Գործադիրը քառյակի պահանջների համար ունի ռեսուրսներ. Ա. Մինասյան

0
176

Քառյակի՝ իշխանություններին ուղղված 12 պահանջները Հայաստանի ամենահիմնական հարցերը չեն, պարզապես բազմաթիվ հարցեր քննարկելուց հետո կոնսենսուս է ձևավորվել կոնկրետ այդ հարցերի շուրջ, և դրանք ձևավորել են նվազագույն փաթեթը: Այս մասին ՍիվիլՆեթի տաղավարում ասաց Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով սկզբունքների մասին, որոնց հիման վրա ձևավորվել են Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության համատեղ պահանջները:

Քառյակը հունիսի 10-ին խորհրդարանում ներկայացրել է համատեղ հայտարարություն, որը ներառում է 12 առաջնահերթ պահանջ` ուղղված իշխանություններին: 

Ոչ իշխանական ուժերը, մասնավորապես, պահանջում են վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը, հաստատել «Նաիրիտ գործարան»-ի վերագործարկման ծրագիրը, բացառել «Որոտան հէկերի համալիր»-ի գույքի վաճառքը` առանց ԱԺ հավանության, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը և այլն:

Ներկայացնելով 12 պահանջները` քառյակը մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել իշխանություններին` դրանք լուծելու համար:

Արծվիկ Մինասյանի խոքով՝ 12 պահանջների ընտրությունը կապված է նաև ժամանակային սահմանափակման հետ, այսինքն՝ ընտրվել են այնպիսի կետեր, որոնց շուրջ կառավարության և իշխանության պատրաստակամությունն ու գործողությունները մինչև սեպտեմբերի վերջ իրագործելիության առումով հնարավոր է տեսնել:

«Բացի այդ՝ սա հնարավորություն կտա համախմբել հանրությանը շատ ավելի ընդգրկուն պահանջներ ձևավորելու շուրջ: Եվ վերջապես, պահանջների մշակման հիմքում դրված հիմնական սկզբունքն այն է, որ փորձ է արվել շեշտադրում կատարել հենց սոցիալ-տնտեսկան հիմնախնդիրների մասով: 12 կետերից ինը սոցիալ-տնտեսական բնույթի են, երկուսը՝ քաղաքական և մեկը՝ արտաքին քաղաքական՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Եթե ընդհանրական գնահատելու լինենք, ապա ինը սոցիալ-տնտեսական գործողություններից թերևս միայն երեք-չորսն են, որ պահանջում են կոնկրետ ֆինանսական ներդրումներ: Մեր գնահատմամբ՝ կառավարությունը ոչ միայն ունի այդ ռեսուրսները, այլև այսօրվա ծախսային քաղաքականության մեջ արդյունավետ համախմբում իրականացնելու դեպքում, մենք կարող ենք ակնկալել, որ այս կետերը իրագործելի են»:

Անդրադառնալով ներկայացված պահանջների 5-րդ կետին [Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի] և տնտեսագետների կողմից շրջանառվող հարցին, թե ում վրա են մնալու փոխարժեքային ռիսկային տատանումները, և եթե մնալու է պետության վրա, ինչու պետք է պետությունը մասնակցի մասնավոր առևտրային բանկերի դրամ-դոլար փոխանակման ռիսկերի կանխարգելմանը՝ պատգամավորը նշեց. «Այո, փոխանակման կուրսի ռիսկը պետք է մնա պետական բյուջեի և հենց այն պատճառով, որ խոսքը Հայաստանի տնտեսության խոցելի հատվածներից մեկի՝ գյուղատնտեսության մասին է: Եվ քանի որ աշխարհում երևի թե չկա այլ երկիր, որտեղ գյուղատնտեսությունը լուրջ սուբսիդավորման ծավալների մեջ չլինի, և Հայաստանը, թերևս, բացառություններից մեկն է, մենք ասում ենք, որ գյուղատնտեսությանը պետական աջակցություն է անհրաժեշտ: Պետական աջակցության ձևերից մեկը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն է, այդ թվում նաև ռիսկերի նվազեցումը: Տվյալ դեպքում փոխարժեքի ռիսկը դիտվում է որպես կարևորագույն սահմանափակող գործոն նույն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալելու առումով»:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ զուտ փոխարժեքի փոփոխության ռիսկի մեծությունը ինքնին ֆինանսկան մեծ բեռ չէ, սակայն սա նոր մշակույթ է մտցնում, ինչը նաև թույլ է տալիս, որ հետայսու առևտրային բանկերը կարողանան գիտակցել, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պետք է կատարվեն բացառապես դրամով:

Կառավարության կողմից այս կետերը իրականացնելու դեպքում, ինչպես ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը, դրանից հետո հնարավոր կլինի ձևավորել նոր, ավելի ընդգրկուն պահանջներ և այդ պահանջների ներքո կառավարության և ընդդիմության համատեղ մասնակցությամբ դրանց իրագործում: «Եթե կառավարությունը չիրականացնի այս պահանջները, պարզ է դառնում նույն քառյակի, արտախորհրդարանական շատ ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների համար, որ պայքարի մի նոր դաշտ է բացվում, ինչը նշանակում է նաև անձանց շատ արագ հեռացում կառավարման լծակներից»,- ասաց Մինասյանը՝ չհերքելով, որ քառյակի կողմից պահանջների ներկայացումը մատավարական քայլ է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here