Ծպտեալ Հայերը Զանգուածային Լրատուամիջոցներում

0
166

ՄԵՀՄԵԴ ՇԵՒՔԵԹ ԷՅԳԻ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Զանգուածային լրատուամիջոցներում բաւականաչափ հայեր կան: Նրանց մի մասը մէկ ինքնութիւն ունեցող հայեր են, որոնց անունները հայկական են, իսկ կրօնը՝ կամ հայ առաքելական, կամ կաթոլիկ, կամ էլ բողոքական: Աթէիստ կամ մարքսիստ եղողներ էլ կը լինեն ամենայն հաւանականութեամբ…
Կան այնպիսիք, որոնց թուրքերէնը եւ մշակոյթը ես գնահատում եմ:
Մէկ էլ կան ծպտեալ հայերը, որոնք երկու ինքնութիւն ունեն. արտաքուստ մուսուլման են, սակայն նրանց իսկական ինքնութիւնը հայկական է: Ո՛չ, ես անուններ չեմ տայ. ոչ դրա իրաւունքն ունեմ, ոչ էլ ուզում եմ խառնակչութիւն հրահրել:
Այդ ծպտեալ հայերի մի մասը խիստ կործանարար գործունէութիւն է ծաւալում:
Ոմանք արտաքուստ ալեւի են երեւում: Ալեւիականութեանն էլ են վնաս հասցնում:
Թուրքիայում այլեւս բաւականաչափ ազատութիւն կայ: Երանի թէ նրանք թողնեն իրենց երկակի ինքնութիւնը եւ վերադառնան իրական ինքնութեանը:
Երջանկայիշատակ Հրանդ Դինքն այդպէս էր արել:
«Թիւրքիէ» օրաթերթի 2012թ. Փետրուարի 9ի համարում տպագրուած՝ «Հայերը վերադառնում են իրենց ինքնութեանը» վերնագրով հրապարակման մէջ ներկայացւում են մէկ ինքնութեամբ մեր այն հայ քաղաքացիները, որոնք դատական որոշմամբ թողել են թուրքական կամ քրդական, մահմեդական ինքնութիւնները…
Օսմանեան կայսրութեան ժառանգորդ Թուրքիայի հանրապետութիւնը բազմազանութեան ցուցասրահ էր:
Գլխաւոր ինքնութիւնը թուրքիացիութիւնն է:
Ըստ խօսակցութիւնների՝ ներկայում 78 ցեղ ու ժողովուրդ կայ:
Բնակչութեան մի մասը երկու ինքնութիւն ունի:
Ծպտեալ հրեաները՝ դէօնմէ (կրօնափոխ-«Ակունք») կոչուող, սակայն դաւանափոխ չեղած սաբաթայականները… Սաբաթայական չեղող ծպտեալ հրեաները… Իսկ Բագրատունիներին հրեա՞յ ենք համարելու, թէ հայ:
Մեր երկրում ապրող ծպտեալ հրեաների ընդանուր թիւը մէկ միլիոնից քիչ չէ:
Դարձեալ առնուազն մէկ միլիոն ծպտեալ քրիստոնեայ կայ:
Թուրքիան ապահովութեան մէջ չի լինի, քանի դեռ չի լուծել այդ ծպտեալների խնդիրը:
Սոմայի հանքահորում տեղի ունեցած ողբերգական դէպքից յետոյ այնտեղ արտաքուստ ալեւի համարուող խմբեր ուղարկուեցին. խառնակչութիւն հրահրելու փորձ եղաւ:
Գեզի այգու իրադարձութիւնների հեղինակները սուննի մահմեդակա՞ն են ալեւի՞ են, թէ ծպտեալ:
Ծպտեալներին ի տես՝ ջայլամի պէս, գլուխը աւազի մէջ թաղելով, ոչ մի լուծման չենք յանգի:
Միլիոնաւոր ծպտեալները Թուր-քիայի դառը եւ խրթին իրականութիւնն են:
Հրեաները, հայերը, յոյները, միւս ոչ մուսուլման տարրերը Օսմանեան կայսրութեան միլլեթների համակարգում ապրել եւ գոյատեւել են խաղաղութեան ու կրօնի եւ ինքնութեան ազատութեան մէջ:
Գաղութարար պետութիւններն այդ հպատակներին թշնամացրել են պետութեան նկատմամբ, պետութիւնը կործանուել է, նրա փոխարէն աշխարհիկ հանրապետական ռեժիմ է հիմնուել, եւ բոլորը տակնուվրայ են եղել:
Ուղղափառ յոյներն Օսմանեան պետութեան համակարգում երկրորդ միլլեթն էին՝ մուսուլմաններից յետոյ:
Եթէ օսմանեան համակարգը պահպանուած լինէր, այսօրուայ մեր սահմանների ներսում առնուազն 5 միլիոն յոյն կ՛ապրէր… Դարձեալ առնուազն 5 միլիոն հայ կը բնակուէր…
Յոյների եւ հայերի մի մասը, ոչ բոլորը, անսացին իմպերիալիստ, գաղութարար պետութիւններին, միսիոներներին, կտրեցին այն ճիւղերը, որոնց վրայ նստած էին, եւ վայր ընկան: Նրանք սխալ ձիու գաւակին նստեցին եւ խաղը կորցրին:
Աշխարհիկ ֆաշիստական ռեժիմը կործանեց ոչ միայն յոյներին եւ հայերին, այլ նաեւ՝ սուննիների մի մասին:
Ալեւիներին էլ հանգիստ չթողեցին:
Երանի՜ թէ հայերը շարունակէին հաւատարիմ հպատակ լինել:
Երանի՜ թէ օսմանեան քաղաքացի՝ Իզմիրի յոյն մետրոպոլիտ Խրիսոստոմոսը թշնամի յունական բանակին չընդունէր եւ չօրհնէր, օսմանցիների կողմը բռնէր:
Երանի՜ թէ Օսմանեան պետութիւնը չպարտուէր Առաջին աշխարհամարտում:
Երանի՜, երանի՜, երանի՜… Ա՜խ այս երանիները:

«Ակունք»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here