ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐՙ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՑ

0
164

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Այն օրից, երբ գիտական ոլորտից անցավ արտգործնախարարի պաշտոնին, Ահմետ Դավութօղլուն փորձում է վերափաթեթավորել Թուրքիայի արյունալի պատմությունը, դառնալով հայերի ցեղասպանության հարցի շուրջ վարչապետ Էրդողանի ժխտողական քաղաքականության եռանդուն պաշտպանը: Ցեղասպանագետների համար, որոնք վաղուց իրենց խոսքն ասել են հայերի ցեղասպանության փաստի վերաբերյալ, նա պարզապես Էրդողանի օժանդակ խոսափողն է:

Թուրք ղեկավարների հնչեցրած պատճառաբանությունները հազիվ թե պիտանի լինեն ներքին սպառման համար, քանի որ ներկայի համընդհանրացումի ձգտող աշխարհում թուրք հասարակությունը գիտելիք ձեռք բերելու եռանդուն մի ժամանակաշրջան է ապրում, ծանոթանալով հայերի ցեղասպանության անժխտելի փաստերի հետ: Էրդողանը փորձում է կասեցնել այդ գործընթացը պատերազմ հայտարարելով զանգվածային լրատվության դեմ:

Մոտ մի տարի առաջ Էրդողանը մարտահրավեր էր նետում հայերինՙ առաջարկելով «գեթ մի փաստ բերել այն մասին, որ Թուրքիան (ցեղասպանություն) է գործել հայերի դեմ»: Ապրիլի 23-ին արտասանած նրա խոսքերը նույնպես միտված էին խուսափողական դուռ բացելու բոլոր այն քաղաքագետների առաջ, որոնք պատրաստ են միանալու թուրքական քարոզարշավին:

Զարմանալի չէ, որ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այնքան էր «ցնցված», որ լռության մատնվեց:

Բայց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, Թուրքիան ակնկալում է ականատես լինել դեպքերի մի «ցունամիի», որ կքողազերծի երկար ժամանակ թաքուն պահված անհաճո ճշմարտությունները: Դրան ընդառաջ Թուրքիան PR-ի ազդեցիկ ֆիրմաներ է վարձել, որպեսզի թուլացնեն սպասվող «ցունամիի» հարվածը, կամ բեկանեն Ֆրանսուա Օլանդի հայտարարության օրինակով արված այլ հայտարարություններ: Բարի կամեցողության ներկա արշավը վստահաբար այդ ֆիրմաների կողմից է հորինված:

Սպիտակ տան կուլիսներում կայացած համաձայնության արդյունքում, Էրդողանը նախաձեռնեց փրկել նախագահ Օբամային ծանր կացությունից: Վերջերս արտասանած իր բարի կամեցողության (եթե երբեւէ այն բարի կարող է լինել) հայտարարությամբ նա ցավակցություն հայտնեց հայ զոհերի թոռներին, բայց կտրականապես ժխտեց հայերի դեմ իրագործված որեւէ ցեղասպանություն «PBS-ի» Չառլի Ռոուզի հետ ունեցած իր հարցազրույցի ընթացքում:

Իսկ դրանից առաջ գերմանական «Der Spiegel»-ին տված իր հարցազրուցյի ընթացքում նա նույն հանգերգն էր կրկնել, որ «ցեղասպանության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»:

Մյուս կողմից, մայիսի 2-ին արտգործնախարար Դավութօղլուն անգլիական «Գարդիան» պարբերականում, կարծեցյալ ձիթենու ճյուղը ձեռքին, հրապարակեց իր տեսակետը հայտարարության առթիվ, կոչ անելով հայերին «հետեւել Էրդողանի օրինակին»:

Օսմանյան պատմությանը հայ երաժիշտների եւ ճարտարապետների բերած նպաստի մասին մի քանի մեղրածոր նախադասություններից հետո, նա այդ հոդվածում, դարձյալ հետեւելով հարցը ամբողջապես թաղելու Թուրքիայի նենգ քաղաքականությանը, հավասարության նշան դրեց առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված թուրք զինվորականների եւ հայ տեղահանվածների միջեւ:

«Օսմանյան կայսրության հզորությունը սկսեց թուլանալ 19-րդ դարում: Բալկանյան նահանգների կորուստը նշանակալի պարտություն էր, որին հետեւեցին զանգվածային գազանությունները եւ տարագրությունը:

Մոտ հինգ միլիոն օսմանցի մահմեդականներ տեղահանվեցին Բալկաններում, Կովկասում եւ Անատոլիայում գտնվող իրենց բնօրրաններից: Մինչ արեւմտյան պատմագրությունը լի է օսմանյան քրիստոնյաների կրած տանջանքների ու կորուստների վերաբերյալ դրվագներով, շատ քիչ բան կամ համարյա ոչինչ է հայտնի օսմանյան մահմեդականների կրած հսկայական տանջանքների ու կորուստների մասին», գրեց Դավութօղլուն:

