Բերման է ենթարկվել բողոքի ավտոերթի չորս մասնակից

0
139

Սիվիլնեթ

«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը հունիսի 19-ին` ժամը 12:30-ից, Երևանի Արշակունյաց պողոտայից սկսել է բողոքի իր հերթական ավտոերթը: Ինչպես տեղեկացնում է ՍիվիլՆեթի թղթակիցը ակցիայի վայրից, արդեն տուգանային հրապարակ է տարվել չորս մեքենա, ինչպես նաև բերման է ենթարկվել չորս քաղաքացի` Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանի հրամանով` առանց հիմնավորման:

Ակցիան շարունակվում է: Ժամը 14:40-ի սահմաններում ավտոերթի մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակում են: Ներկայում ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է` ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից ՍիվիլՆեթին խոստացան բերման ենթարկվածների վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում ներկայացնել:

Նախաձեռնության ավելի վաղ տարածած հայտարարության համաձայն` ավտոերթի մասնակիցները պահանջում են` «վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ճանապարհային ոստիկանության վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ»:

«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը մինչ այս երեք ավտոերթ է անցկացրել: ՍիվիլՆեթի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ` առաջին, երկրորդ, երրորդ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here