WikiLeaks-ի նոր բացահայտումները. Տիմոշենկոն, հնարավոր է, կապեր ուներ քրեական աշխարհի հետ

0
146

PanARMENIAN.Net – Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, գլխավորելով Ուկրաինայի Միասնական էներգետիկ համակարգերը (ՈւՄԷՀ), հավանաբար, գործակցել է քրեական հեղինակություն Սեմյոն Մոգիլևիչի հետ, ասվում է WikiLeaks-ի նյութերում:

Կիևում ԱՄՆ դեսպանի հաղորդագրության մեջ, որը Վաշինգտոն է ուղարկվել 2006 թ. ապրիլի 14-ին, ասվում է, որ Տիմոշենկոն կարող էր կապված լինել կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների հետ: ԱՄՆ դեսպանությունը մատնանշում է «Ուկրաինական պրավդա» նորությունների կայքը, որը հայտնել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերում Մոգիլևիչին վերաբերող տեղեկատվության ապօրինի ոչնչացման մասին Տիմոշենկոյի այն ժամանակվա թիմակիցներ Ալեքսանդր Տուրչինովի և Անդրեյ Կոժեմյակինի կողմից:

«Մարտի 16-ի հոդվածում, ՈւԱԾ-ում աղբյուրների վրա հղումով ասվում է, որ տեղեկատվությունը կարող էր ոչնչացվել, քանի որ այն ապացույցներ էր պարունակում Տիմոշենկոյի մրցակիցների, օրինակ, Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման մասին, և/ կամ ապացույցներ ստվերային գործարքների մասին Մոգիլևիչի և Տիմոշենկոյի միջև, երբ նա գլխավորում էր ՈւՄԷՀ-ն 1990-ականների վերջում»,-հայտնում է WikiLeaks-ը: Յուլիա Տիմոշենկոն 2005 թ. հունվարի 8- ից մինչև սեպտեմբերի 24-ը և 2007 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2010 մարտի 4-ը Ուկրաինայի վարչապետն էր: 2004 թ. նա ստեղծեց Յուշչենկոյի հետ միասին «Ժողովրդի ուժը» կոալիցիան, որը ղեկավարում էր Նարնջագույն հեղափոխությունը: 2011 թ. հոկտեմբերին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ՌԴ հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կնքման ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանցելու համար: 2014թ. փետրվարին Գերագույն ռադան ազատ արձակեց Տիմոշենկոյին, նա առաջադրվեց նախագահի պաշտոնում: Մայիսի 25-ին կայացած ընտրություններում նրա օգտին ձայն տվեց ընտրողների 12,86 տոկոսը:

Գործարար Սեմյոն Մոգիլևիչը, որը հայտնի է որպես Սերգեյ Շնայդեր, ԱՄՆ ՀԴԲ կողմից ներառվել է «ամենաորոնվող հանցագործների ցուցակում»: Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների, նա մեղսակից է ռեկետի մոտ 40 դեպքի, տարբեր խարդախությունների, փողի լվացմանն ու տնտեսական այլ հանցագործությունների մի քանի երկրներում: Անցյալ տարվա ապրիլին Foreign Policy հանդեսը ընդգրկեց նրան աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here