Ալիևներ. Կասպիցի Կոռլեոնեները

0
195

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր հանդեսը ծավալուն հոդված է հրապարակել «Կասպիցի Կոռլեոները» վերնագրով, որում անդրադառնում է Ադրբեջանի՝ Արևմուտքում լոբբինգի մեթոդներին և դրանց վրա ծախսվող գումարներին: Հոդվածը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացվում է ստորև:

Վերջին տասը տարում Ադրբեջանը, որն իր չափերով համեմատելի է Իռլանդիայի հետ, և որի նավթի պաշարները երկու անգամ գերազանցում են Տեխասի նավթի պաշարները, կարողացել է բարեկամներ ձեռք բերել և իր կողմը գրավել ազդեցիկ մարդկանց, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկա և նախկին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների: Բաքուն, որին եվրոպական ուղեղային կենտրոններից մեկը խավիարային դիվանագիտություն է վերագրում, միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ում լոբբինգի, խորհրդատվության, փիար ընկերությունների վրա:

Ալիևների վարչակազմն առանց ավելորդ աղմուկի կարողացել է իր համար ճանապարհ հարթել դեպի անդրատլանտյան կազմակերպություններ երեք հիմնական փաստարկների շնոհիվ:

Առաջին՝ Ադրբեջանը մուսուլմանական մեծամասնություն ունեցող միակ աշխարհիկ պետությունն է, որը համագործակցում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ահաբկեչության դեմ պայքարում, ինչպես նաև առևտրային և դիվանագիտական դաշնակիցն է Իսրայելի, որն իր էներգակիրների մեկ երրորդը գնում է Ադրբեջանից:

Երկրորդ՝ ադրբեջնական նավթային բումը, որի շնորհիվ երկրի ՀՆԱ-ն 2001-2011 թթ. աճել է տասն անգամ, կարևոր հակակշիռ է Ռուսաստանի մենաշնորհային և ագրեսիվ էենրգետիկ քաղաքականությանը:

Երրորդ՝ Ադրբեջանը, գտնվելով Ասիայի և Եվրոպայի միջև, Արևմուտքի ռազմավարական գործընկերն է  իրանական միջուկային սպառնալիքի և Վլադիմիր Պուտինի՝ տարածաշրջանը վերախորհրդայնացնելու փորձերի դեմ պայքարում:

Ադրբեջանի ընդդիմության հետ կապեր ունեցող «Ամերիկայի ադրբեջանցիները՝ հանուն ժողովրդավարության» (AZAD) կազմակերպության նախագհ Էլմար Շախտախտինսկիի խոսքով՝ Ալիևի լոբբիի իրական նպատակը Ադրբեջան ազդակ ուղարկելն է, որ այս ընտանքին իշխանությունից հեռացնելու համար որևէ բան հնարավոր չէ անել: «Երբ Կոնգրեսի անդամը շնորհավորում է Ալիևին հաղթանակի կապակցությամբ, դա Արևմուտքում Ալիևի վարչակազմի դիրքերը չի բարելավում, սակայն հզոր ազդակ է առ այն, որ Արևմուտքը նրա թիկունքին է, և աշխարհն Ադրբեջանի սահմաններից դուրս այդքան էլ չի տարբերվում»,- նշում է Շախտախտինսկին:

Իլհամ Ալիևը իշխանության է եկել 2003թ.՝ նախագահի պաշտոնում փոխարինելով իր հորը՝ Հեյդար Ալիևին, որը երկիրը ղեկավարել է 1969-ից: Այժմ Իլհամ Ալիևը ղեկավարում է աշխարհի ամենահին բռնապետական ռեժիմը և գլխավորում է ընտանիքը, որը WikiLeaks-ի դիվանագիտական նամակներում հաճախ համեմատվում է միջնադարյան ֆեոդալական իշխանության կամ «Կնքահայրը» ֆիլմի  Սոնի Կոռլեոնեի կլանի հետ:

Մի շարք զեկույցների համաձայն՝ Ալիևի վարչակազմն անհուսալիորեն կոռումպացված է: Չնայած հանգամանքին, որ Ալիևի պաշտոնական աշխատավարձը տարեկան 228 հազ. դոլար է, նրա երեխաները միլիոնավոր դոլարների սեփականություն են տնօրինում:

Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև Կրտսերը, դեռ 11 տարեկան էր, երբ հայրը նրա համար Դուբայում արհեստական կղզու վրա 44 մլն դոլարով առանձնատուն գնեց:

