Պարզաբանում է նախագահը. ՄՄ, ԼՂՀ, գազ, սահմանադրական բարեփուխումներն ու քառյակի 12 կետը

0
204

PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազույցում` ընդգծելով, որ իր համար հարցը սպառված է և զարմանում է, որ դեռևս շարունակվում են քննարկումները:

«Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ: Այո´, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին: Որևէ մեկը կա՞, որ հարց առաջացնի ու ասի՝ մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ո´չ: Ճշմարտություն է նաև, որ ՀՀ-ն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ՝ երկրորդ Հայաստանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Կասկածի տակ առնել հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները ևս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունը»,- ասել է նա և ընդգծել, որ մնացած բոլոր հարցերը հուզական մակարդակում են:

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի նախագահը հայտատարել էր, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:ՄՄ անդամ երկրների նախագահները նամակ էին ստացել Ադրբեջանի նախագահից, որ «ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից»: Ինչպես նշել էր Նուրսուլթան Նազարբաևը, սա քննարկման առարկա է։ Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան էին թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք էր տվել. ԶԼՄ-ներում անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:

Անդրադառնալով Նազարբաևի կողմից հնչեցվածին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքականության մեջ, առավել ևս՝ դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն՝ դիվանագիտությունը կամ բանակցությունները «տղայություններ» անելու տեղ չեն:

«Դիվանագետի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ո´չ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը և, իհա´րկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում: Անհասականալի կլիներ, որ Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և՛ Ղազախստանի նախագահին, և՛ Ռուսաստանի նախագահին, և՛ Բելառուսի նախագահին: Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում, ո՞նց կարող էր անակնալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, ու նախորդ երեկոյան խորհրդակցություն էինք անցկացրել, բոլորն էլ գիտեին, որ նամակ է հղել երեք նախագաներին: Բացի այդ՝ ունեինք անցյալի փորձը… Հարցը նպատակահարմարության մասին է՝ որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը: Երբ ես ասում էի՝ տհաճ էր, տհաճությունը ո´չ թե բովանդակային առումով էր, այլ՝ տհաճ էր, որ ՄՄ անդամ երկրի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: ՀՀ-ն ունի իր հստակ սահմաները, ԼՂՀ-ն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա»,- ասել է նա:

Մայիսի 31-ին Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, նշել էր. «Նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս չի կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

Նախագահը, դիմելով իր քննադատներին, ասել է. «Մի´ պաշտպանեք Արցախն ինձնից, դա ոչ միայն վիրավորական է, այլև անհեթեթ»:

Այնուհետև երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու պարագայում առաջացող տնտեսական խնդիրներին և պատասխանել հարցին, թե արդյոք հաշվարկված են բոլոր դրական ու բացասական կողմերը, գրում է Tert.am-ը:

«Եթե այսօր 1000 խմ գազը մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուկային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, բնական ավազների ներմուծման պարագայում ունենք 7% զեղչ, դա ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է: Անշուշտ՝ որոշակի ահանգստություններ կան ինչպես հանրության մոտ, այնպես էլ՝ ինձ մոտ: Դրանք չենք կարող չլինել, քանի որ մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ: Այստեղ կան մարտահրավերներ, բայց դրանք լուծելի են, և այն բերելու է ՀՀ-ի տնտեսական զարգացմանը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Մաքսային միության սահմաններում ապրանքների ներմուծման բարձր դրույքաչափերին, ապա Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբերություններ կան, բայց դրանք հսկայական չեն:

«Երկորդ՝ զգայուն ապրանքների մասով կառուցել ենք հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակի համար, ենթադրենք՝ մեքենաների ներմուծման մասով. ակնհայտ է, որ ՄՄ անդամ երկրներn ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք՝ ավելի քիչ: Բայց այդ դրույքաչափերի կիրառումն անպայման հետաձգվելու է 5-10 տարով: Ավտոմեքենաների ներմուծման հարցը զգայուն հարց է, խնդրել ենք ժամանակ, խնդրանքը հարգվել է, և ունենալու ենք նվազագույնը 5 տարի: Այդ ընթացքում կադապտացվենք: Այդպես՝ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում»,- նշել է նախագահը` խոստանալով, որ առաջին արդյունքները Հայաստանը գրանցելու է հենց հաջորդ տարի:

Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից:Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին, մասնավորապես՝ վերջերս Նախիջևանի հատվածում, նախագահը նշել է, որ չի կարծում, թե ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ:

«Այո´, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, և դրա նպատակաները մի քանիսն են: Բայց ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Եթե հիշում եք, ՀՀԿ վերջին համագումարին ասացի, որ կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց ասացի, թե առավել կարևոր է՝ ով է կռվողը, հանուն ինչի է կռվում և ում հետ: 1994-ի մայիսից հետո երբեք նպատակ չենք ունեցել վերսկել պատերազմական գործողությունները, և ամբողջ աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, և ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում նոր տեսակները»,-ասել է նա:

