«Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է». Ռիչարդ Մորնինգսթար. «Ազատություն»

0
112

Մայիսի 7-ից սկսած արդեն երրորդ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետն է հայտարարում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտնի պնդումներին հետևեց նաև Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հայտարարությունը:

«Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը», – «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը անցած շաբաթավերջին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ամերիկացի դիվանագետը, խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, նշել է․ – «Հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

Ամերիկացի դիվանագետի հարցազրույցը ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից ևս․ Ռիչարդ Մորնինգսթարը թերևս առաջին արևմտյան դիվանագետն է, ով բացահայտորեն հայտարարում է, որ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետ:

«Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ», – նշել է Մորնինգսթարը՝ չհստակեցնելով, սակայն, թե որ պետությանը նկատի ունի «երրորդ կողմ» ասելով:

Մորնինգսթարը նաև խստորեն քննադատել է ադրբեջանական իշխանություններին` ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ չդադարող հետապնդումների համար: Նրա խոսքով՝ նման գործելաոճը վատթարացնում է Արևմուտքի և Բաքվի հարաբերությունները: Ամերիկացի դեսպանը նաև ակնարկել է, թե նման քայլերը թուլացնում եմ Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանի շուրջ:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here