Լուգանսկը Հայաստանին խնդրում է ճանաչել իր անկախությունը

0
138

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը դիմել է մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին՝ խնդրելով իրեն ճանաչել որպես անկախ պետություն։ Համապատասխան դիմումները տեղադրված են ինքնահռչակ հանրապետության պաշտոնական կայքում։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ ԱԳՆ-ն նման դիմում չի ստացել, իսկ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը խոստացավ վաղը` հունիսի 13-ին, պատասխանել հարցին` արդյոք ԱԺ-ն ստացել է նման դիմում։

Համաձայն Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության կայքի՝ բացի Հայաստանից՝ դիմումներ են ուղարկվել նաև Ռուսաստանին, Աբխազիային, Բելառուսին, Վենեսուելային, Ինգուշիային, Ղազախստանին, Չինաստանին, Կուբային, Մերձդնեստրին, Նիկարագուային, Սերբիային, Սիրիային, Չեչնիային և Հարավային Օսիային։

Ուկրաինայի արևելքում լարված իրադրություն է՝ սկսած 2014թ. ապրիլի սկզբից, երբ ռուսամետ ակտիվիստները կառավարական շենքեր գրավեցին Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող ակտիվիստները պահանջում էին դաշնայնացում և անգամ՝ Ռուսաստանին միացում։

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի շարք քաղաքներում անցկացվեցին ռուսամետ ուժերի կողմից կազմակերպված հանրաքվեներ «պետական ինքնուրույնության» հարցով։ Մայիսի 12-ին Դոնեցկում ռուսամետ ակտիվիստների առաջնորդները ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» հանրաքվեի արդյունքներով հռչակեցին «ինքնիշխան պետություն» և Ռուսաստանին խնդրեցին այն ընդգրկել իր կազմում։ Նույն օրը Լուգանսկում ռուսամետ ակտիվիստների առաջնորդներն իրենց հերթին հայտարարեցին անկախության հռչակման մասին։

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here