«Կաքաւիկ» մանկական հանդէսի «Օրօր ու նանի» եւ «Մանական տօնախաղ» տեսա-լսողական սկաւառակների շնորհանդէսը Նոր Ջուղայում

0
174

Նախաձեռնութեամբ «Կաքաւիկ» մանկական հանդէսի տնօրինութեան  եւ հովանաւորութեամբ Սպահանի Հայոց թեմի Կրօնական խորհրդի, յունիսի 13-ի երոկոյան,   Հայ դատի Նոր Ջուղայի կենտրոնատեղիի սրահում կայացաւ մանկական օրօրոցային  կրօնական պատմութիւններ պարունակող «Օրօր ու նանի» եւ Հայկական–եկեղեցական, պետական-ազգային տօների մասին պատմող-ուսուցանող մուլտֆիլմ եւ Puzzel «Մանկական տօնախաղ» խորագրերով  տեսա-լսողական սկաւառակների շնորհանդէսը:  Միջոցառմանը  ներկայ էին  թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, քահանայից դասից , ազգային մարմիններից, միութիւններից ու դպրոցներից ներկայացուցիչներ, սկաւառակների իրականացմանը մասնակից անձիք եւ անհատ հրաւիրեալներ:

«Քրիստոնէական դաստիարակութեան վերաբերեալ այս կարեւոր գաղափարի ներկայացնողը եղել է «Կաքաւիկ» մանկական հանդէսի տնօրէն  Ժուլիետ Դաւթեանը՝ հովանաւորութեամբ Սրբազան հօր, Կրօնական խորհրդի, եւ գործակցութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի: Նոր Ջուղայում  իր տեսակի մէջ առաջինը համարւող ազգային եւ հոգեւոր բնոյթ կրող այս աշխատանքը ծառայելու է մանուկ-պատանիներին, որպէսզի իրենց գիտակցութեան ձեւաւորման առաջին իսկ պահերից ստանան քրիստոնէական հայեցի դաստիարակութիւն»,- ասաց  օրւայ հաղորդավար Թովմա սրկ. Գալստանեանը, ով   ծանօթացման գծով հատւածներ ցուցադրելով  նշեալ սկաւառակներից՝  խօսեց նրանց բովանդակութեան մասին  :

«Կաքաւիկ» հանդէսը մանկական աշխարհ է մուտք գործել 2010 թւականից Լոս Անջելեսում եւ ունեցել է բազմատեսակ ներկայացումներ ու հրատարակութիւններ: Սոյն հանդէսի առաքելութիւնն է հայ մատաղ սերնդին սովորեցնել հայոց լեզուն, հայկական սովորոյթներն ու աւանդոյթները, փոխանցել ազգային արժէքները, մանուկների ոգին լցնել հայ լինելու հպարտութեամբ եւ դա  անել ամենամանկական եւ զւարճալի ու հետաքրքրաշարժ միջոցներով»,- իր  խօսքում ասաց  «Կաքաւիկ» հանդէսի տնօրէն եւ սկաւառակների հեղինակ Ժուլիետ Դաւթեանը:  Նա իր խօսքը աւարտեց շնորհակալական խօսքերով՝ ուղղւած բոլոր նրանց, ովքեր աջակցել եւ մասնակից էին եղել  սկաւառակների իրականացման աշխատանքներին:

Կրօնական Խորհրդի անունից   շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ  Սաքօ Տէր- Յովհաննիսեանը եւ  նման աշխատանքը որակեց հայի ինքնութեան եւ  արժէքների պահպանման ու զարգացման միջոց:

Վերջում    առաջնորդ Սրբազան հայրը, հայրական  օրհնանքի  ու շնորհաւորանքի  կողքին,  իր ուրախութիւնն ու    հպարտութիւնը յայտնեց նման  մարդակերտման  ու հայակերտման  աշխատանքների մտայղացման ու յատկապէս  իրականացման համար  եւ   անհրաժեշտ համարեց նրա շարունակականութիւնը:

Նշելի է, որ սոյն աշխատանքի իրակացմանն աջակցել են Դրօ Մարգարեանը եւ երիտասարդ ասմունքողներ  Լեռնիկ Ծատուրեանն ու Մհեր Պօղոսեանը:

Յիշեցնենք, որ2013 թ.նոյեմբերին  ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը  Ժուլիետ Դաւթեանին  Հայապահպանութեան գործում   ներդրած ջանքերի, հայ մանուկներին հայոց լեզւի  ուսուցման   եւ հայեցի դաստիարակութեան համար  պարգեւատրել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Մայրենիի դեսպան» մեդալով:

Երանուշ Թահմազեան

Իրան(Նոր Ջուղա)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here