Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել համալիրի` էլեկտրոնային աճուրդի հայտարարման կապակցությամբ:
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:
Մարզահամերգային համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն:
«Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:
Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը:
ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով:
Մարզահամերգային համալիրի շենքը` որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, քանի որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը:
2014թ. մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է Վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին»:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի` աճուրդի հանվելու մասին լուրը մամուլում հայտնվեց մայիսի 20-ի առավոտյան: Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կայքի համաձայն` համալիրի մեկնարկային գին է սահմանվել 19 350 000 000 դրամը (շուրջ 46 մլն դոլար): Ավելի ուշ ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ներկայացրել էր համալիրի` աճուրդի հանման վերաբերյալ մանրամասները: