Կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

0
131

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մայիսի 19-ին տեղի  է ունեցել կառավարության արտահերթ նիստ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

«Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով կառավարության 2013թ. ծրագրի, ազգային անվտանգության ռազմավարության, նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:

Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար:

Զեկուցողի դիտարկմամբ` ծրագրում արտացոլված են ՀՀ վարչապետի և տարբեր հասարակական կազմակերպությունների, միավորումների հանդիպումների ժամանակ արտացոլված գաղափարները, մտքերը և տարբեր մոտեցումները, հատկապես գործարարությանն աջակցելու դրույթները:

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք ծրագրի իրականացման ժամանակահատվածային սահմանափակում, ինչպես նաև էական են այդ բոլոր գաղափարները մեկտեղելու խնդիրը և այն, որ առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են գլոբալ տնտեսական զարգացման միտումներով, ինչպես նաև կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:

ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թթ. ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազ. դրամի և աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով»,- մասնավորապես ասված է փոխվարչապետի զեկույցում:

Ամփոփելով նիստը` Հովիկ Աբրահամյանը վերստին կարևորել է այն իրողությունը, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացրած կարծիքները, որոնք առավելագույնս ընդգրկվել են փաստաթղթի նախագծում:

«Իհարկե, ընդունվել են ողջամիտ առաջարկությունները, իսկ ֆինանսական մեծ ռեսուրս պահանջող առաջարկությունները չէին կարող ընդգրկվել»,- ասել է վարչապետը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Մայիսի 19-ին մեկնարկած ԱԺ քառօրյան քննարկելու է կառավարության նոր ծրագիրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here