«Արարիչ». Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը Նյու Յորքում

0
118

PanARMENIAN.Net – Նյու Յորքի Gilbert Albert պատկերասրահում հունիսի 17-ին բացվելու է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` «Արարիչ» խորագրով:

Նյույորքյան պատկերասրահում ցուցադրվելու է Փարաջանովի ավելի քան 30 աշխատանք՝ կոլաժներ, գլխարկներ, տիկնիկներ: Բոլոր աշխատանքները տարվել են Երևանից: Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 10-ը, գրում է Panorama.am-ը:

Սերգեյ Փարաջանովին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնիայս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ամբողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագերր. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here