Տնտեսությունն արագացել է կտրված իրականությունից

0
130

Արմենակ Չատինյան

Այս տարվա չորս ամիսներին արձանագրված 3,6% տնտեսական ակտիվությունը հազիվ թե իրական հիմքեր ունի, այն անցած տարվա բազայի համեստ աճի արդյունք է։

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն՝ այս տարվա չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 3,6%, այն դեպքում երբ հունվար-մարտին ցուցանիշը 3,3% էր։ Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության 0,3 տոկոսային կետով արագացումը պայմանավորված է անցած տարվա բազայով։ 2013թ. չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,4% էր, եռամսյակի կտրվածքով՝ 8,7%։ Հասկանալի է, որ այս տարվա ապրիլին, անգամ տնտեսական անփոփոխ պայմաններում, չորս ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվությունը պետք է արագանար, քանի որ անցած տարվա բազայի աճն ավելի համեստ է եղել։

Թեև ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության արագացում է արձանագրել, տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկում՝ արդյունաբերությունում, տարեսկզբից պահպանվում է անկումը. 2013թ. հունվար-ապրիլի համեմատ այս տարվա չորս ամիսներին ոլորտում գրանցվել է 1,4% անկում։ Էներգետիկ ոլորտում նույնպես անկում է, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 1,5%-ով։

Տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվել է աճ։ Գյուղատնտեսության ոլորտում չորս ամիսների կտրվածքով արձանագրվել է 4,1% աճ (հունվար-մարտին աճը կազմել է 5,2%), ծառայությունների ոլորտում՝ 2,8% (եռամսյակի կտրվածքով աճը կազմել է 3,5%), շինարարության ոլորտում՝ 0,7% (պահպանվել է եռամսյակի աճի տեմպը)։

Ուշագրավ է ԱՎԾ-ի կողմից ներկայացվող առևտրի շրջանառության ծավալների 5,1% աճը։ Ըստ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող «Սպառողների վստահության ցուցանիշի» (կազմվում է 1817 տնային տնտեսությունների շրջանում անցկացվող հարցումների հիման վրա)՝ 2014թ. առաջին եռամսյակում ավելացել է խոշոր գնումներ չկատարած տնային տնտեսությունների տեսակարար կշիռը՝ մինչև 73,3%, 2013թ. չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը 70,8% էր։

Սպառողների նման վարքագծի պայմաններում առևտրի ծավալների այսպիսի աճը հազիվ թե արժանահավատ է, հատկապես, երբ ապրիլին 12-ամսյա 4,4% գնաճի պայմաններում միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 7,2%-ով՝ կազմելով 159,5 հազ. դրամ։ Պետական համակարգում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6%-ով՝ կազմելով 138,5 հազ. դրամ, մասնավոր հատվածում՝ 8,5%-ով, մինչև 190 հազ. դրամ։

Այս տարվա չորս ամիսներին արտաքին առևտրաշրջանառությանն աճել է 1,6%-ով՝ կազմելով 1,8 մլրդ դոլար։ Արտահանումն ավելացել է 2,3%-ով, մինչև 466,5 մլն դոլար, ներկրումն աճել 1,3%-ով՝ կազմելով 1,33 մլրդ դոլար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here