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարիք չունի ի ցույց դնելու իր սպառազինությունը:

«Սպառազինություններ ձեռք բերելով ու ի ցույց դնելով՝ տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունը, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, և մենք կարիք չունենք ցուցադրության կամ ցուցամոլության: Մեր հասարակության ներկայացուցիչները մշտապես հնարավորություն են ունենալու այցելել զորամասեր, վստահ լինել զինվորների մարտական ոգու, զինատեսակների կատարյալ լինելու մեջ: Մենք ոչինչ չենք խնայելու, որ մեր տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է սահմանները անառիկ պահելու համար»,-շեշտել է նա:

Հաղորդավարի դիտարկմանը, թե 20 տարի է՝ պայմանական խաղաղություն է, և ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ արդեն բանակցում են, ի՞նչ ակնկալել բանակցություններից, նախագահը պատասխանել է.

«Ամենակոնկրետ արդյունքն արդեն 20 տարվա խաղաղությունն է: Այո´, վատ խաղաղություն է, փխրուն, և ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են, բայց խախուտ խաղաղությունը պատերազմից նախընտրելի է: Այո´, բանակցությունները դանդաղ են ընթանում, և մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց ոչ ամեն գնով ու ցանկացած պայմանով»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ այլ:

«Բնական է, որ այդ տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է առաջացնում, ու պատահական չէ, որ հասնելով ամեն փուլի՝ Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես գալիս: Անհրաժեշտ է, որ հստակեցվի մի հանգամանք՝ մենք նույն կերպ պետք է հասկանանք սկզբունքները: Շնորհակալ ենք համանախագաներին՝ ներդրած ջանքերի համար, ի վերջո՝ այս խաղությունը առաջին հերթին՝ մեզ է պետք: Այստեղ ջանքերի ավելացման խնդիր կա»,-ասել է նախագահը:

Նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերին` խոսելով ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջի մասին: Հայաստանի ղեկավարը ծանոթացել է ներկայացված պահանջներին և կարծում է, որ փաստաթուղթը կազմողները մի քիչ շտապողականություն են ցուցաբերել ու որոշակի լեզվաշարադրական բացթողումներ արե;: Նա նշել է, որ եթե քառյակի նպատակը գործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն «պարտադրում ենք», «պահանջում ենք» բառերը:

«Համզված եմ, որ ընդդիմությունը ցանականում է գործակցել, որ միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Արդեն հորդորել եմ կուսակից ընկերներիս ու Կառավարությանն ուշադիր ուսումնասիրել ու այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում՝ իմ նախընտրական ծրագրում կամ Կառավարության արդեն հաստատված ծրագրում, արագ առաջ տանել, բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդ՝ այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, պետք է քննարկվեն հեղինակների հետ և գան ընդհանուր հայտարարի»,- ասել է նախագահը:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հունիսի 10-ին հրապարակել են իրենց` 12 կետից բաղկացած պահանջագիրը:

Շարունակելով սահմանադրական բարեփոխումների թեման, նախագահն ընդգծել է, որ այս հարցում կարևորագույն խնդիրը մասնագետների ակտիվ մասնակցություն է:

«Շատերն ասում են, որ քաղաքական փաստաթուղթ է, և դրանով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Համաձայն լինելով ասվածի հետ, այնուհանդերձ, կարծում եմ, որ առաջին հերթին՝ Սահմանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, և այստեղ առանց մասնագետների կարող ենք մեծ խնդիրների առջև կանգնել: Այս մասով մասնագետների ընդգրկմամբ, քննարկումների ծավալով ու հաճախականությամբ գրեթե բավարարված եմ: Ցանկանում ենք, ընդգրկելով հանրության լայն շրջանակներին, ստանալ մի փաստաթուղթ, որը կապահովի մեր երկրի առաջընթացը: Երրորդ խնդիրը՝ թեև դժվար է հնարության լայն զանգվածներին հասցնել այդ փաստաթղթի մանրամասները, բայց կարծում եմ, որ այստեղ էլ անելիք ունենք, և պետք է քննարկման շրջանակներն ընդլայնել: Դրանք հիմա միայն Երևանում են լինում, բայց պետք է լինեն մարզերում, համայնքներում»,- ասել է նա:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է, որով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան հրավիրելու իր հայտարարությանը: Մասնավորապես` հարցին, թե ինչպես կընդունվի այդ հրավերը Գյուլի կողմից, նշել է. «Աբդուլլահ Գյուլը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չի ունենա այդ հարց քննարկելու երբ ժամանակը գա, քանի որ հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, և որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը երկու շաբաթ: Բայց գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է և շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»:

2015-ի ապրիլի 24-ին կգա՞ Թուրքիայի հաջորդ ընտրված նախագահը Երևան, թե՝ ոչ, Սերժ Սարգսյանը նշել է, որ կիմանանք ընտրություններից հետո կամ ապրիլի 24-ի նախօրյակին, գրում է Panorama.am-ը:

Մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստին Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015-ի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here