ԼՂՀ վարչապետը` կենսաթոշակային բարեփոխումների մասին

0
116

«Արցախում կենսաթոշակային բարեփոխումները համահունչ են լինելու Հայաստանի բարեփոխումներին, այլ կարծիք չկա». ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը` անդրադառնալով Արցախում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հարցին:

«Այստեղ հնարավոր չէ կենսաթոշակային այլ բարեփոխումներ իրականացնել: Մենք տնտեսական նույն գոտում ենք, և սոցիալական հիմնական ծրագրերի մասով` աշխատավարձային և կեսաթոշակային, նույն քաղաքականությունն ենք վարում: Մենք ևս պատրաստվում էինք փուլային տարբերակով իրականացնել այդ բարեփոխումները` իհարկե սպասելով Հայաստանի արդյունքներին»,- ասել է Արա Հարությունյանը` հավելելով, որ Արցախը կենսաթոշակային բարեփոխումները մտադիր էր ներդնել 2015թ. հունվարի 1-ից:

ԼՂՀ վարչապետի խոսքով` Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների վերջին զարգացումները հուշում են, որ Արցախում դրանք անհրաժեշտ է ևս մեկ տարով հետաձգել:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք պետք է կենսաթոշակային քաղաքականության բարեփոխումներ իրականացնեք, որովհետև տասնամյակների կտրվածքով դրանք անխուսափելի են: Իհարկե, պահը ճիշտ ընտրելը շատ խոր վերլուծություն է պահանջում: Մյուս կողմից` ինչքանո՞վ է այսօրվա սոցիալական իրավիճակում անհրաժեշտ այս քաղաքականությունն իրականացնել. այստեղ պետք է ազգովի մտածենք և համապատասխան որոշումներ կայացնենք»,- նկատել է Արա Հարությունյանը:

Նրա խոսքով` Արցախում ևս ստեղծվել են համապատասխան իրազեկման կառույցներ, և կառավարությունը փորձում է տարբեր հարթություններում հանրությանը ներակայացնել բարեփոխման իմաստը:

«Այս բարեփոխումը կարևոր է ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար, բայց նաև կարևոր է, որ հասարակական գիտակցության աստիճանը համապատասխան լինի այդ բարեփոխումներին»,- ասել է ԼՂՀ վարչապետ` ընդգծելով, որ Արցախում այդ բարեփոխման դեմ այնպիսի դիմադրություն չկա, ինչպես Հայաստանում է:

ԼՂՀ գործադիրի ղեկավարը տեսակետ հայտնեց, որ Արցախում ավելի հեշտ կընթանան կենսաթոշակային բարեփոխումները` պայմանավորված բնակչության քիչ թվով:

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները բուռն արձագանքի արժանացան հանրության շրջանում: ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող որոշ դրույթներ։ ՍԴ-ն մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար: ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական  դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here