատել, անգամ վատթարացում են արձանագրել։ Առաջին եռամսյակի ընթացիկ պայմանների ցուցանիշը կազմել է 31,5՝ շուրջ 2 տոկոսային կետով զիջելով 2013թ. չորրորդ եռամսյակի արժեքին: Ընթացիկ պայմանների նման ցածր ցուցանիշ ևս չի գրանցվել 2005-ից ի վեր։

Այս տարվա առաջին եռամսյակում համամասնորեն նվազել են ընթացիկ պայմանները նկարագրող երեք ցուցանիշներն էլ (խոշոր գնումներ կատարելու փաստ, տնային տնտեսության ֆինանսական վիճակի փոփոխություն, ընդհանուր տնտեսության վիճակի գնահատականներ)։ Սպառողների գնահատմամբ «վատ» է նաև ընդհանուր տնտեսության վիճակը, համապատասխան ցուցանիշը կազմել է 15,9։

Այդուհանդերձ, սպասումները սպառողների մոտ լավատեսական են. ապագա պայմանների ցուցանիշը կազմել է 50 կետ։ Բայց պետք է հաշվի առնել, որ այս ցուցանիշը կայուն միջակայքում է երեք եռամսյակ շարունակ։ Այլ կերպ ասած, մինչ այս էլ, մասնավորապես 2013թ. չորրորդ եռամսյակում, սպառողներն ապագայի հարցում լավատեսորեն են տրամադրված եղել, թեև ակնկալիքները չեն իրականացել։ Դրա մասին է վկայում այս եռամսյակում ընթացիկ պայմանների ցուցանիշի վատթարացումը 2 տոկոսային կետով։

Ի դեպ, ԿԲ-ի հարցումներն անցկացվել են մինչև Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալը (ապրիլի 3-ը) և գործադրի փոփոխության գործոնն արտացոլված չէ ինդեքսներում։ Այս առումով ուշագրավ կլինեն այս տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշները, որոնք արդեն կարտացոլեն կառավարության փոփոխության նկատմամբ սպառողների գնահատականները։

Արմենակ Չատինյան – Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here