Մարդասպանների թվաբանությունը չի համապատասխանում պատմական ճշմարտությանը: Պատմաբանները հաշվի են առել եւ գնահատել անաչառորեն օսմանյան կորուստները, որոնք արդյունք էին իր հպատակների հանդեպ մի բռնապետի արարքների եւ դրանց հետեւանքների: Ավելի քան չորս դար օսմանյան սուլթալնները երկաթե բռունցքով եւ արյան հեղեղումներով իշխել էին Բալկաններում, եւ երբ կայսրությունը սկսեց քայքայվել, այդ հողատարածքները անկախացան եւ ետ դեպի Անատոլիա ուղարկեցին իրենց նվաճողներին:

Որեւէ խելամիտ անձնավորություն, պատմաբաններից բացի, իրավունք ունի հարցնելու, թե ի՞նչ պատասխանատվություն կարող են կրել հայերը Բալկաններում օսմանյան տիրապետության փլուզման համար: Որոշակի կարեկցանք հայցելուց հետո իր նախնիների կորուստների առնչությամբ, խորամանկ դիվանագետը փորձում է զուգահեռներ անցկացնել նրանց եւ հայերի Ցեղասպանության կորուստների միջեւ, «ընդհանուր ցավի» պատրանք ստեղծելով: Այո, հայերը տանջվեցին եւ կոտորվեցին, բայց նաեւ թուրքեր կոտորվեցին, այնպես որ հայ նահատակները պարտավոր են պատասխանատվություն կրել թուրքական կորուստների համար, եւ սփյուռքահայերը պետք է «արդար հիշողությամբ» նշեն նաեւ թուրքական կորուստների մասին, եւ այն մասին, թե ինչպես նրանք այլեւս չէին կարող շահագործել բալկանյան ժողովուրդներին: Սա է Դավութօղլուի հղած պատգամը, որին հաջորդում է ճշմարտությունը «բացահայտելու» համար պատմաբանների համատեղ հանձնախումբ ստեղծելու հնացած հանգերգը: Նույն մաշված առաջարկը հնչել էր «Der spiegel»-ին տված Էրդողանի հարցազրույցում: Նա նույնիսկ մարտահրավեր էր նետելՙ ասելով. «Թուրքիան բացել է իր արխիվները: Թող Հայաստանն էլ բացի իր արխիվները»:

Լրջախոհ պատմաբաններ արդեն վաղուց են հաստատել, որ Թուրքիան մաքրագործել է իր արխիվները ամեն տեսակի մեղադրական փաստաթղթերից: Ավելացնենք, որ օսմանյան արխիվները բաց չեն լուրջ գիտնականների առաջ: Դրանք բաց են միայն որոշակի վարձկան հրձիգների համար, որոնք պատրաստ են պաշտպանելու թուրքական կառավարության պաշտոնական վարկածը: Վիրավորանքին ավելացնելով անարգանքը, Էրդողանն ու Դավութօղլուն արդեն քանիցս առաջարկում են այդ վարկաբեկված գիտաշխատողներին մի սեղանի շուրջ նստեցնել հարգված գիտնական-ցեղասպանագետների հետ, որոնք արդեն «բացահայտել» են այն, ինչ թուրք ղեկավարները կարծես չեն կարողանում բացահայտել:

Իր հոդվածի եզրակացությունում, Դավութօղլուն հանդիսավորապես հաշտեցման կոչ է անում աշխարհին. «Վարչապետ Էրդողանի հայտարարությունը աննախադեպ եւ խիզախ քայլ է այդ ուղղությամբ: Հավատացած եմ, որ ժամանակն է ներդրումներ կատարել այդ տեսակի հարաբերություններում: Բայց մենք կարող ենք հաջողության հասնել միայն եթե ավելի լայն շրջանակներ ընդգրկված լինեն այդ գործընթացին: Թուրքիան պատրաստ է դրան»:

Եթե իրոք Թուրքիան պատրաստ է, ապա նա պետք է հաշտեցման իր պատրաստվածությունը ուղեկցի կոնկրետ քայլերով: Արձանագրությունների ստորագրմանը նախորդած քննարկումներում Դավութօղլուն հայերից պահանջում էր դուրս գալ ղարաբաղյան ուժերի հսկողության տակ գտնվող երեք շրջաններից որպես բարի կամեցողության դրսեւորում: Այժմ մենք ենք մեր հերթին պահանջում Թուրքիայից վերացնել շրջափակումը, որից երկու կողմերն էլ կշահեն, վերացնել քրեական օրենքի 301 հոդվածը, մշակել ծրագիր պահպանելու պատմական Հայաստանի ճարտարապետական հուշարձանները, եւ վերջապես մշակել հատուցման մի ընդունելի փաթեթ: «Թուրքիան պատրաստ է» արտահայտությունը ոչ մի արժեք չի ունենալու առանց դրան ընկերակցող վերոնշյալ քայլերի կատարմանը: Դավութօղլուն առաջարկում է. «Եկեք թաղենք ընդհանուր ցավը»:

Բայց նախքան ցավը թաղելը, պետք է պատշաճ կերպով թաղենք մեր մեկ ու կես միլիոն զոհերին: Այդ ձեւով միայն պատմության դասերը կգտնեն իրենց ճիշտ տեղը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 «ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here