«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ հաւատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցութեան մասնակիցները հանդէս եկան յայտարարութեամբ

0
158

Յունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարուած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ հաւատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցութեան աւարտին ընդունուեց յայտարարութիւն, որում ասւում է.

«Յունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպուած խորհրդակցութեան շրջանակներում հաւաքուել էին Սիրիայի, Մերձաւոր Արեւելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի ներկայացուցիչները եւ հոգեւոր առաջնորդները` քննարկելու Սիրիայում շարունակուող ճգնաժամի պայմաններում հաւատքի համայնքներին սպառնացող մարտահրաւէրները:

Մենք հաւաքուեցինք հայերի եւ ասորիների ցեղասպանութեան հարիւրամեակի նախօրէին եւ աղօթեցինք արդարութեան եւ խաղաղութեան համար: Մենք այցելեցինք Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ յիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կեանքով վճարեցին հաւատքի եւ ազգային պատկանելութեան համար:

Այս հաւաքը համընկաւ նաեւ Հոգեգալստեան տօնին, երբ Սուրբ Հոգին իջաւ` միաբանելու բոլոր լեզուներով խօսող հաւատացեալներին: Սուրբ Հոգին մեզ մղում է հաւատալու, որ միայն մարդկային ջանքերով հնարաւոր չէ ձեռք բերել խաղաղութիւն ու արդարութիւն բոլոր ժողովուրդների համար:

Դիակոնիկ եւ մարդասիրական օժանդակութեամբ եկեղեցիները շարունակում են Սիրիայի ժողովուրդների հանդէպ Քրիստոսի տածած անվերապահ սիրոյ վկան լինել: Կարեւոր է, որ եկեղեցիները շարունակեն այն մարդկանց կողքին լինել, որոնք ապաստանել են հարեւան երկրներում: Ուստի, մենք խրախուսում ենք համագործակցութիւնը տարբեր եկեղեցիների եւ եկեղեցական կառոյցների միջեւ Սիրիայում եւ միջազգային շրջանակներում: Այն եկեղեցիներին, որոնք հաշտեցման ուղին են բռնել, մենք կոչ ենք անում շարունակել կամուրջներ կառուցել՝ զարգացնելով երկխօսութիւնը մուսուլման եղբայրների եւ քոյրերի հետ:

Մենք երախտապարտ ենք Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Հայաստանի կառավարութեանը` իրենց երկրում աւելի քան 12.000 սիրիացի փախստականներ ընդունելու համար:

Սիրիայի խնդրին նուիրուած միջազգային եւ էկումենիկ խորհրդակցութեան ժամանակ, որը  կազմակերպուել էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից 2014 թ-ի յունուարին, մենք արտայայտեցինք մեր մտահոգութիւնը Սիրիայում ծայրայեղ բռնութեան եւ  մարդկային աղէտի պատճառով տուժած մարդկանց նկատմամբ եւ յստակօրէն շարադրեցինք մեր խորը համոզմունքը, որ այդ երկրի ճգնաժամին չպէտք է տրուի ռազմական լուծում:

Մօտ չորս ամիս է անցել Ժնեւ 2 խաղաղարական գործընթացի ձախողումից: Մեծ ցաւով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիւանդանոցների եւ աղօթատեղիների մասսայական եւ համատարած ոչնչացումը: Պատերազմի ներթափանցմամբ հարեւան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի եւ վտանգաւոր զարգացումների: Հետեւաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտութեան բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինուած հակամարտութեան եւ թշնամութեան անյապաղ դադարեցմանը Սիրիայում եւ Իրաքում:

Մենք կոչ ենք անում հանել մարդասիրական նպատակներով դէպի Սիրիա փոխանցուող դրամական փոխանցումների սահմանափակումները, ինչպէս նաեւ հումանիտար օգնութեան արգելափակումը, դադարեցնել զէնքի հոսքը, հակամարտութեան բոլոր կողմերի ֆինանսաւորումը եւ դուրս բերել բոլոր օտար զինեալներին:

Մենք պահանջում ենք անմիջապէս ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին՝ Հալեպի եւ Ալեքսանդրետայի Յոյն Ուղղափառ Մետրօպոլիտ Նորին Սրբազնութիւն Բուլոսին եւ Հալեպի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Մետրօպոլիտ Նորին Սրբազնութիւն Մօր Յուհաննայ Գրեգորիոսին, ինչպէս նաեւ Հայր Պաոլոյ Դալ’Օլիոյին, բոլոր գերիներին եւ անարդարացիօրէն բանտարկուածներին:

Այս պայմաններն են ձեւաւորում մեր մտադրութիւններն ու յոյսերը մեծ էկումենիկ ընտանիքում եկեղեցիների եղբայրութեան ճանապարհին՝ հաւատացեալ բոլոր ժողովուրդներին խաղաղութիւն եւ արդարութիւն բերելու նպատակին ընդառաջ:

«Երանի՜ խաղաղարարներին» (Մաթ. 5:9)»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here