Երկրի հասարակական կյանքը վերահսկվում է ահաբեկումների, գրաքննության և դատական գործընթացների միջոցով: Առավել բարդ խնդիր է արտերկրում երկրի կերպարի բարելավումը: Սա ընտանեկան գործ է, ինչպես «Կնքահայրը» ֆիլմում:

Արտերկրում լոբբիստական ջաքները վերահսկում են երեք ընտանիքներ՝ Ալիևները, այդ թվում՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ընտանիքը՝ Փաշաևները, Մամեդովները, որը գլխավորում է տրասնպորտի նախարար Զիա Մամեդովը, և որի որդի Անար Մամեդովը գլխավորում է ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործողությունները, և Հեյդարովները՝ արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովի գլխավորությամբ: Վերջինիս որդի Թալեն պատասխանատու է Եվրոպայում լոբբինգի համար:

ԱՄՆ-ում 1938-ից գործող «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտը» պարտավորեցնում է ամերիկյան բոլոր ընկերություններին հաշվետվություն ներկայացնել օտարերկրյա կառավարություններից ստացվող միջոցների մասին: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերի տվյալների ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ ԱՄՆ-ում մի շարք իրավաբանական, խորհրդատավական և լոբբիստական ընկերություններ «նստած են» Ալիևների փողերի վրա:

Շախտախտինսկիի կարծիքով՝ ադրբեջանական լոբբինգի հաջողությունն իրականում պայմանավորված է նրանում ներդրված գումարների չափով. այն ամենաբարձր գինն է առաջարկում։

ԱՄՆ-ում Բաքվի շահերը առաջ տանող ամենաակտիվ կազմակերպություններից մեկը «Ադրբեջան-Ամերիկա դաշինքն» է՝ AAA-ն, որն ամերիկյան հեղինակավոր Fabiani & Company-ին 2,4 մլն դոլար է վճարել «ադրբեջանցի ժողովրդի առաջընթացի, երկրի, նրա մշակույթի և միջազգային հարաբերությունների զարգացման ռազմավարության մշակման» համար: Կազմակերպության անդամները հանդիպել են նաև Ներկայացուցիչների պալատի 85 անդամների, 21 սենատորի, Heritage Foundation, Jamestown Foundation և Atlantic Council հիմնադրամների անդամների հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կազմակերպության հիմնադիր Անար Մամեդովը վերջին տարիներին անձամբ հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի, ինչպես նաև յոթ սենատորների և 13 կոնգրեսականների հետ:

Բացի այդ՝ AAA-ն կարողացել է յոթ նահանգների օրենսդիր մարմիններին «համոզել» ընդունել Ադրբեջանի հետ բարեկամության մասին բանաձևեր, որոնցում տեղ գտած որոշ ձևակերպումներ կարող են առաջացնել իրավապաշտապնների և ընդդիմության զարմանքը:  Մասնավորապես՝ Օկլահոմայի նահանգային Սենատն Ադրբեջանը համարում է «ժողովրդավարական, աշխարհիկ և սահմանադրական պետություն»: Իլինոյիսի նահանգային Սենատը պնդում է, որ «Ադրբեջանում բոլոր քաղաքացիների համար հավասար իրավունքներ են՝  անկախ նրանց ռասայից, էթնիկական, կրոնական պատկանելությունից, սեռից»: Կենտուկիի Ներկայացուցիչների պալատի բանձևում նշվում է, որ «Ադրբեջանը կիսում է ամերիկյան արժեքները» և այլն:

Վաշինգտոնում գտնվող Podesta Group-ը 2014թ. հունվարի 1-ից ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից ամսական 50 հազ. դոլար է ստացել Ադրբեջանի և ԱՄՆ-ի պետական կառույցների միջև կապերի սերտացման վերաբերյալ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու դիմաց: Podesta-ն հիմնադրել է Օբամայի վարչակազմում ներկայում որպես խորհրդական աշխատող Ջոն Պոդեստայի եղբայր Թոնի Պոդեստան:

Ամերիկյան լոբբիստական մեկ այլ ընկերություն` Roberti+White-ը, որը գործում է Նյու Յորքում և Վաշինգտոնում, 2013թ. Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ամերիկյան մասնաճյուղից` SOCAR USA-ից վեց ամսվա ընթացքում «Ռազմավարական խորհրդատվությունների համար» շուրջ 125 հազ. դոլար է ստացել:
2012թ. աշնանը SOCAR USA-ը գնել է Վաշինգտոնի կենտրոնում՝ Duponte Circle հրապարակում  գտնվող հինգհարկանի պատմական մի շինություն, որտեղ նախկինում տեղակայված էր Freedom House իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը:

