Սառը ջուր Բրյուսելից

0
111

Հեղինակ՝ Մուսա Միքայելյան

 

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն սպասում է Երևանի առաջարկներին, թե ինչպես է Երևանը պատկերացնում այդ հետագա խորացումը, ինչ հիմքերի վրա:

Այսպիսով, սա կարելի է համարել Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարության առաջին արձագանքը Բրյուսելից: Ինչպես հայտնի է, Օլանդը Հայաստանում հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է Հայաստանի հետ Ասոցացման նոր մոդել գտնի, որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Եվ ահա, ի պատասխան դրա` Բրյուսելից հայտարարություն է հնչում, որ Եվրամիությունը սպասում է Հայաստանին:

Կարելի է ասել, որ սա Օլանդի հայտարարություններն ինչ-որ տեղ մերժող հայտարարություն է կամ միգուցե նաև ավելի շատ ճշտող ու հստակեցնող` նկատի ունենալով այն, որ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան հայտարարությունները պաշտոնական Երևանի կողմից, ինչպես նաև մի քանի անկախ դիտորդների, ներկայացվեցին որպես Հայաստանի հետ հարաբերություններում Եվրամիության, այսպես ասած, նոր մոտեցման վկայություն:

Իրականում Բրյուսելը հստակեցնում է, որ ոչ մի նոր մոտեցում չկա, և Օլանդի ասածը ոչ այլ ինչ է, քան այն, որ Բրյուսելը սպասում է Հայաստանի առաջարկներին: Այսինքն` Եվրամիությունն այսպիսով նաև Երևանին ասում է, որ եթե այստեղ եփել են շիլան ու այն հում և անհամ է ստացվել վերջում, ապա եփողներն իրենք էլ պարտավոր են առաջարկել, այսպես ասած, մարսողականի տարբերակը, և Բրյուսելը չի պատրաստվում առանձնապես տքնել Երևանի համար: Այլ կերպ ասած` այս արձագանքը, ըստ էության, վկայում է, որ Եվրամիության օրակարգում Հայաստանի խնդիր որպես այդպիսին չկա, որքան էլ դա ցավալի է լսել, և եթե Հայաստանն ինչ-որ բան ցանկանում է, ապա որևէ բան անելը միմիայն իր ձեռքերում է:

Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում` իսկ ի՞նչ էր հայտարարում Օլանդը, որը Եվրամիության առաջատար երկրներից մեկի նախագահն է: Պատասխանն էլ երևի թե շատ պարզ է՝ իսկ ուրիշ ինչ հայտարարեր, որ վերջում չստացվեր այնպես, որ իր հայաստանյան այցից հիշվեր միայն Շառլ Ազնավուրի համերգը և Մաշտոցի պուրակի աղմուկը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here