Կենսաթոշակները կկուտակվեն հարկերով

0
158

Սահմանադրությանը հակասող «Կուտակայինկենսաթոշակներիմասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող որոշ դրույթներ շտկելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը  կոսմետիկ փոփոխությունների փաթեթէ մշակել։Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարումներն իրենց բնույթով կլինեն հարկատեսակ, իսկ պետությունն այդ միջոցները կարող է տնօրինել իր ցանկությամբ։

Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումները։

Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթում ուրվագծված սխեման մասնավորապես առաջարկում է, որ 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես ներկայում հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի` մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500 հազ. դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25 հազ. դրամ ամսական, կամ 300 հազ. դրամ` տարեկան: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի անց` 2019-ին, ավելացվելու է` միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:
Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից` 50 հազ. դրամ):

Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, որոնք մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52 հազ. դրամից) որպես սոցիալական վճար փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18 հազ. դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար` խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5 հազ. դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը` հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ):

Ուշագրավ է, որ  աշխատանքային խմբի կողմից մշակված մոտեցումները նոր չեն, քանի որ դեռ մարտին ՍիվիլՆեթը, մինչև Սահմանադրական դատարանի կողմից օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչելը, գրել էր, որ կառավարությունը պատրաստել է այլընտրանքային տարբերակ։ Մարտին կառավարության կողմից օրենսդրական փոփոխությունների փաստաթղթում, որը հույժ գաղտնի էր պահվում, ներկայացված էին այն գրեթե բոլոր մեխանիզմները, որոնք ներկայում առաջարկում է աշխատանքային խումբը։ Փաստացի, աշխատանքային խումբը օրենքում կատարելու է կոսմետիկ բնույթի փոփոխություններ, քանի որ պարտադիր վճարները, միևնույնն է, պահվելու են աշխատակիցներին, այնպես, ինչպես ներկայում։

Բայց եթե հակասահմանադրական ճանաչված համակարգի դեպքում, աշխատակիցների անհատական հաշիվներին փոխանցվող գումարները հանդիսանում են աշխատակցի սեփականությունը, կառավարության կողմից ներկայումս առաջարկված համակարգի դեպքում այդ գումարները աշխատակցի սեփականությունն չէ։ Խնդիրն այն է, որ ներդրվելիք նպատակային սոցիալական վճարն իր բնույթով հարկատեսակ է և մուտքագրվելու է պետբյուջե և միայն դրանից հետո պետությունը գումարը փոխանցելու է քաղաքացու անհատական հաշվին։ Պետությունը ցանկացած պահին կարող է քաղաքացու անհատական հաշվից հետ վերցնել կուտակված գումարները, և քաղաքացին  չի կարող բողոքել։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here