Մարզահամերգայինի պետական գաղտնիքը

0
165

Արմենակ Չատինյան

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը, դռնփակ դատական նիստում կայացված վճռի համաձայն, աճուրդի է դրել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, բացակայում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որի կատարման համար ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել համալիրի շենքը։ Այս հանգամանքը կոռուպցիոն կասկածների տեղիք է տալիս:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասաց, որ դատական տեղեկատվական համակարգում վճիռը տեղադրված չէ, որովհետև դատական նիստը դռնփակ է եղել դատաքննության գործում պետական գաղտնիք պարունակող նյութերի պատճառով:

Համացանցում, սակայն, հնարավոր է որոշակի տեղեկատվություն գտնել Մարզահամերգային համալիրի գործարքի վերաբերյալ։ Պարզվում է՝ 2009 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերությունը կնքել են անշարժ գույքի գրավի պայմանագիր: Այն կնքվել է մեկ այլ պայմանագրի հիման վրա, որը կնքվել էր ֆինանսների նախարարության և «ԲԱՄՕ Մետալ» ընկերության միջև 2009թ. հունիսի 23-ին, որի համաձայն բյուջետային երաշխիքներ էին տրամադրվել «ԲԱՄՕ Մետալ»-ին և մարզահամերգային համալիրը հանդիսացել է այդ երաշխիքների ապահովման միջոց։

Պարզ չէ, թե որքան գումարի դիմաց է ֆինանսների նախարարությունը բյուջետային երաշխիք տրամադրել այդ ընկերությանը: Ուշագրավ է, որ «ԲԱՄՕ Մետալ»-ը բոլորովին այլ մասնագիտացում է ունեցել. 2007թ. հոկտեմբերի դրությամբ այդ ընկերությունը ունեցել է լիցենզիա՝ Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերում երկրաբանահետախուզական աշխատանքների համար, որի ժամկետը ավարտվել է 2012թ. հոկտեմբերին։ Ֆինանսների նախարարության, կառավարության պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև իրավական տեղեկատվական համակարգում հնարավոր չեղավ գտնել համապատասխան որոշումը, որի հիման վրա ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել «ԲԱՄՕ Մետալ»-ի հետ։

Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը տրամադրվել է 20 մլն դոլարի բյուջետային երաշխիք՝ առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավելու համար։ Բյուջետային երաշխիքները տրամադրվել են 2009թ. Ռուսաստանից Հայաստանի կառավարության վերցրած 500 մլն դոլար վարկի հաշվին։

Հաշվի առնելով դատական նիստի ձևաչափը, վարկային երաշխիքների տրամադրման տեղեկատվության բացակայությունը, չի բացառվում, որ «ԲԱՄՕ Մետալ»-ին երաշխիքներ տրամադրելու որոշումը կառավարությունը կայացրել է գաղտնի։

Չի բացառվում նաև, որ ընդամենը երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիա ունեցող ընկերությանը բյուջետային երաշխիքներ տրամադրելու գործում եղել են կոռուպցիոն ռիսկեր և հենց այդ պատճառով է որոշում գաղտնի ընդունվել։

Հակառակ պարագայում գաղտնիությունն այդքան էլ պարզ չէ։

Հ.Գ.

Ֆինանսների նախարարությանը որոշման վերաբերյալ համապատասխան հարցումն ուղարկվել է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here