Վարչապետը կարևորում է գիտելիքահեն հասարակության կայացումը

0
108

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա է եղել նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռևս 2005թ.` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալով: Բոլոնիայի գործընթացին մեր կողմից տրվող կարևորությունն արտացոլված է ՀՀ կողմից՝ 2012 և 2015 թթ. Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարությունը ստանձնելու և 2015թ. Երևանում Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացնելու մեր հանձնառություններում: Սա լավ հնարավորություն է սերտացնելու մեր համագործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ ակադեմիական կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդման»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:      

Վարչապետի խոսքով՝ կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա, Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, հատկապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում:

«Գիտելիքի վրա հիմնված կառուցվող տնտեսության վառ ապացույցներ կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են լայնածավալ օտարերկրյա ներդրումների ներգրավող մեր երկրի ամենաարագ զարգացող տնտեսության ճյուղերը»,- ասել է վարչապետը:

Նա գոհունակություն է հայտնել վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի գումարման առնչությամբ, որը կրում է «Աշխատանքի շուկայի համար որակավորումներ» խորագիրը:

Կրթության ոլորտին առանձնակի ուշադրության արժանացնելու համար Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը ՀՀ վարչապետին պարգևատրել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here