Անբացատրելի անբարոյականություն

0
136

Հեղինակ՝ Արամ Ամատունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ընտանիքի օրվա կապակցությամբ այսօր ուղերձ էր հղել երևանցիներին, որում նրանց մաղթում էր 7 որդով սեղան նստել: Դժվար է այդ ուղերձները ընթերցել առանց արցունքները թաքցնելու, եթե չլինի մի բայց՝ այդ ուղերձների հեղինակների հակապետական բացահայտ գործունեությունը: Ո՛չ, նորից չենք խոսի Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին, երբ նա, ըստ էության, զբաղված չլինելով ոչ մի բիզնեսով և միայն պետական պաշտոններ զբաղեցրած լինելով` կուտակել է միլիոնավոր դոլարների ունեցվածք:

Ընտանիքի օրվա առիթով ուղերձ է հղում և երևանցիներին 7 որդով սեղան մաղթում մի պաշտոնյա, որը մի քանի օր առաջ որոշում է կայացրել Երևանում խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը դնելու մասին, որը մի քանի օր առաջ հաստատել է, որ ինքը համաձայն է արձանը դնելուն, որի վերաբերյալ Երևանի ավագանին իր կայացրած որոշումը այդպես էլ չի փոխել: Իսկ ո՞վ է Անաստաս Միկոյանը: Անաստաս Միկոյանը մի մարդ է, որի ստորագրությամբ գնդակահարվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ հայեր և այլ ազգի ներկայացուցիչներ: Այսինքն` Անաստաս Միկոյանը մի մարդ է, որը քանդել է, դժբախտացրել է տասնյակ հազար ընտանիքներ, որը դժբախտացրել է տասնյակ հազար որդիների և դուստրերի, տասնյակ հազար կանանց և ամուսինների:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշում կայացնող պաշտոնյան բարոյական որևէ իրավունք չունի երևանցիներին շնորհավորել Ընտանիքի օրվա կապակցությամբ և 7 որդով սեղան մաղթել: Եվ այն, որ Տարոն Մարգարյանը կայացրել է Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումը` վկայում է, որ Ընտանիքի օրվա ուղերձներն ուղղակի ձևականություն են, կեղծ բարեպաշտության դրսևորում, եթե այդ ուղերձների հեղինակը Միկոյանի արձան է տեղադրում Երևանում՝ տասնյակ հազար ընտանիքներ դժբախտացրած մարդու արձան, ռեպրեսիաների խորհրդանիշ մարդու արձան, ուրեմն ինքն իր ուղերձների բովանդակությունն ու դրանցում արծարծվող արժեքները խորությամբ չի ընկալում:

Այս ամենը բացարձակապես երկրորդական հարց չէ, ինչը հաստատվեց կրկին երեկ՝ Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու խոսքով: Ռաչինսկին հայտարարեց, որ անբարոյություն է Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելը, որի ստորագրությամբ տասնյակ հազար մարդիկ զրկվել են կյանքից: Ասել կուզի` Հայաստանում Միկոյանի արձանի տեղադրումը դառնում է ինչ-որ առումով միջազգային հնչեղության հարց, որ հնչեցնում է Լեհաստանի դեսպանը: Լեհաստանն այս դեպքում, այսպես ասած, անմիջական կապ ունեցող երկիր է՝ Միկոյանի ստորագրությամբ են Կատինում գնդակահարվել ավելի քան երկու տասնյակ հազար լեհ սպաները: Ի դեպ, հենց այդ ողբերգության հիշատակի արարողությանն էր մեկնում Լեհաստանի հանգուցյալ նախագահ Լեխ Կաչինսկին, որի օդանավն աղետի ենթարկվեց Սմոլենսկում:

Այսինքն` Կատինի պարագան կարող է հուշել, որ Լեհաստանն, այսպես ասած, չեզոք կողմ չէ և այդ իսկ պատճառով անտարբեր չի մնում Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու քաղաքապետարանի որոշման հանդեպ: Սակայն, միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, թե ինչ է Լեհաստանը: Լեհաստանը Արևելյան Եվրոպայի երևի թե ամենաարագ զարգացող և ազդեցիկ պետությունն է, որն ազդեցիկ է դարձել նաև Եվրամիությունում ընդհանրապես: Նա, իհարկե, ԵՄ առաջին ջութակներից չէ, սակայն արդեն բավական կարևոր և նշանակալից դերակատարում ունի այդ կառույցում, ունի քաղաքական մեծ կշիռ, ի վերջո` հանդիսանում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի համակարգող երկիրը: Եվ եթե այդ երկրից հնչում է այդպիսի գնահատական, ապա մեղմ ասած` մոլորություն կլիներ չհասկանալ, որ այդ գնահատականը ինչ-որ առումով նաև համաեվրոպական գնահատական է, Եվրոպայից Հայաստանին տրվող գնահատական է:

Ընդ որում` շատ հատկանշական է դառնում և այն, որ նման գնահատական տրվում է Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո, որտեղ նա հայտարարեց, որ Եվրամիությունը պետք է Հայաստանի հետ ասոցացման նոր մոդել գտնի, որը չհակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Օլանդը հայտարարել էր Երևանում, որ հասկանում են ՄՄ գնալու Հայաստանի որոշման մոտիվները: Եվ ահա, մեկ օր անց Եվրամիության մեկ այլ կարևոր երկրի դեսպան հայտարարում է, որ անբարոյականություն է Միկոյանի արձան տեղադրելը: Այլ կերպ ասած` Եվրոպան ասում է, որ եթե մեծ դժվարությամբ, բայց հասկանում է սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը և չնայած դրա խայտառակ բնույթին, այդուհանդերձ մինչև հիմա անբարոյականություն չի որակել և ընդամենը պայմանավորել է ՀՀ իշխանությունների վախերով, պարզ բնազդներով, ապա Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումն ուղղակի անհասկանալի է:

Այստեղ հարցն ամենևին արձանը չէ, այլ արձանը որպես ստալինյան ռեպրեսիվ ժամանակների խորհրդանիշ, որը ներդրվում է Հայաստանում համապատասխան մթնոլորտի շրջանակներում: Եվ Եվրոպայից ակնհայտորեն տագնապալի մեսիջ է գալիս ի դեմս Լեհաստանի դեսպանի տված գնահատականի, որ եթե ՄՄ-ին անդամակցության քաղաքական որոշումը ինչ-որ տեղ ունի թեկուզ վիճելի, բայց բացատրություններ, ապա արձանի դեպքում, այսինքն` արդեն Մաքսային միության կամ ստալինյան «բարոյականության» ներդրման դեպքում որևէ բացատրություն գտնելն ուղղակի անհնար է, և դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները ոչ թե վախից, այլ պարզապես իրենց տեսակից ու մտածողությունից ելնելով են կայացրել նաև ՄՄ մտնելու որոշումը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here