ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԻՐԱԿԱՆ ՏՈՆ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

0
186

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կամավոր անդամագրված աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Ընտանիքների միջազգային օրը շինարարական աշխատանքներ են իրականացրել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: Համագործակցող կողմերը, սահմանամերձ գյուղում բնակվող Մուրադյանների կարիքավոր ընտանիքին օգնել են կառուցել իրենց տունը:

Մուրադյանների ընտանիքը Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բնակություն է հաստատել 64 տարի առաջ: Ընտանիքի հորՙ Հակոբի ծնողները, 5 երեխաներին մեծացրել են ժամանակին որպես մանկապարտեզ ծառայած եւ վերանորոգրման ենթակա շինության մեջ: Հետագայում, արդեն իրենց ընտանիքները կազմած 5 զավակները եւս, ստիպված են եղել ապրել նույն հարկի տակ: Առանձին բնակարան կառուցելու նրանց երազանքն անկատար է մնացել`1992թ.-ին երկրի քաղաքական եւ տնտեսական վիճակի վատթարացման պատճառով: 2005թ.-ից նրանք սկսել են նոր տան շինարարությունը, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել այն: Իր երազանքների տունն այդպես էլ կառուցված չտեսնելով`մեկ տարի առաջ սրտի կաթվածից մահացել է Հակոբի հայրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, Մուրադյաններն այս տարի կավարտեն իրենց տան շինարարությունը:

Բնակարանային պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվող շինարարությունը հիանալի հնարավորություն է` հասարակության մեջ ընտանիքի կարեւոր դերն ընդգծելու համար: Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին աջակցության այս ծրագիրն ամուր երկիր ունենալու կարեւոր խթան է:

«Մեր երկիրն ուժեղ է դժվարություններին դիմակայող, ամուր եւ կայացած ընտանիքներով: Այսօր դուք նաեւ սահմանապահ եք, դուք ձեր ուսերին կրում եք սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու դժվարին պատասխանատվությունը, եւ մենք ձեր կողքին ենք` ձեզ ավելի ամուր տեսնելու ակնկալիքով: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր խնդիր լուծելի է, երբ կա հույս, հավատ եւ դժվարությունը հաղթահարելու ձգտում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Հանուն անապահով ընտանիքների բարօրության համատեղ կառուցելը երկու կազմակերպությունների համար էլ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել. ավանդույթ, որն իրականում կենսական նշանակություն ունի: ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագիրն այդ կենսական նշանակությունը կրկնապատկում է, քանզի սա ներդրում է ոչ միայն համայնքների պահպանման եւ զարգացման գործում, այլ նաեւ ներդրում, որը կնպաստի երկրի սահմանների ամրությանը», – նշել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Հիշեցնենք, որ բնակարանաշինության ծրագրի հերթական փուլը մեկնարկել էր մեկ ամիս առաջ` Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հայտարարել էին Տավուշի եւ Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքի օգնելու` նրանց կիսակառույց կամ անավարտ տները կառուցելու եւ վերանորոգելու մասին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993թ.-ին հռչակված Ընտանիքների միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 15-ին: Այն բարձրացնում է ընտանիքներին վերաբերող հարցերի իրազեկման եւ դրանց վրա ազդեցություն թողնող սոցիալական, տնտեսական եւ ժողովրդագրական գործընթացներին առնչվող գիտելիքների մակարդակը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here