Պարտադիր կուտակայինը սոցիալական վճար դարձնող օրինագծի քվեարկությունը տապալվել է. Քվորում չկար

0
194

PanARMENIAN.Net«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները հունիսի 18-ին ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ Դեմիրճյան փողոցի կողմից, և քննարկում էին մուտքը փակելու հարցը: ԱԺ նիստում քննարկման էր դրված նաև կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:

Նախաձեռնության անդամները նախագծում առաջ քաշված դրույթները համարում են հակասահմանադրական, բացի այդ նշում, որ իրենց արած առաջարկություններից և ոչ մեկն ընդգրկված չեն այդտեղ, գրում է Panorama.am-ը:

ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Այն վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով:

Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, համաձայն որոնց` 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար): Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին, որտեղ Կառավարության ներկայացրած մի քանի կարևոր նախագիծ պետք է քննարկվեր, ոչ իշխանական պատգամավորները դժգոհություն են հայտնել, որ օրակարգում են մի շարք կարևոր նախագծեր, որոնք չեն հասցրել ուսումնասիրել: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն առաջարկել է Գալուստ Սահակյանին դիմել Կառավարությանը, որպեսզի հետ կանչեն նրանցից մի քանիսը, պատգամավորներն էլ ուսումնասիրելու ժամանակ ունենան:

Նա նշել է, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է հանրային քննարկումներ, որոնց ժամկետը չի կարող 15 օրից պակաս լինել: Սակայն այս դեպքում նախագծերը ոչ միայն 15 օրվա ռեժիմը չեն պահպանել, այլև ընդհանրապես հրապարակված չեն:

Սակայն, ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, օրենքի խախտում չկար:

Նույնպես դեմ արտահայտվելով նախագծերի քվերակության դրվելուն` Լևոն Զուրաբյանն առաջարկել է հայտարարել 20 րոպե ընդմիջում և այդ ընթացքում կազմակերպել խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպում ԱԺ նախագահի հետ: Ընդմիջումից հետո նախագծերն այնուամենայնիվ դրվել են քվեարկության, սակայն քվորում չի ապահովվել, քանի որ ոչ իշխանական կուսակցությունները հրաժարվել են մասնակցել քվեարկությանն ու անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն քվեարկել է 64-ը:

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի անդամները «Դ!ԵՄ ԵՄ» թիմի ակտիվիստներին տեղեկացրել են, որ քառյակը տապալել էպարտադիր կուտակայինը նպատակային սոցիալական վճար դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի: «Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է քննարկման, Սահմանադրությանը չի համապատասխանում, առավել ևս, որ դրա մասին որևէ պատգամավոր տեղյակ չէ, չեն կարող քննարկել»,-ասել է նա։

«Քառյակը փորձեց տապալել, մեզ հաջողվեց երկու քվեարկություն ձախողել, ինչը պարտադրեց մեծամասնությանը, որ իրենք այլևս որևէ հարց չդնեն այսօր քվեարկության, փորձեն անցնել օրակարգային հարցերի քննարկմանը»,–հավելել է նա։

Թե այդ գործընթացն ինչ ընթացք կունենա, Արծվիկ Մինասյանը նշել է, որ դժվարանում են այս պահին պատասխանել, բայց վստահ է, որ իրենք բոլորն այդ հարցում միասնական են և փորձելու են թույլ չտալ հարցի քննարկումը և քվեարկությունն առնվազն այնքան ժամանակ, քանի չի հրապարակվել նախագիծը և հանրությունը ծանոթ չի փաստաթղթին:

«Նաև քաղաքական պահանջները չեն իրացվել այդ փաստաթղթում, ու այդ փաստաթուղթը չի համապատասխանեցվել բարձր դատարանի որոշման պահանջներին»,-նշել է նա:

ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ առաջին անգամ հաջողվեց տապալել քվեարկությունը. «Նման բան չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա ինչ-որ հարց չանցկացնել: Փաստը մնում է փաստ, որ նրանք հիմա մնացել են մեծամասնության շեմի վրա, այսինքն՝ ցանկացած պահի իրենք կարող են քվորումի խնդիր ունենալ, հիմա իրենք զբաղված են իրենց պատգամավորներին հավաքելով», գրում է Tert.am-ը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, այսինքն՝ քննարկելու որևէ նյութ չկա: Իսկ եթե ՀՀԿ-ն բերի էլ իր պատգամավորներին, ցանկացած քվեարկությունը կտեղափոխվի վաղը:

Այսօր ավելի վաղ մամուլի ասուլիսում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններում կան բազմաթիվ թերացումներ, կրկին չի ապահովվում կամավորության սկզբունքը:

«Մենք դատապարտում ենք կառավարության այդ գործելաոճը, որ առանց քննարկման, հանրային կարծիքը հաշվի առնելու, նախագիծ են մշակել, որով կրկին աշխատողի կամքը հաշվի չի առնում»,- ասել է նա:

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ նշել է, որ իրենց ներկայացրած առաջարկությունները կառավարությունը հաշվի չի առել. «Մենք ներկայացրել էինք առաջարկեր, վարչապետը խոստացել էր, որ կլսի մեր առաջարակները: Իսկ մենք առաջարկում էինք՝ համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր, համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից, համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։ Այս նոր նախագիծը կրկին հակասահամանդրական է: Եթե այն ընդունվի, օրենքի ուժ ստանա, մեր ութ ամսվա պայքարը, ժողովրդի կամքը ոտնահարվելու է»:

Ի պատասխան «Դ!ԵՄ ԵՄ»-ի այս հայտարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նոր առաջարկով խնդիրներին լուծում են տրվում։

«Մեր բոլոր աշխատանքները, ինչ-որ իրականացվել են՝ նպատակաուղղված են եղել խնդիրների լուծմանը, և ես կարծում եմ՝ դրանցով խնդիրներին լուծում է տրվում»,-նշել է նա։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here