Ռուսաստանը չի խոչընդոտի Վրաստանի ասոցացմանը. Բարոզու

0
112

Հունիսի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա  Թբիլիսի է ժամանել Մոլդովայից: Բարոզուն Վրաստանից կմեկնի Ադրբեջան: Վրաստան այցի առաջին օրը նրան ընդունել է այս երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը Բարոզուին Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ներդրման համար պարգևատրել է «Ոսկե գեղմ» շքանշանով: Հանդիպմանը հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Բարոզուն հայտարարել է, որ Վրաստան է ժամանել առաջին հերթին աջակցություն հայտնելու համար՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի նշանակում, որ Վրաստանը ԵՄ-ի հետ առանձնահատուկ հարաբերություններ է ունենալու և պետք է դադարեցնի իր համագործակցությունն ու հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ:

Բարոզուն հիշեցրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամիսներ առաջ Բրյուսելում իրեն տված խոստումը, ըստ որի՝ Վրաստանի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում: Նա հայտարարել է, որ լիահույս է՝ Պուտինը կկատարի իր խոստումը:
Նա նշել է, որ այս ամենը նշանակում է առևտրի զարգացում, իսկ առևտուրը «առճակատում չի հանդուրժում, անհրաժեշտ է համագործակցություն»:

Բարոզուն նշել է նաև, որ Ասոցացման համաձայնագիրը նախկինում ստորագրված այլ փաստաթղթերից խիստ տարբերվում է նրանով, որ տնտեսության զարգացման հնարավորություն է ընձեռում, ինչը նշանակում է աշխատատեղերի ավելացում: Նրա կարծիքով՝ Վրաստանի եթե ոչ ներկա, ապա գալիք սերունդները կզգան եվրոպական տնտեսական ընտանիքին միանալուց ստացված օգուտները:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումը առաջին փուլն է այն ճանապարհի, որը պետք է ավարտվի ԵՄ-ին Վրաստանի անդամակցությամբ: Նա նաև նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին:

Հունիսի 13-ին «Վրաստան-ԵՄ միջազգային ներդրումային համաժողովին» Բարոզուն հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքում Վրաստանից ԵՄ արտահանումը կաճի 12%-ով: «Դա կարևոր է տնտեսական և քաղաքական տեսանկյունից, և լուրջ խթան է Վրաստանի համար բարեփոխումների անցկացման տեսանկյունից: Մենք ակնկալում ենք երկրի ժողովրդավարացման գործընթացի բարելավում»,- ասել է Բարոզուն համաժողովին իր ելույթի ընթացքում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանի ՀՆԱ-ն կաճի 4,3%-ով:

Մայիսի 14-ին Թբիլիսիում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի հետ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Վրաստանն ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն հունիսի 27-ին, և փաստաթուղթը վրացական կողմից կստորագրի վարչապետ Ղարիբաշվիլին: Համաձայնագիրը Վրաստանը նախաստորագրել էր 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում:

Վիլնյուսի գագաթաժողովում ակնկալվում էր, որ Ասոցացման համաձայնագիրը  կնախաստորագրի նաև Հայաստանը, քանի որ 2013թ. հուլիսի վերջին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետ շուրջ երեք ու կես տարի տևած բանակցությունների ավարտը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ հայտարարություն ընդունեցին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here