ԼՂ խնդիրը կապված չէ եվրասիական ինտեգրացիայի հետ. Լավրով

0
179

Սիվիլնեթ

Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը միանալու հրավեր չի ուղարկվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հունիսի 18-ին Բաքվում իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանի արտգործնախարարը հունիսի 17-18-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ռուսաստանի արտգործնախարարության կայքի տեղեկատվության համաձայն՝ Լավրովը Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի ցանկացած գործընկերոջ, որը Մաքսային միությանը, այնուհետ՝ Եվրասիական տնտեսական միությանը մերձեցման շահագրգռվածություն կդրսևորի:

Լավրովն ընդգծել, որ Ղարաբաղի խնդիրը կապված չէ Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացների հետ, որը ներկայում ընթանում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև, և որին մոտ ապագայում կմիանա Հայաստանը՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը: «Այդ գործընթացները տեղի են ունենում պետությունների տարածքում, որոնք Եվրասիական տնտեսական միության կազմում են: Ղարաբաղը այդպիսի պետություն չէ: Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է, որոնք ընթանում են կողմերի միջև համաձայնեցված մի շարք սկզբունքների հիման վրա: Հայաստանը արդեն հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցում է այն սահմաններով, որոնք ճանաչվել են ՄԱԿ-ի կողմից և որևէ այլ սահմանների ինքը չի հավակնում: Նույնը տեղի կունենա Եվրասիական միության դեպքում»:

Լավրովը նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ հարաբերությունները զարգանում են բարեկամության, բարիդրացիության, իրավահավասարության և փոխադարձ շահի վրա:

Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին նաև հայտարարել է, որ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը: «Հանդիպման ընթացքում ողջունել ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ անցած աշնանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: Ընդգծել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Որքան արագ համաձայնեցնենք գործնական քայլերի հետևողականությունը, այնքան արագ դա թույլ կտա հարթել իրավիճակը և անցնել կայուն կարգավորման, որը դրական կլինի ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, այնպես էլ կովկասյան ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա:

Մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ նա զգուշացնում էր, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի: Նիստին ներկա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նազարբաևի հայտարարությանն արձագանքել էր միայն Հայաստան վերադառնալուց հետո:

Ռուսաստանի արտգործնախարարը հունիսի 22-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի նաև Հայաստան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here