Freedom House-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինձորը սա ճակատագրի հեգնանքի ամենավառ դրսևորում է համարում, քանի որ նրա խոսքով՝ «աշխարհի ամենաանազատ պետություններից մեկն այժմ զբաղեցնում է մի շինություն, որը նախկինում ազատության տուն է եղել»:
Հյուսթոնում TCAE լոբբիստական կազմակերպությունը, որն իր նպատակն է համարում «թյուրքական աշխարհի հետ կամուրջի հաստատումը՝ հիմնական շեշտը դնելով Թուքրիայի, Ադրբեջանի և հետխորհրդային կետրոնասիական հանրապետությունների վրա» և սերտ կապեր ունի ծագումով թուրք իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, կազմակերպել է մի շարք կոնգրեսականների այցերը Ադրբեջան: Նրանց թվում է նաև նախկինում Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Մայքլ Մակ-Մահոնը, որն անցած տարվա հոկտեմբերին հայտարարել է, որ Ալիևի վերընտրությունն «ազատ էր և արդար»:

Եվրոպայում Ադրբեջանի շահերի լոբբինգով զբաղվում է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ Թալե Հեյդարովը և Ալիևի դուստր Լեյլա Ալիևան: Վերջինս՝ Ադրբեջանի Քիմ Քարդաշյանը, իր հոր կողմից ֆինանսավորվող ամսագրի խմբագիրն է: Հանդեսը հրատարակվում է լոնդոնյան Condé Nast Contract Publishing-ի կողմից, և Ալիևան փիարի հարցերում համագործակցում է բրիտանական խոշորագույն մեդիա հոլդինգի` News Corp-ի սեփականատեր Ռուպերթ Մերդոքի փեսայի` Մեթյու Ֆրոյդի հետ:

Լավ կրթություն ստացած Թալեն շփվում է արքայազն Հարրիի հետ և մեծ գումարներ ծախսում Ադրբեջանի հեղիանակության բարձրացման վրա: Նա ցանկանում է ընկալվել որպես հուսալի էներգետիկ գործընկեր, որի հետ կարելի է գործ սկսել: Այս հարցում նրա հիմնական գործիքը «Եվրոպայի ադրբեջանական հանրություն»՝ TEAS կազմակերպությունն է: Կազմակերպությունը Լոնդոնում գտնվող կենտրոնական գրասենյակից բացի՝ մասնաճյուղեր ունի նաև Ստամբուլում, Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում: Արևմտյան Եվրոպայի հետ կապերի հաստատումը նշանակում է եվրոպացի խորհրդականների համար շքեղ ճանապարհորդությունների կազմակերպում: TEAS-ը առնվազան 71740 ֆունտ է ծախսել Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամների և 9700 ֆունտ՝ լեյբորիստների ուղևորությունների համար:

Ադրբեջանի համար առավել հեշտ էր իր կողմը գրավել ԵԽԽՎ-ին, որտեղ  լոբբինգի հիմնական միջոցը շարունակում է մնալ խավիարը: Ամենը, ինչ կառույցում պահանջվում է Ադրբեջանից, քվեարկության օրը այլ երկրները ներկայացնող իրեն համակիր պատգամվորների ներկայությունն ապահովելն է: Խավիարի մեկ կիլոգրամն արժե 1300-1400 եվրո: ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի բարեկամներից յուրաքանչյուրն ամեն մի նստաշրջանին, այսինքն՝ տարեկան չորս անգամ, ստանում է 400-600 գրամ խավիար»:

Ադրբեջանը հեռվից կարևոր, ուշադրության արժանի պետության տպավորություն չի ստեղծում, սակայն Արևմուտքին աջակցող անվտանգ և կայուն մուսուլմանական պետության կերպարը, որը կերտել է վերջին 1,5 տասնամյակում, չափազանց գրավիչ է բոլոր համոզմունքերում իշխող շրջանակների համար:

«Հինգ տարի հետո Կոռլեոնեների ընտանիքը բացարձակ օրինական կդառնա»,- «Կնքահայրը» ֆլիմում Քեյթ Ադամսին ասում է Մայքլ Կոռլեոնեն: Կասպիցի Կոռլեոնեները մեծ ծախսերի և խելացի քարոզչության շնորհիվ կարողացել են համոզել Արևմուտքին, որ իրենց հաջողվել է բացարձակ լեգիտիմության հասնել շատ ավելի արագ: Ողբերգությունն այն է, որ բոլորը դրա վրա թքած ունեն:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here