Մեր ցանկությունն է, որ օր առաջ ԼՂ խնդիրը լուծվի, բայց՝ ո´չ ամեն գնով ու ցանկացած պայմանով. Սերժ Սարգսյան

0
133

Այո´, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, եւ դրա նպատակները մի քանիսն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ամենակարեւոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, եւ եթե բանակցային գործընթացում հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը:

«Եթե հիշում եք, ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ կարեւոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց ասացի, թե առավել կարեւոր է՝ ով է կռվողը, հանուն ինչի է կռվում եւ ում հետ: 1994-ի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկել պատերազմական գործողությունները, եւ մեր ողջ աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, եւ մենք ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում նոր տեսակները»,-ասել է երկրի նախագահը, ընդգծելով, որ Հայաստանը կարիք չունի ի ցույց դնելու իր սպառազինությունը:

«Սպառազինություններ ձեռք բերելով ու ի ցույց դնելով՝ տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունը, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, եւ մենք կարիք չունենք ցուցադրության կամ ցուցամոլության: Մեր հասարակության ներկայացուցիչները մշտապես հնարավորություն են ունենալու այցելել զորամասեր, վստահ լինել զինվորների մարտական ոգու, զինատեսակների կատարյալ լինելու մեջ: Մենք ոչինչ չենք խնայելու, որ մեր տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է սահմանները անառիկ պահելու համար»,-ասել է նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացից ակնկալիքների խնդրին, Սերժ Սարգսյանը ընդգծել է. «Ամենակոնկրետ արդյունքն արդեն 20 տարվա խաղաղությունն է: Այո´, վատ խաղաղություն է, փխրուն խաղաղություն է, եւ ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են, բայց խախուտ խաղաղությունը նախընտրելի է պատերազմից: Այո´, բանակցությունները դանդաղ են ընթանում, եւ մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց՝ ո´չ ամեն գնով ու ցանկացած պայմանով»:

Նրա խոսքով՝ բանակցությունները դանդաղում են, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ բոլորովին այլ: «Բնական է, որ այդ տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է առաջացնում, ու պատահական չէ, որ հասնելով ամեն փուլի՝ Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես գալիս»ասել է ՀՀ նախագահը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here