Թուրքիան հավատարիմ դաշնակից է, նրա ձայնը կարևոր է ՆԱՏՕ-ում. Ռասմուսեն

0
164

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը այցով հունիսի 16-ին ժամանել է Անկարա, կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքում, պատանդ վերցված՝ Թուրքիայի դիվանագիտական անձնակազմին:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման զինյալները հունիսի 11-ին նվաճելով Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը՝ առևանգել են Թուրքիայի 49 քաղաքացու, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժայինների, դիվանագետների և նրանց ընտանիքի անդամներին:

«Իրաքյան վտանգավոր զարգացումներին մեծ մտահոգությամբ ենք հետևում: Ես դատապարտում եմ Մոսուլում գլխավոր հյուպատոսության վրա անընդունելի հարձակումը,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում հայտարարել է Ռասմուսենը: – Ցանկանում ենք, որ թուրք պատանդները ազատ արձակվեն և անվտանգ լինեն»:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ունի դաշինքի երկրորդ խոշորագույն զինված ուժերը՝ ԱՄՆ-ից հետո: Թուրքիան նաև ունի ՆԱՏՕ-ի վեց Patriot տեսակի հրթիռ:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ըստ Today’s Zaman-ի՝ բանակցությունների օրակարգում է 2014թ. սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու իրավիճակը Իրաքում: Հանդիպումների ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրառումներ է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լավ հանդիպում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ես նրան շնորհակալություն հայտնեցի ՆԱՏՕ-ին մեծապես աջակցելու համար: Թուրքիան հավատարիմ դաշնակից է, և նրա ձայնը կարևոր է ՆԱՏՕ-ում»,- գրել է Ռասմուսենը:

Նախագահ Գյուլի հետ հանդիպման մասին էլ նա գրել է, որ հանդիպումը շատ կառուցողական էր: 

Իրաքում լարված իրադրության մասին վերջին օրերին երկու հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Ինչպես ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, Բայդենն ու Էրդողանը հունիսի 13-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ISIS-ի կողմից տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն սպառնացող վտանգը:

«Բայդենն ու Էրդողանը համաձայնության են եկել, որ հույժ կարևոր է միավորել իրաքցիներին ու նրանց առաջնորդներին ընդհանուր վտանգի առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ: Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցել Թուրքիայի՝ իր քաղաքացիներին անվտանգ կերպով վերադարձնելու ջանքերին:   

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախաձեռնությամբ գումարվել էր ՆԱՏՕ-ի արտակարգ հանդիպում: Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Ջեյլանը կազմակերպության անդամ պետություններին տեղեկացրել էր Մոսուլում ստեղծված իրադրության մասին: 

Հունիսի 11-ին Իրաքի Նինվե նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքում «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ISIS) զինյալ ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ էին վերցվել Թուրքիայի հյուպատոսության 49 աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսը: 

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Մոսուլը գրավելուց հետո քաղաքը լքել է մոտ կես միլիոն մարդ։ Հունիսի 10-ին Մոսուլից հարկադրված հեռացել է նաև 65 հայ ընտանիք։ 

«Իրաքի և Շամի իսլամական պետություն»-ը Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող հիմնական խմբավորումներից մեկն է և իր վերահսկողության տակ է վերցրել նաև Սիրիայի կառավարական ուժերի կորցրած միակ նահանգի կենտրոն քաղաքը՝ Ռաքքան, ինչպես նաև հյուսիսում Հալեպ նահանգի զգալի տարածքներ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here