Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը Կոչ Կ՛ընէ Դադրեցնել Զէնքի Հոսքը Սուրիա

0
136

ԷՋՄԻԱԾԻՆ.- Յունիսի 11-12 Մայր աթոռ Ս. Էջմիածինի մէջ գումարուած՝ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի՝ «Սուրիոյ ճգնաժամը. մարտահրաւէրներ հաւատքի համայնքներու համար» խորագիրով միջազգային խորհրդակցութեան աւարտին ընդունուած է յայտարարութիւն մը, զոր կը ներկայացնենք ստորեւ.
Յունիսի 11-12ը ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի հրաւէրով եւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպուած խորհրդակցութեան շրջանակներում հաւաքուել էին Սիրիայի, Մերձաւոր Արեւելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների Համաշխարհային խոր-հրդի, Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի ներկայացուցիչները եւ հոգեւոր առաջնորդները՝ քննարկելու Սիրիայում շարունակուող ճգնաժամի պայմաններում հաւատքի համայնքներին սպառնացող մարտահրաւէրները:
Մենք հաւաքուեցինք հայերի եւ ասորիների ցեղասպանութեան հարիւրամեակի նախօրէին եւ աղօթեցինք արդարութեան եւ խաղաղութեան համար:
Մենք այցելեցինք Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ յիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կեանքով վճարեցին հաւատքի եւ ազգային պատկանելութեան համար: Այս հաւաքը համընկաւ նաեւ Հոգեգալստեան տօնին, երբ Սուրբ Հոգին իջաւ՝ միաբանելու բոլոր լեզուներով խօսող հաւատացեալներին: Սուրբ Հոգին մեզ մղում է հաւատալու, որ միայն մարդկային ջանքերով հնարաւոր չէ ձեռք բերել խաղաղութիւն ու արդարութիւն բոլոր ժողովուրդների համար:
Դիակոնիկ եւ մարդասիրական օժանդակութեամբ եկեղեցիները շարունակում են Սիրիայի ժողովուրդների հանդէպ Քրիստոսի տածած անվերապահ սիրոյ վկան լինել: Կարեւոր է, որ եկեղեցիները շարունակեն այն մարդկանց կողքին լինել, որոնք ապաստանել են հարեւան երկրներում: Ուստի, մենք խրախուսում ենք համագործակցութիւնը տարբեր եկեղեցիների եւ եկեղեցական կառոյցների միջեւ Սիրիայում եւ միջազգային շրջանակներում:
Այն եկեղեցիներին, որոնք հաշտեցման ուղին են բռնել, մենք կոչ ենք անում շարունակել կամուրջներ կառուցել՝ զարգացնելով երկխօսութիւնը մուսուլման եղբայրների եւ քոյրերի հետ: Մենք երախտապարտ ենք Հայ Առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի կառավարութեանը՝ իրենց երկրում աւելի քան 12.000 սիրիացի փախստականներ ընդունելու համար:
Սիրիայի խնդրին նուիրուած միջազգային եւ էկումենիկ խորհրդակցութեան ժամանակ, որը կազմակերպուել էր Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից 2014 թ.ի Յունուարին, մենք արտայայտեցինք մեր մտահոգութիւնը Սիրիայում ծայրայեղ բռնութեան եւ մարդկային աղէտի պատճառով տուժած մարդկանց նկատմամբ եւ յստակօրէն շարադրեցինք մեր խորը համոզմունքը, որ այդ երկրի ճգնաժամին չպէտք է տրուի ռազմական լուծում:
Մօտ չորս ամիս է անցել Ժընեւ 2 խաղաղարական գործընթացի ձախողումից: Մեծ ցաւով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիւանդանոցների եւ աղօթատեղիների մասսայական եւ համատարած ոչնչացումը: Պատերազմի ներթափանցմամբ հարեւան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի եւ վտանգաւոր զարգացումների: Հետեւաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտութեան բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինուած հակամարտութեան եւ թշնամութեան անյապաղ դադարեցմանը Սիրիայում եւ Իրաքում:
Մենք կոչ ենք անում հանել մարդասիրական նպատակներով դէպի Սիրիա փոխանցուող դրամական փոխանցումների սահմանափակումները, ինչպէս նաեւ հումանիտար օգնութեան արգելափակումը, դադարեցնել զէնքի հոսքը, հակամարտութեան բոլոր կողմերի ֆինանսաւորումը եւ դուրս բերել բոլոր օտար զինեալներին:
Մենք պահանջում ենք անմիջապէս ազատ արձակել Հալէպի երկու արքեպիսկոպոսներին՝ Հալէպի եւ Ալեքսանդրետայի Յոյն ուղղափառ մետրոպոլիտ նորին սրբազնութիւն Բուլոսին եւ Հալէպի Ասորի Ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ նորին սրբազնութիւն մոր Եուհաննա Գրեգորիոսին, ինչպէս նաեւ հայր Պաոլօ Դալօլիոյին, բոլոր գերիներին եւ անարդարացիօրէն բանտարկուածներին:
Այս պայմաններն են ձեւաւորում մեր մտադրութիւններն ու յոյսերը մեծ էկումենիկ ընտանիքում եկեղեցիների եղբայրութեան ճանապարհին՝ հաւատացեալ բոլոր ժողովուրդներին խաղաղութիւն եւ արդարութիւն բերելու նպատակին ընդառաջ«:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here