Ռուսաստանը չի շտապում վարկ տրամադրել Մեծամորի ատոմակայանին

0
128

 Արմենակ Չատինյան

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով ֆինանսների նախարարությունը մինչև մայիսի 1-ը պետք է պատրաստած լիներ Ռուսաստանից նոր վարկային միջոցներ ներգրավելու միջկառավարական համաձայնագիրը. փաստաթղթի վերջնական տարբերակը մինչև այժմ պատրաստ չէ։

Կառավարության 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ֆինանսների նախարարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» իրականացման նպատակով մինչև 2014թ. մայիսի 1-ը միջոցներ պետք է ձեռնարկեր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

ՍիվիլՆեթի հարցմանը, թե կառավարության կողմից սահմանված վերջնաժամկետից արդեն անցել է 15 օր, պատրա՞ստ է արդյոք միջկառավարական համաձայնագրի նախագիծը, և ի՞նչ ծավալի վարկային միջոցների մասին է խոսքը, ֆինանսների նախարարությունից նշեցին, թե «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետների երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Ռուսաստանի Դաշնությունից վարկի ներգրավման ուղղությամբ վերջին ամիսներին բավական ակտիվ աշխատանք է տարվել ռուսական կողմի հետ, և ներկայում համաձայնեցման փուլում է վարկի տրամադրման մասին միջկառավարական համաձայնագրի տեքստը»։

Նախարարության պատասխանն ըստ էության հաստատում է կառավարության հանձնարարականի ժամկետների խախտումը։ Բացի այդ, նախարարությունում այդքան էլ հակված չեն մանրամասնել ներգրավվելիք վարկային միջոցների ծավալն ու պայմանները։

Ի դեպ, գործադիրը «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրով» նախատեսված աշխատանքները գնահատել է 300 մլն դոլար, որից 40 մլն-ը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար, 180 մլն դոլարը՝ սարքավորումների պատվերների ու մատակարարման համար, 80 մլն ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։

Վարկային միջոցների ներգրավման ձգձգումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն պետք է լինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, իսկ 2016թ. հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու է «Ռոսատոմին»։ Պարզ ասած՝ Ռուսաստանից ներգրավված վարկային միջոցների հիմնական մասը վերադառնալու է Ռուսաստան, քանի որ կապալառուն ռուսական պետական ընկերություն է։

Բացի այդ, Մեծամորի ատմոկայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները օր առաջ սկսելը կարևոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, քանի որ ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, իսկ ատոմակայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 40-45%-ը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here