Վրաստանի հետ գործընկերությունը գերակայություն է. Սերժ Սարգսյան

0
152

Սիվիլնեթ

Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հունիսի 18-ին այսպիսի հայտարարություն է արել պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը` ամփոփելով Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքները:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ»,- ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ թե՛ 2013-ին, թե՛  ընթացիկ տարում գրանցվել է երկկողմ առևտրաշրջանառության աճ:

«Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով`  իրենք Վրաստանի նախագահի հետ միակարծիք են, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Սերժ Սարգսյանը վերջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում եղել էր 2011թ․ նոյեմբերին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here