Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկա-դատապարտյալին շտապ վիրահատություն է պետք, բայց նա վախենում է մահափորձից

0
120

Հեղինակ՝ Սոնա Հարությունյան

«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախ մականունով, նամակ է գրել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որի հիման վրա վարույթ է սկսվել:

Բանն այն է, որ քրեակատարողական վարչության բժշկական անկախ հանձնաժողովը դատապարտյալին շտապ վիրահատություն է նշանակել, որն իրականացնելու համար պատապարտյալին պետք է հատուկ կարգով հսկողությամբ տեղափոխեն Երևան՝ քաղաքացիական հիվանդանոց, ինչը, ըստ դատապարտյալի, վտանգ է ներկայացնում իր կյանքի համար: Նա մտավախություն ունի, որ Երևան տեղափոխելու ճանապարհին հնարավոր է՝ իր նկատմամբ մահափորձ իրականացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը մշտապես բարձրաձայնել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի իրականացրած հանցագործությունների մասին, և ոչ միայն դա:

Պաշտպանի գրասենյակ ուղարկված նամակում դատապարտյալը մասնավորապես գրում է. «ՀՀ պետական բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատար որոշ անձանցից ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ներքին զորքերից և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության արագ արձագանքման հատուկ նշանակության խմբի անդամների կազմավորված հանցավոր խմբի կողմից բացառապես քաղաքական դրդապատճառներով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 2006 թվականի ապրիլի 29-ին իմ նկատմամբ իրականացված պատվիրված և կազմակերպված մահափորձի, դաժան, անմարդկային և տևական խոշտանգումների հետևանքով ես ստացել եմ ուռուցքային հիվանդություն: Բացառապես իմ անձնական անվտանգության ապահովման նկատառումներով ես բազմիցս գրավոր կերպով հիմնավորապես հրաժարվել եմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բուժծառայության կողմից ինձ առաջարկվող հետազոտությունների ենթարկվելուց և ցանկացած տեսակի այլ բուժօգնությունից՝ պահանջելով, որպեսզի ինձ համապատասխան հետազոտությունների, վիրահատությունների և բուժման ենթարկեն բացառապես համապատասխան քաղաքացիական բուժհաստատություններում և անձամբ իմ նախընտրած բժիշկների մոտ:

Բավարարելով իմ այդ հիմնավոր և օրինական պահանջները՝ ինձ մշտապես տեղափոխել են համապատասխան քաղաքացիական բուժհաստատություններ, որտեղ ես ենթարկվել եմ համապատասխան հետազոտությունների, վիրահատությունների և բուժման իմ նախընտրած բժիշկների մոտ: Այդ բուժումները ես ստացել եմ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Այդ վիրահատություններից հետո ինձ մշտապես տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղից միշտ, ըստ անհրաժեշտ ժամանակագրության, տեղափոխվել եմ համապատասխան բուժհաստատություններ բուժմանս ընթացքը հետևելու նպատակով: Բուժման ավարտից հետո մշտապես տեղափոխվել եմ համապատասխան ՔԿՀ:

Իսկ այժմ, արդեն մի քանի ամիս է, ինձ շտապ հետազոտության և վիրահատության ենթարկելու համար, սակայն ՀՀ պատկան մարմինները, մասնավորապես արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Փանոսյանը, քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի պետ Ա. Սարկիսովը, որը հանդիսանում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հարազատ հայրը, կայացրել են ակնհայտ անհիմն և ապօրինի որոշում՝ ինձ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չտեղափոխելու վերաբերյալ, այլ դրա փոխարեն կայացրել են ակնհայտ անհիմն և անօրինական որոշում՝ ինձ հատուկ զինված պահակախմբով սույն ՔԿՀ-ից տեղափոխել Երևան քաղաքում գտնվող Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, ինձ ենթարկել համապատասխան վիրահատության և ինձ, անկախ իմ առողջական վիճակից, դարձյալ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Այդպիսով ինձ ակնհայտորեն զրկելով հետվիրահատական որակյալ և արդյունավետ բուժում ստանալու փաստացի հնարավարությունից:

Ելնելով վերոգրյալից՝ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լինելով անվտանգության ոլորտի որակյալ մասնագետ, հատուկ ծառայությունների ստորաբաժանումներում համապատասխան զինվորական ծառայություն անցած և համապատասխան ուսումնառություն ունեցող մարդ, գտնում եմ, որ ինձ Երևան տեղափոխելու ճանապարհին՝ Արթիկ-Երևան ավտոճանապարհի մի որևէ հատվածում, հնարավոր է, որ իմ նկատմամբ իրականացվի զինված մահափորձ ինձ ուղեկցող զինված պահակախմբի կողմից՝ պատճառաբանությամբ, թե ես փախուստի փորձ եմ կատարել:

Ահա հենց այս պատճառով է, որ ինձ ցանկանում են տեղափոխել Երևան: Նման մահափորձի վտանգից խուսափելու նպատակով ես հիմնավորապես պահանջում եմ, որ ինձ այլ դատապարտյալների հետ միասին Երևան տեղափոխեն ընդհանուր էտապավորման կարգով, ինչն արվել է նախկինում:

Փաստորեն, ինձ ցանկանում են ենթարկել լիկվիդացիայի՝ չկա մարդ, չկա խնդիր ստալինյան սկզբունքի ձևաչափով: Որպես քաղաքական բանտարկյալ՝ ես համոզված եմ, որ այս որոշումը կայացվել է հատուկ քաղաքական ցուցումով՝ որպես վրեժխնդրական ակտ, որը պայմանավորված է իմ կողմից իրականացվող հրապարակային իրավապաշտպան գործունեությամբ, որի շրջանակներում՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից կատարված աղմկահարույց հանցագործությունների, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ իմ հրապարակային հայտարարություններով:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ, որպեսզի ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի անհապաղ կերպով քննվի և լուծվի ինձ ընդհանուր էտապավորման կարգով «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու և համապատասխան քաղաքացիական բուժհաստատությունում վիրահատության ենթարկելու հարցը»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here