«Դուրս մեր գրպանից». Ոստիկանները չեն արտոնել երթը, բերման են ենթարկել մասնակիցներին ու տուգանել

0
157

PanARMENIAN.Net – Կարմիր գծերի, արագաչափերի ու տեսախցիկների դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» քաղնախաձեռնությունը հունիսի 19-ին հերթական երթն է կազմակերպել, որը հենց սկզբից ոստիկանները չեն արտոնել ու փակել են երթևեկությունը՝ թույլ չտալով մասնակիցներին շարժվել դեպի քաղաքի կենտրոն:

Նրանք պատճառաբանել են, թե ընդմիջման ժամ է, և երթը կարող է արհեստական խցանումներ առաջացնել: Ավտոերթի մասնակիցներն էլ պնդել են, որ իրենք պետք է այդ շարունակեն ճանապարհը, ձայնային ազդանշաններ են տվել և հայտարարել` դուրս չեն գա մեքենաներից մինչև այն չբացեն, գրում է Tert.am-ը:

Նախաձեռնության անդամները շարունակում են պնդել իրենց պահանջները, որոնք չորսն են.

1. վերացնել կարմիր գծերը,

2. հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,

3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,

4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր, ընդունելի կանոնակարգ:

«Մենք Պանթեոնի դիմացի այգուց սկսեցինք ակցիան և ցանկանում էինք ավտոերթով Արշակունյաց պողոտայով շարժվել դեպի կենտրոն, սակայն ոստիկանները արգելեցին և արգելափակեցին ճանապարհը»,- ասել է ակցիայի մասնակից Հայկ Ավետիսյանը` հավելելով, որ իրապավահների պահանջներին չենթարկվելու համար «Դուրս մեր գրպանից» ակցիայի երեք մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ 5 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124 հոդվածի 22 կետով (Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, տուգանք` 10000 դրամ) և մեկ անձի` 182 հոդվածի (Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, տուգանք` 10.000- 50.000 դրամ) հատկանիշներով:

«Ոստիկանները մոտեցել են և փորձել ուժ կիրառել, իսկ երբ ակտիվիստները պահանջել են իրենց չհրել, ոստիկանները ակտիվիտներին բերման են ենթարկել»,- նշել է Ավետիսյանը, գրում է Panorama.am-ը:

Իր հերթին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել է, որ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության ժամանակավոր պահպանման վայր, իսկ ակցիայի մասնակիցները վարչական բերման են ենթարկվել ոստիկանություն՝ հասարակական կարգը խախտելու և ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար:

«Դուրս մեր գրպանից» ակցիայի ընթացքում Արշակունյանց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղելև ճանապարհային ոստիկանությունը փակել է ճանապարհի մի հատվածը: Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, որն էլ համակարգում էր ակցիայի հետևանքով գոյացած խցանման վերացման գործողությունները: Քիչ անց ճանապարհային ոստիկանությունը բացել է երթևեկությունը և խցանումն ամբողջությամբ վերացվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:

Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարել վճարումները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here